Նապոլեոն III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Franz Xaver Winterhalter Napoleon III.jpg

Նապոլեոն III (Napoleon), Շարլ Լուի Նապոլեոն Բոնապարտ ( (ֆր.՝ Charles Louis Napoléon Bonaparte), 1808թ. ապրիլի 20 - 1873թ. հունվարի 9), Ֆրանսիայի կայսր (1852 - 1870), Նապոլեոն I-ի եղբոր՝ Լուի Բոնապարտի որդին։

1815-ից եղել է տարագրության մեջ։ Նապոլեոն I-ի որդու՝ Ռայխշտադի դքսի, մահից (1832) հետո բոնապարտիստների կողմից ճանաչվել է որպես ֆրանսիական գահի «օրինական» հավակնորդ։ Խռովության միջոցով քանիցս փորձել է զավթել իշխանությունը։ 1840-ին ֆրանսիական կառավարությունը նրան դատապարտել է ցմահ բանտարկության։ 1846-ին փախել է Անգլիա, 1848-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ֆրանսիա։ Օգտվելով ստեղծված բարենպաստ սոցիալական և քաղաքական պայմաններից՝ 1848-ին Նապոլեոն III-ը կարողացել է ընտրվել հանրապետության պրեզիդենտ։ 1852-ին զինվորականության օգնությամբ կատարել է պետական հեղաշրջում և հռչակվել կայսր՝ Նապոլեոն III անունով։

Նապոլեոն III-ի կառավարությունը պատերազմներ է մղել Ավստրիայի, Հնդկաչինի, Սիրիայի, Մեքսիկայի դեմ, մասնակցել Ղրիմի պատերազմին (1853 - 56)։ Երկրորդ կայսրության արտաքին քաղաքական անհաջողությունները և մասնավորապես ֆրանս-պրուսական պատերազմը (1870 - 1871), արագացրին կայսրության կործանումը։ 1870-ին Սեդանի ճակատամարտում Նապոլեոն III-ը գերի հանձնվեց պրուսացիներին։ Փարիզում 1870-ի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը գահընկեց արեց Նապոլեոն III-ին։ 1871-ի Ֆրանկֆուրտի պայմանագրով Նապոլեոն III-ը ազատվել է գերությունից և մինչև կյանքի վերջը ապրել Անգլիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png