Մուստաֆա Սուբխի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուստաֆա Սուբխի

Սուբխի Մուստաֆա (թուրք.՝ Mustafa Suphi, 18821921), Թուրքիայի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) հիմնադիրներից։ 1906 թվականին ավարտել է Ստամբուլի իրավաբանական դպրոցը, ապա Սորբոնի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետը։ 1910 թվականին մտել է Օսմանական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1913 թվականին բանտարկվել է, որտեղից փախել է Ռուսաստան։ 1914 թվականին, որպես թուրքահպատակ, ներկալվել և աքսորվել է Ուրալ։ 1915 թվականին մտել է ՌՄԴԲ(բ)Կ շարքերը և հեղափոխական աշխատանք տարել թուրք ռազմագերիների շրջանում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո կուսակցական հանձնարարություններ է կատարել Մոսկվայում, Կազանում, Ղրիմում, Տաշքենդում։ 1918 թվականին հիմնադրել է «էնի Դյունյա» («Նոր աշխարհ») թերթը։ Մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսին (1919) և Արևելքի ժողովուրդների I համագումարին (1920)։ 1919 թվականի ամռանը Ուկրաինայում մարտնչել է դենիկինա-պետլյուրական բանդաների դեմ։ ԹԿԿ I համագումարի հրավիրման (1920, Բաքու) կազմակերպիչներից է, որտեղ ընտրվել է ԹԿԿ նախագահ։ Հայրենիք վերադառնալուց հետո, ԹԿԿ ԿԿ-ի 14 այլ անդամների և կուսակցության ակտիվիստների հետ ձերբակալել և խեղդել են ծովում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png