Ծնվել է տոհմիկ ազնվականի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստանալուց հետո սովորել է Քութայիսի դասական գիմնազիայում, որից հետո ավարտել է Վլադիկավկազի գիմնազիան[2]
Սովորել է Խարկովի համալսարանում, այնուհետև՝ Ավստրիայում, Գերմանիայում։ 1907 թվականին ավարտել է Լեոբենի (Ավստրիա) լեռնային ակադեմիան և վերադարձել հայրենիք։ 1907-1912 թվականներին Քութայիսիի գիմնազիայում դասավանդել է գերմաներեն, 1923 թվականից մինչև կյանքի վերջը մանկավարժական գործունեությունը շարունակել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես օտար լեզուների ամբիոնի վարիչ[2]։ 1921-1924 թվականներին եղել է Վրաստանի արվեստի աշխատողների միության նախագահը։
«Վրաստանը վաճառվում է» (1910), «Ահեղ տիրակալ» (1912), «Ասպետներ» (1912) պատմվածքներում և «Խառնակ ժամանակներ» (1914-1919) վիպակում Նիկոն խարազանել է բուրժուազիայի և ավատական արիստոկրատիայի բարքերը։ «Քանդված բներ» (1916) նովելների շարքը պատկերում է այլասերվող ազնվականության կյանքը։ «Արահետներից՝ ռելսերի վրա» (1928) պատմահեղափոխական վիպակն ազատության համար վրաց. ժողովրդի պայքարն է։ Հայրենական պատերազմում սովետական մարդկանց հերոսության մասին են «Չնվաճվածները» (1943) և «Նախկին գերու վերադարձը» (1944) վիպակները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 668)։