Յոզղատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոզղատ, գավառ Թուրքիայում` Անկարայի նահանգում, Փոքր Ասիայի կենտրոնական մասում, Պոնտոսի լեռնաշղթայի արևելյան հատվածում։ Կենտրոնը՝ Յոզղատ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 48 հայաբնակ գյուղ 75,5 հազար հայ բնակչությամբ։ 1914 թ. հոկտեմբերին գավառի 18-45 տարեկան հայ տղամարդիկ զորակոչվել են թուրքական բանակ և կոտորվել 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ։

Նախապատրաստելով հայերի կոտորածը՝ թուրքական կառավարությունը Անկարայի նահանգապետ (վալի) է նշանակել հայատյաց Աթըֆին, Յոզղատի փոխգավառապետ՝ Քեմալին։ Բանտերից արձակված մոտ 3000 քրեական հանցագործների զինել են և երիտթուրքական սպաների ղեկավարությամբ ուղարկել հայերին կոտորելու։ Ըստ նախապես մշակված ծրագրի` 1915 թ. հուլիսին թուրքական ոստիկանությունը զինաթափել է շրջափակված հայկական գյուղերի բնակիչներին, հավաքել և ոչնչացրել մնացած տղամարդկանց, որից հետո հայերի վրա հարձակված մահմեդական սպառազեն խուժանն սկսել է թալանը, խոշտանգումներն ու բռնաբարությունները։ Յոզղատի Բուրն Գըշլան հայաբնակ գյուղում 20 hազարանոց թուրք ամբոխը հայերից պահանջել է մահմեդականություն ընդունել, նրանց մի մասին հավաքել է մահմեդական դրոշի տակ և ոչնչացրել։ Գյուղի եռօրյա թալանից հետո 120 հայի կացիններով խոշտանգել են ջրաղացների մոտ, բռնությամբ տեղահանված կանանց, երեխաների մեծ մասին կոտորել մոտակա ձորում։

Օգոստոսի 1-ին Յոզղատ քաղաքի շուկայում սկսվել է տեղի հայերի կոտորածը։ Փակվել են քաղաքի կամուրջներն ու մուտքերը, ձերբակալված հայ մտավորականներին երկու օր անց հոշոտել է թուրքական զինված խուժանը, որից հետո հայ բնակիչներին բռնությամբ տեղահանել են, շատերին բարբարոսաբար սպանել Տետե Սումլո գյուղի մոտ և Կըզըլ Ըրմակի կամրջի վրա։ Փոխգնդապետ Քեմալի մասնակցությամբ հայերի իսկական սպանդ է տեղի ունեցել Յարա դերեսի ձորում, որտեղ, թալանելով նրանց քարավանները, տղամարդկանց կապկպել են և սպանել։ Ականատեսի վկայությամբ, անօգնական հայերին գազանաբար խոշտանգել են, կացին ներով անդամահատել, ծվատել նորածիներին և մանկահասակ երեխաներին։ Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության, սակայն չեն կարողացել կանխել ջարդը, որի հետևանքով գավառի հայ բնակչության 97%-ը կոտորվել է։

Թուրքական զինվորական դատարանը 1919-ին մահապատժի է դատապարտել Քեմալին, որի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ սպանվել էր 30 հազար հայ։ Դատավարության ընթացքում վկայակոչվել են Յոզղատի հայերի զանգվածային ոչնչացման և նրանց նկատմամբ իրականացված վայրագությունների բազմաթիվ փաստեր։

Գրականություն[խմբագրել]

  • Հուշամատեան Մեծ եղեռնի, Բեյրութ, 1965։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png