Կոմունիստական ինտերնացիոնալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմունիստական ինտերնացիոնալ, III Ինտերնացիոնալ, միջազգային կազմակերպություն, ստեղծվել է հեղափոխական բանվորական շարժման պահանջներին և խնդիրներին համապատասխան, կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի առաջին փուլում, որպես I Ինտերնացիոնալին հաջորդող և II Ինտերնացիոնալի լավագույն ավանդույթների ժառանգորդ։ II Ինտերնացիոնալի կրախից հետո բոլշևիկները, Վլադիմիր Իլյիչ Լենինի գլխավորությամբ, առաջ քաշեցին նոր՝ օպորտունիզմից մաքրված III Ինտերնացիոնալի ստեղծման խնդիր և լայն պայքար ծավալեցին սոցիալ-դեմոկրատական կուսակցություններում եղած ձախ խմբերի համախմբման համար։ Նոր Ինտերնացիոնալի ստեղծման նախադրյալներն էին Վլադիմի Իլյիչ Լենինի մշակած կոմունիստական շարժման գաղափարա-քաղաքական սկզբունքները և տեսական հիմունքները։ Ձախ սոցիալ-դեմոկրատների համախմբման գործում կարևոր ներդրում էր Վլադիմիր Իլյիչ Լենինի և նրա համախոհների մասնակցությունը Ցիմերվալդյան և Կինտալի կոնֆերանսներին (տես Ցիմերվալդյան կոնֆերանս 1915, Կինաաչի կոնֆերանս 1916), Ցիմերվալդյան միավորման մեջ Ցիմերվալդյան ձախի ստեղծումը, պատերազմի, հեղափոխության և խաղաղության հարցերի մասին բոլշևիկյան հայացքների պրոպագանդումը։ Սակայն կոմունիստական Ինտերնացիոնալի ստեղծումը հաջողվեց միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո։ Բանվորական և ազգային-ազատագրական շարժման հզոր վերելքի պայմաններում մի շարք երկրներում ստեղծվեցին կոմունիստական կուսակցություններ։ 1919 թվականի հունվարին Լենինի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Մոսկվայում տեղի ունեցավ Սովետական Ռուսաստանի, Հունգարիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Լատվիայի, Ֆինլանդիայի կոմկուսների, ինչպես նաև Բալկանյան հեղափոխական սոցիալ-դեմոկրատական ֆեդերացիայի և ԱՄՆ-ի սոցիալիստական բանվորական կուսակցության ներկայացուցիչների խորհրդակցություն։ Այն քննարկեց հեղափոխական պրոլետարական կուսակցությունների ներկայացուցիչների միջազգային կոնգրեսի հրավիրման հարցը, դիմեց Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Ավստրալիայի երկրների 39 հեղափոխական կուսակցություններին, խմբերին ն հոսանքներին՝ կոչ անելով մասնակցել նոր Ինտերնացիոնալի հիմնադիր կոնգրեսին, մշակեց նրա պլատֆորմի նախագիծը։

I (հիմնադիր) կոնգրես[խմբագրել]

1919 թվականի մարտի 2-6-ը Մոսկվայում տեղի ունեցավ Կոմունիստական Ինտերնացիոնալի I (հիմնադիր) կոնգրեսը. մասնակցում էր 52 պատգամավոր՝ աշխարհի 21 երկրների 35 կուսակցություններից ու խմբերից։ Կոնգրեսը հավանություն տվեց բուրժուական դեմոկրատիայի և պրոլետարիատի դիկտատուրայի մասին Լենինի թեզիսներին, հաստատեց Կոմինտերնի պլատֆորմը և ամբողջ աշխարհի պրոլետարներին դիմեց մանիֆեստով, որը վճռական պայքարի կոչ էր անում հանուն պրոլետարիատի դիկտատուրայի, հանուն սովետների հաղթանակի՝ բոլոր երկրներում։

II կոնգրես[խմբագրել]

II կոնգրեսը տեղի ունեցավ 1920 թվականի հուլիսի 19-ին, Պետրոգրադում, հուլիսի 23-ից օգոստոսի 17, Մոսկվա, որին մասնակցում էր 217 պատգամավոր՝ 37 երկրների 67 կազմակերպություններից, այդ թվում՝ 27 կոմկուսակցություններից։ Լսելով Լենինի զեկուցումները, կոնգրեսն ընդունեց բանաձև պրոլետարական հեղաՓոխության մեջ կոմկուսի դերի մասին, հաստատեց Կոմունիստական Ինտերնացիոնալի կանոնադրությունը, սահմանեց նրա մեջ ընդունվելու 21 պայմանները։ Կոնգրեսը հեղափոխական Ռուսաստանը պաշապանելու կոչով դիմեց բոլոր երկրների բանվորներին։ Կոմինտերնի սկզբունքները չնդունող կուսակցությունները 1921 թվականին Վիեննայում հիմնեցին սոցիալիստական կուսակցությունների միջազգային բանվորական միավորումը, որը հայտնի է «Ինաերնացիոնաւ 21/շ» անվամբ։ 1923 թվականին այն, Բեռնի II Ինտերնացիոնալի հետ ձուլվելով՝ կազմեց Սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալը։

III կոնգրես[խմբագրել]

III կոնգրեսը տեղի ունեցավ 1921 թվականի հունիսի 22-ից հուլիսի 12-ը, Մոսկվայում, որին մասնակցում էր 605 պատգամավոր՝ 103 կուսակցություններից և կազմակերպություններից, այդ թվում՝ 48 կոմկուսակցություններից։ Կոնգրեսը հավանություն տվեց ՌԿ(բ)Կ տակտիկայի մասին Լենինի զեկուցմանը։ Կոնգրեսը նշեց կապիտալի երկրներում հեղափոխական պայքարի ժամանակավոր անկման սկիզբը և մատնանշեց, որ սոցիալ-դեմոկրատիզմը, որպես բուրժուազիայի գլխավոր սոցիալիստական հենարան, օգնում է կապիտալիզմի և բուրժուազիայի տիրապետության պահպանմանը։ Կոմունիստների առջև խնդիր դրվեց իրենց կողմը գրավել պրոլետարիատի մեծամասնությանը, առանց որի հնարավոր չէ տապալել կապիտալի տիրապետությունը և հաստատել պրոլետարիատի դիկտատուրա։ Այն առաջ քաշեց «դեպի մասսաները» լոզունգը, մշակեց միասնական բանվորական ճակատ ստեղծելու տակտիկան։

IV կոնգրես[խմբագրել]

IV կոնգրեսը տեղի ունեցավ 1922 թվականի նոյեմբերի 5-ին, Պետրոգրադում, նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 5-ը, Մոսկվայում, որին մասնակցում էր 408 պատգամավոր՝ աշխարհի 58 երկրների 66 կուսակցություններից և կազմակերպություններից։ Այն շարունակեց III կոնգրեսում արծարծված մի շարք հարցերի քննարկումը։ Լենինը հանդես եկավ «Ռուսաստանի հեղափոխության հինգ տարին և համաշխարհային հեղափոխության հեռանկարները» զեկուցումով։ Նէպի և Սովետական Ռուսաստանի օրինակով Լենինը ցույց տվեց, թե ինչպես կարելի է օգտագործել ժամանակավոր նահանջը կապիտալիզմի դեմ նոր հարձակում նախապատրաստելու համար։ Նշելով կապիտալի երկրներում ռազմականացման ուժեղացումը և ֆաշիզմի վտանգը՝ կոնգրեսը հիմնավորեց ֆաշիզմի դեմ պայքարի՝ միասնական բանվորական ճակատի տակտիկան։

V կnնգրեu[խմբագրել]

V կnնգրեuը տեղի ունեցավ 1924 թվականի հունիսի 17-ից հուլիսի 8-ը, Մոսկվայում, որին մասնակցել է 504 պատգամավոր՝ 49 կոմկուսից, մեկ ժողովրդա-հեղափոխական կուսակցությունից, 10 միջազգային կազմակերպություններից։ Կոնգրեսը, ընդհանրացնելով 1918-1923 թվականների դասակարգային մարտերի փորձը՝ գլխավոր խնդիր համարեց կոմկուսակցությունների բոլշևիկացումը՝ նրանց կողմից բոլշևիզմի գաղափարական, կազմակերպական և տակտիկական սկզբունքների տիրապետումը, անհաշտ պայքարը մարքսիզմլենինիզմից կատարվող թեքումների դեմ, ամենասերտ կապը մասսաների հետ։ Քննարկելով ՌԿ(բ)Կ-ում ներկուսակցական դիսկուսիայի հարցը՝ կոնգրեսը դատապարտեց տրոցկիզմը՝ բնութագրելով այն որպես մանրբուրժուական թեքում միջազգային բանվորական շարժման մեջ։

VI կոնգրես[խմբագրել]

VI կոնգրեսը տեղի ունեցավ 1928 թվականի հուլիսի 17-ից սեպտեմբերի 1-ը, Մոսկվայում, որին մասնակցել է 515 պատգամավոր՝ 57 երկրների 65 կազմակերպություններից, այդ թվում՝ 50 կոմկուսակցություններից։ Նշվեցին սոցիալիստական շինարարության նվաճումները ԽՍՀՄ-ում, ընդգծվեց դրանց դերը միջազգային պրոլետարիատի հեղափոխական շարժման զարգացման մեջ։ Տալով միջազգային դրության մարքս-լենինյան գնահատականը՝ այն կոմկուսակցությունների աոջև խնդիր դրեց վճռականորեն պայքարել խաղաղության, ԽՍՀՄ պաշտպանության ամրապնդման համար, աջակցել գաղութային ժողովուրդների ազատագրական պայքարին։ Կոնգրեսը կոչ արեց պայքար մղել երկու ճակատով՝ ինչպես տրոցկիստների, այնպես էլ աջ կապիտուլյանտների դեմ։ Ընդունվեց Կոմինտերնի ծրագիրը և կանոնադրությունը։

VII կոնգրես[խմբագրել]

VII կոնգրեսը կայացավ 1935 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 20-ը, Մոսկվայում, մասնակցել է 513 պատգամավոր՝ 65 կոմկուսակցություններից, ինչպես նաև այլևայլ միջազգային կազմակերպություններից։ «Ֆաշիզմի հարձակումը և Կոմունիստական Ինտերնացիոնալի խնդիրները ֆաշիզմի դեմ բանվոր դասակարգի միասնության համար պայքարում» զեկուցումով հանդես եկավ Դ. Մ. Դիմիտրովը։ Առաջ քաշվեց պրոլետարական միասնության հիման վրա հակաֆաշիստական ժողովրդական ճակատ ստեղծելու խնդիրը։ Անհրաժեշտ համարվեց ստեղծել նաև հակաիմպերիալիստական միասնական ճակատ՝ գաղութային ու կախյալ երկրներում։ Կոմունիստական Ինտերնացիոնալը և նրա բաժանմունքները համախմբեցին իրենց ուժերը ֆաշիզմի և իմպերիալիստական պատերազմի դեմ պայքարում։ Հետագա պայքարի փորձը ցույց տվեց, որ հակահիտլերյան կոալիցիայի մեջ մտնող կապիտալիստական երկրներում առաջադիմական ուժերի միավորումը, ֆաշիզմի ու ռեակցիոն ուժերի դեմ մասսաների մոբիլիզացումը ավելի հաջող իրագործել կարող են յուրաքանչյուր առանձին երկրի կոմկուսները՝ Կոմինտերնի շրջանակներից դուրս։ Անհրաժեշտ էր նաև վերջնականապես մերկացնել բուրժուական այն զրպարտությունը, թե իբր կոմկուսները ինքնուրույն չեն, այլ գործում են «դրսից տրվող հրամանով»։ Այդ ամենից ելնելով և հաշվի առնելով, որ Կոմինտերնը կատարել է իր պատմական խնդիրը՝ Կոմինտերնի ԴԿ նախագահությունը, 1943 թվականի մայիսի 15-ի որոշմամբ, Կոմինտերնը լուծարքի ենթարկեց։ Այդ որոշմանը հավանություն տվեցին բոլոր կոմկուսակցությունները։ Կոմունիստական Ինտերնացիոնալը կարևոր պատմական դեր խաղաց։ Այն վերականգնեց ու ամրապնդեց տարբեր երկրների աշխատավորների այն կապերը, որ խախտել էին սոցիալ-շովինիստները առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, մարքսիզմլենինիզմը պաշտպանեց օպորտունիստական գռեհկացումից ու աղավաղումից, նպաստեց երիտասարդ կոմունիստական ու բանվորական կուսակցությունների համախմբմանը, օգնեց առանձին երկրներում ղեկավար հեղափոխական կադրերի ձևավորմանը։

Կոմունիստական Ինտերնացիոնալի հիմնադիր կոնգրեսին այլ երկրների պատվիրակների հետ մասնակցել է նաև «Հայաստանի կոմունիստական կուսակցության» («ՀԿԿ») ներկայացուցիչ Գուրգեն Հայկունին, որը մինչ այդ մասնակցել էր Մոսկվայում հրավիրված՝ Կոմինտերնի հիմնադիր կոնգրեսի նախապատրաստական խորհրդակցություններին, «ՀԿԿ» ներկայացուցիչը Կոմունիստական ինտերնացիոնալի հիմնադիր կոնգրեսին ներկայացրել է գրավոր զեկուցագիր, որում տրվել է Հայաստանում և ամբողջ Անդրկովկասում տիրող սոցիալքաղական իրադրության վերլուծությունը, մերկացվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բուրժուա-ազգայնական կուսակցությունների դավաճանական քաղաքականությունը։ Նրանում շարադրվել է նաև «ՀԿԿ» ստեղծման պատմությունը, մատնանշվել այդ կուսակցության կազմակերպական ու քաղ-մասսայական աշխատանքը։ Ի թիվս 17 պատվիրակությունների ներկայացուցիչների, «Կոմունիստական Ինտերնացիոնալի մանիֆեստը ամբողջ աշխարհի աշխատավորներին» նշանավոր փաստաթղթի տակ ստորագրել է նաև «ՀԿԿ» պատվիրակը։ Կոմինտերնի II կոնգրեսին վճռական ձայնի իրավունքով մասնակցել է Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության պատվիրակությունը, իսկ խորհրդակցական ձայնի իրավունքով՝ «ՀԿԿ» ներկայացուցիչները՝ Վառլամ Ավանեսով և Ռուբեն Քաթանյան։ ՀԿ(բ)Կ պատվիրակությունը II կոնգրեսին ներկայացրեց զեկուցագիր, որտեղ վերլուծված էին Հայաստանի ներքին իրադրությունը, մատնանշված սովետական իշխանության համար մղվող պայքարի հեռանկարները։ Զեկուցագրին իբրև հավելված կցված էին նյութեր 1920 թվականի Մայիսյան ապստամբության վերաբերյալ։ Կոնգրեսի ընդունած մանիֆեստում մասնավորապես քննադատվում էր Հայաստանում դաշնակների տեռորիստական քաղաքականությունը։ Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության ներկայացուցիչները մասնակցել են Կոմինտերնի հետագա բոլոր կոնգրեսներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png