Մոռենի Զանգեզուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոռենի Զանգեզուրի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Տեսակ Մոռենի Զանգեզուրի
Լատիներեն անվանում
Rubus zangezurus


Մոռենի, մոշենի Զանգեզուրի (լատին․՝ Rubus zangezurus), վարդազգիների ընտանիքին պատկանող մոռենու ցեղի մինչև 1 մ բարձրությամբ փոքր ծածկասերմ թուփ։ Աղեղնաձև թեքված տարեկան ընձյուղները կանաչ են, արևի տակ կարմրող, անկյունավոր, ծածկված բազմաթիվ կարմիր փշերով։ Տերևները հնգամասն են, վերևի կողմից մերկ, ներքևից կարճ թաղիքամազմզուկապատ, տերևիկները ձվաձև են, երբեմն՝ էլիպսաձև, 9-10 սմ երկարությամբ, 5-6 սմ լայնությամբ, սրածայր, ատամնաեզր (պտղաբերող շիվերի վրա տերևները եռամասն են), ծածկված բազմաթիվ փշերով և գեղձամազիկներով։ Տերևակիցները գծանման են։ 3-4 սմ երկարությամբ ծաղկաբույլերը գագաթնային են և գտնվում են տերևածոցերում։ Պտուղը գնդաձև է, մինչև 1 սմ տրամագծով։ Բաժակաթերթիկները թաղիքամազմզուկապատ են, իսկ պսակաթերթիկները՝ վարդագույն։ Հայկական էնդեմ է, Հայաստանի սահմաններից դուրս չի հանդիպում։ Տարածված է Զանգեզուրում, միջին լեռնային գոտում, լեռնային կիրճերի թեքություններում, թփուտների մեջ, քարքարոտ վայրերում, սահմանափակ չափով։ Որպես հազվագյուտ տեսակ անհրաժեշտ է պահպանել և տարածել ամենուրեք[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է, ոչ շատ մազիկներով, վերևից առսեղմ տերևները բարդ են, կազմված 5 տերևիկներից, մոխրագույն թավամազոտ։ Ծաղկակիրների երկարությունը 50 սմ է, ծաղկաբույլի մասում թեթևակի գալարաձև և ակոսավոր նիստավոր է։ Մինչև վեր տերևակալած, 7 ծաղիկներով ծաղկաբույլը փոքր ի շատե նեղացած գագաթով է։ Պտուղները սև են, փայլուն, գնդաձև, 1 սմ տրամագծով, պսակաթերթերը վարդագույն են[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Իջևանի (Բերդ) և Զանգեզուրի (Գորիս, Ծավ) ֆլորիստիկական շրջաններում[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, լեռնային կիրճերում, անտառների եզրերին, թփուտներում, քարքարոտ հողերին, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ մասնատված արեալով վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 391։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.