Թերթաքարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GLMsed.jpg

Թերթաքարեր, տարբեր կազմի ձևափոխված ապարների մի խոշոր խմբի ընդհանուր անվանումը, որոնց բնորոշ է թերթայնությունը, այսինքն՝ նուրբ շերտիկների բաժանվելու հատկությունը։ Խիստ ձևափոխված թերթաքարերը կոչվում են բյուրեղային։ Ըստ կազմության լինում են քլորիտային, քվարց-սերիցիտային, տալկային, փայլարային։ Բնության մեջ լայնորեն տարածված են բիտումային կամ այրվող թերթաքարերը, որոնք ունեն մեծ գործնական նշանակություն։ Այրվող թերթաքարերը նուրբ թերթավոր, շագանակագույն, մոխրագույն կամ դեղին երանգներով նստվածքային ապարներ են, որոնք պարունակում են 10—80% օրգանական նյութ։ Թերթաքարերի բարակ շերտիկը վառվում է լուցկով՝ արձակելով այրվող ռետինի յուրահատուկ հոտ։ Այրվող թերթաքարերի օրգանական բաղադրամասն առաջանում է ջրում, օդի համարյա լրիվ բացակայության պայմաններում և բուսական ու կենդանական պլանկտոնի նեխման պրոցեսում, ծովային ավազանների մերձափնյա ծանծաղուտներում կամ լճերում։ Որոշ թերթաքարերում հանդիպում են ջրիմուռների կուտակումներ, որոնք վկայում են նստվածքի սապրոպելիտային տիղմին պատկանելու մասին։ Բարձրակարգ բույսերի մնացորդները, որոնք առկա են համարյա բոլոր այրվող թերթաքարերում, առաջացնում են վերջիններիս հումուսային բաղադրամասը։ Այրվող թերթաքարերի խոշորագույն հանքավայրեր հայտնի են Մերձբալթիկայում (կուկերսիտներ), Բելոռուսիայում, Ուկրաինայում, Ուզբեկիստանում, Ցակուտիայում, արտասահմանում՝ Շվեդիայում, Շոտլանդիայում, ԱՄՆում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր։

Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում կավային թերթաքարեր տարածված է Ուրծի, Վայքի ու Մեղրու լեռնաշղթաներում, Տավուշի մարզում, փոխակերպային բյուրեղային թերթաքարեր՝ Ծաղկունյաց լեռնաշղթայում։ Օգտագործվում է որպես շինանյութ, օրգանական նյութերով հարուստ տեսակները (այրվող թերթաքար)՝ վառելանյութ, բյուրեղային թերթաքարեր՝ գրաֆիտի ու փայլարի հումք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png