8-15 սմ բարձրությամբ, բարակ և ուղիղ չճյուղավորված ճյուղերով, կիսաթփիկ բույս է։ Տերևները համարյա նստադիր են, մանր, ձվաձև-երկարավուն և եզրից շրջված։ Ծաղկաբույլը փուխր է և կազմված կարճ, կոթունավոր, 1-5 ծաղիկներից բաղկացած կիսահովանոցներից։ 13-15 ջղերով բաժակը նեղ խողովակաձև է և բութ ատամներով։ Պսակը երկշուրթ, նուրբ մանուշակագույն է։ Պսակի ներսում իրար մոտեցած առէջները գտնվում են վերին շուրթի տակ։ Պտուղը կազմված է 4 մասերից՝ էլիպսաձև էրեմներից[1]։
Աճում է լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000-1800 մ բարձրությունների վրա, ինչպես նաև ֆրիգանոիդ բուսականության մեջ՝ ժայռոտ տեղերում, քարաթափվածքների վրա և ժայռաճեղքերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Խոցելի տեսակ է։ Կովկասում հայտնի է միայն Հայաստանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակի համաշխարհային մասշտաբով շատ լայն տարածման պատճառով կատեգորիան իջեցվել է մեկ աստիճանով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։