Նիկոլայ Իգնատև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկոլայ Պավլովիչ Իգնատև (1832-1908), ռուս դիվանագետ և պետական գործիչ, կոմս, գեներալ։ Դիվանագիտական ծառայության մեջ է եղել 1856 թվականից (Լոնդոն, Պեկին), 1861-1864 թթ.՝ Իզմիրի արտգործնախարարության Ասիական դեպարտամենտի տնօրեն, 1864-1877 թթ.՝ դեսպանորդ, ապա՝ դեսպան Թուրքիայում։ 1875-1877 թթ. արևելյան ճգնաժամի ընթացքում խիստ դիրքորոշում է ունեցել թուրքական կառավարության նկատմամբ, որը առանձնապես դրսևորվել է Կ. Պոլսի 1876-1877 թթ. միջազգային կոնֆերանսում՝ ի պաշտպանություն բալկանյան սլավոնների։ Մեծ ազդեցություն է ունեցել սուլթան Աբդուլ Ազիզի վրա, ինչի համար հորջոջվել է «երկրորդ սուլթան»։ Ռուսաստանի շահերին ծառայեցնելու ակնկալությամբ կարևոր դեր է խաղացել Գևորգ Քերեստեջյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս ընտըրվելու հարցում և ապարդյուն փորձել նրա միջոցով ազդել Կ. Պոլսի հայ հոգևոր և աշխարհիկ արևմտամետ ղեկավարության վրա։ Եղել է 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի նախագծի հեղինակն ու Ռուսաստանի գլխավոր լիազորը նրա ստորագրման ժամանակ։ Պայմանագրի կնքման նախօրեին սերտ հարաբերությունների մեջ է եղել Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հետ և անձամբ ձևակերպել 15-րդ կետը՝ հայերի պահանջած «Հայաստանի ինքնավարությունը» փոխարինելով «տեղական պահանջներից բխող բարեփոխումներ» և այլն անորոշ արտահայտություններով։ Եվ, ինչպես հետագայում խոստովանել է իր «Հիշատակարանում», 16-րդ հոդվածը նա գրել է ոչ թե թուրքահայերի, այլ ռուս դիվանագիտության համար. «Հայերի համար շատ նշանակալից էր, որ Օսմանյան կայսրության գոյության օրվանից ի վեր առաջին անգամ հիշատակվում էր նրանց մասին, իսկ Բարձր դուռը հրապարակորեն ճանաչում էր հայ ազգի գոյությունը Ասիական Թուրքիայում» (Гр. Н.П. Игнатьев, "СанСтефано", "Исторический вестник", 1915, с. 59-60)։

Գրականություն[խմբագրել]

  • Записки графа Н. П. Игнатьева о СанСтефано, П., 1916.

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png