Մարգարիտ որոնողները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտ որոնողները
ֆր.՝ Les pêcheurs de perles[1]
Տեսարան «Մարգարիտ որոնողները» օպերայի` 1916 թ. Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնի բեմադրությունից։ Ձախից աջ` Ջուզեպպե դի Լուկա (Զուրգա), Ֆրիդա Հեմպել (Լեյլա) և Էնրիկո Կարուզո (Նադիր)
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա կոմիկ և օպերա[1]
ԿոմպոզիտորԺորժ Բիզե[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Էժեն Կորմոն, Միշել Կարե[1] և P. E. Cormon?[1]
Գործողությունների քանակ3 արար[1]
ԿերպարներNadir?, Leïla?, Zurga? և Nourabad?
Ստեղծման տարեթիվ1863[1]
Առաջնախաղի տարեթիվսեպտեմբերի 30, 1863 և սեպտեմբերի 29, 1863[1]
Հրատարակման տարեթիվ1863
 Les pêcheurs de perles Վիքիպահեստում

«Մարգարիտ որոնողները» (Les pêcheurs de perles), ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեի օպերա երեք գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն` Էժեն Կորմոնի և Միշել Կարեի։ Առաջնախաղը կայացել է Փարիզի «Լիրիկ» թատրոնում (Théâtre-Lyrique) 1863 թ. սեպտեմբերի 30–ին։

«Մարգարիտ որոնողները» համարվում է Բիզեի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս հաճախ բեմադրվում է օպերային թատրոններում։ Գոյություն ունեն նաև օպերայի մի քանի ձայնագրություններ։ Օպերայի դրվագներից հատկապես հայտնի է "Au fond du temple saint" զուգերգը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի Լիրիկ օպերային թատրոնի շենքը 1863 թվականի սեպտեմբերին:

Սյուժեն, որով հետաքրքրվեց 24-ամյա Բիզեն, շատ ավանդական էր։ Պատմությունը մենաստանի կույսի մասին, որը խախտում է կուսության ուխտը և հաջողությամբ խուսափում պատժից, իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինիի «Վեստալուհի» օպերայից հետո (1807 թ.) հաճախ էր հայտնվում օպերային թատրոնների բեմերին։ Հետաքրքիր կերպով զարգացող դրամայի տեսարանները, պարզ միջոցներով մարդկային կրքերի գունեղ արտահայտությունները և արևելյան էկզոտիկ միջավայրն ամբողջովին համահունչ էին Բիզեի ստեղծագործական հետաքրքրություններին։ Երաժշտական քննադատները «Մարգարիտ որոնողները» օպերան համարում են մեկ աստիճան վեր դեպի ավելի ուշ գրված «Կարմեն» հանճարեղ օպերան։ Օպերայի ստեղծումն ավարտվեց 1863 թվականին։ Պրեմիերան կայացել է նույն տարվա սեպտեմբերի 30-ին՝ Փարիզի Լիրիկ օպերային թատրոնի շենքում։ Սակայն 18 ներկայացումից հետո օպերան հանվեց խաղացանկից։ Մամուլի անտարբեր արձագանքների կողքին աչքի ընկավ երաժշտական քննադատ Բերլիոզի գրախոսությունը, որտեղ նշվում էր, որ օպերայի պարտիտուրան «պարունակում է բազմաթիվ հրաշալի ու արտահայտիչ պահեր, լի է կրակով և հարուստ՝ կոլորիտով»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին արար

Առաջին արարի վերջին տեսարանի պատկերազարդումը (Լա Սկալա, 1886 թ.):

Կզղու ափին հավաքվում են մարգարիտ որոնողները, որպեսզի իրենց համար առաջնորդ ընտրեն։ Հեռվում երևում է հինդուիստական տաճարը։ Ընտրությունը կանգ է առնում Զուրգայի՝ ամենափորձառու և հեղինակություն վայելող սուզորդի վրա։ Հանկարծ ափամերձ մացառուտներից դուրս է գալիս մի պատանի։ Զուրգան ճանաչում է Նադիրին՝ իր նախկին ընկերոջը։ Անցյալում հայտնված մի գեղեցկուհու հանդեպ երկու տղաների տածած սերը փշրել էր նրանց բարեկամությունը և դարձրել թշնամիներ։ Դրանից հետո Նադիրը մեկնել էր երկար ճանապարհորդության և ահա այժմ վերադարձել է՝ արդեն համոզված լինելով, որ հաղթահարել է իր կիրքը։ Թշնամությունը մոռացված է, և ոչինչ չի խաթարում երբեմնի բարեկամությանը։ Հանկարծ ծովի ալիքների վրա երևում է մի նավակ, որի մեջ նշմարվում էր ծածկոցով փաթաթված կանացի մի կերպարանք։ Որպեսզի վտանգավոր որսը հաջող անցներ, հարկավոր էր սիրաշահել ծովային չար ոգիներին։ Իսկ դա հնարավոր էր միայն մենաստանի կույսի աղոթքով, որը խղճի և սրբության երդում էր տվել։ Նավակը կանգնում է ափի մոտ։ Մարգարտի որսորդները ողջունում են իրենց ապագա բարեխոսին։ Զուրգան հիշեցնում է կույսին սիրուց հրաժարվելու մասին նրա տված երդումը։ Կույսը կրկնում է իր երդումը և այդ պահին նրա հայացքը կանգ է առնում Նադիրի վրա, որը, ինչպես և կույսը, ցնցվում է անսպասելի հանդիպումից։ Հանձին մենաստանի կույսի, Նադիրը ճանաչում է իր նախկին սիրեցյալին՝ Լեյլային։

Երկրորդ արար

Իջնում է գիշերը։ Քրմապետ Նուրաբադը Լեյլային ուղեկցում է դեպի ծովի գահավեժ ափին կառուցված տաճարը` շրջապատված ահռելի ժայռերով։ Մենաստանի նոր կույսի մենակեցությունը պահպանելու է զինյալ պահակը։ Նուրաբադը հարցնում է, թե արդյոք Լեյլան կարող է պահել տված երդումը։ Ի պատասխան աղջիկը պատմում է, թե ինչպես մի անգամ մանուկ հասակում թաքցրել է մի փախստականի, որին փնտրում էին թշնամիները, և, հակառակ սպառնալիքներին, չի մատնել նրան։ Ի նշան երախտապարտության, փրկվածն իրեն մանյակ է նվիրել։ Լեյլան Նուրաբադին է ցույց տալիս այն։ Քրմապետի հեռանալուց հետո Լեյլան տարվում է Նադիրի հետ անսպասելի հանդիպման և անցյալում նրա հետ ունեցած սիրո մասին մտքերով։ Շունչը պահելով նա ականջ է դնում. հեռվից լսվում է Նադիրի երգը։ Ձայնը մոտենում է, բայց երբ նա մտնում է տաճար, աղջկան համակում է սարսափը. ի՞նչ կլինի, եթե իրենց տեսնեն միասին։ Լեյլան խնդրում է իր սիրեցյալին հեռանալ։ Սա համաձայնում է՝ պայմանով, որ հաջորդ օրը կրկին կգա։ Ետդարձի ճանապարհին նրան բռնում է պահակը։ Մենակյացներն ու մարգարտորսները պահանջում են մահապատժի ենթարկել հանցավորներին։ Սակայն Զուրգան հանգստացնում է նրանց. ինքն է առաջնորդը և ինքն էլ կորոշի երիտասարդների ճակատագիրը։ Այդ ժամանակ Նուրաբադն աղջկա վրայից դեն է նետում ծածկոցը, և Զուրգան ճանաչում է Լեյլային՝ այն աղջկան, որի սիրո համար ինքը թշնամացել էր Նադիրի հետ։ Կուրանալով խանդից ու վրեժի ծարավից, նա փոխում է որոշումը. թող երկուսն էլ մեռնեն։

Երրորդ արար

Զուրգան միայնակ է իր վրանում։ Ծանր խոհերը տանջում են նրան. ինչպե՞ս կարող էր ինքը, տեղի տալով զայրույթին, մահվան դատապարտել ընկերոջն ու սիրելիին։ Մարգարիտ որոնողները վրան են առաջնորդում Լեյլային, որը կամեցել էր խոսել առաջնորդի հետ։ Ինքը խախտել է երդումը և պատրաստ է պատիժ կրել, բայց Նադիրն անմեղ է, և Լեյլան թախանձագին խնդրում է ազատել նրան։ Սակայն Լեյլայի բարեխոսությունը միայն ավելի է բորբոքում Զուրգայի խանդը։ Վիրավորված համարելով իր սերը և վրեժ կամենալով, նա կրկին պահանջում է մահապատժի ենթարկել երկուսին։ Լեյլան երիտասարդ մարգարտորսին խնդրում է կատարել իր վերջին խնդրանքը՝ մորը հանձնել մարգարտե մանյակը։ Զուրգան ցնցվում է ճանաչելով զարդը. դա մի ժամանակ ինքն էր նվիրել իր կյանքը փրկած աղջնակին։ Փաստորեն ինքը մահվան է դատապարտում նրան, որին կյանքով է պարտական։ Բորբոքվող խարույկի շուրջ մարգարիտ որոնղները վրեժխնդրության սրբազան պարն են բռնել։ Լեյլան ու Նադիրը պատրաստվում են մտնել ճակատագրական շրջագծի մեջ։ Հանկարծ հորիզոնը բռնկվում է հրդեհի բոցերով։ Զուրգան լուր է բերում, թե զայրացած աստվածները հուր ու մոխիր են ուղարկել իրենց հյուղակների ու ցանքերի վրա։ Մոռանալով դատապարտվածներին, մարգարտորսները վազում են։ Մնում է միայն Նուրաբադը, որին տեղի ունեցածը կասկածելի է թվում։ Թաքնվելով, նա լսում է Զուրգայի խոսքն այն մասին, թե ինքն է այրել գյուղը, որպեսզի օգնի Լեյլային ու Նադիրին փախչել։ Սիրահարները թաքնվում են անանցանելի անձավում, իսկ քրմապետը զանգահարությամբ կանչում է ժողովրդին։ Գազազած մարգարտորսները դաժանորեն հաշվեհարդար են տեսնում խաբեության համար՝ Զուրգային նետելով սրբազան խարույկի բոցերի մեջ։

Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ Բիզեն 1860 թվականին:

«Մարգարիտ որոնողները» օպերան թարմ և վառ տաղանդի արդյունք է։ Հաղթահարելով իրադրության ավանդական պայմանները, Բիզեին հաջողվել է երաժշտության մեջ ուրվագծել գլխավոր հերոսների անհատականությունը, ծիսական ու կենցաղային էկզոտիկ տեսարաններին հաղորդել զգացմունքայնություն և կոլորիտի գունեղություն, արտահայտել Արևելքի բնության անրջային բանաստեղծականությունը։ «Մարգարիտ որոնողների» մեղեդիները տպավորիչ են իրենց գեղեցկությամբ ու ճկունությամբ։ Դրանցից լավագույնները զարդարում են տարբեր համերգային ծրագրեր։ Առաջին արարին նախորդում է նվագախմբային փոքրիկ նախերգանքը, որը կառուցված է վալսային սահուն ռիթմով։ Առաջին տեսարանը ուղեկցվում է խմբերգով («Բոցավառ ափին» ֆր.՝ Sur la grève en feu) և մարգարիտ որոնողների պարով։ Նրա հնչողությունը մե՛րթ խորհրդավոր կերպով մեղմանում է ու կարծես տարրալուծվում է միատոն հնչող հատվածի մեջ, մե՛րթ էլ աշխուժանում է հերոսական մեղեդու շնորհիվ («Առա՛ջ, մինչև ծովի հատակը» (երգչախմբի արական կազմ)։ Տեսարանի կենտրոնում է Նադիրի առաջին պատմությունը («Տափաստաններով, թավուտ անտառներով»), որն առնական երգ է, իսկ մեղեդին լի է կյանքով։ Նադիրի և Զուրգայի՝ անցյալի հիշողության վերաբերյալ զուգերգը («Եվ այնտեղ, ծաղիկների մեջ») ողողված է խանդավառությամբ։ Արևելյան ոգով հարուստ սահուն մեղեդին հնչում է նվագախմբի եթերային ու դյութիչ նվագակցությամբ։ Լեյլայի հայտնվելը նախապատրաստվում է նվագախմբային նախերգանքով։ «Ողջույն քեզ, կույս» խմբերգը զարդարված է պարային թեթև շարժումներով։ Կոլորիտի նրբությունը, մեղմ գույների ընտրությունը, որ հատուկ է հարավին, արտահայտված են Նադիրի հանրահայտ «Լուսաշող գիշերին» ռոմանսում (Je crois entendre encore): Առաջին արարն ավարտվում է Լեյլայի աղոթքով («Ով Բրահմա ամենազոր»)։ Նրա երգի նրբագեղ հնչյուններն ուղեկցվում են երգչախմբի զուսպ ձայնակցությամբ։ Այդպիսի հետնապատկերի առջև է հնչում նաև Լեյլայի և Նադիրի թաքուն երկխոսությունը։ Երկրորդ արարը սկսվում է կուլիսներից այն կողմ հնչող «Ահա իջնում է գիշերը» խմբերգով։ Նրա ինքնատիպ, աշխույժ և լուսավոր մեղեդին ընդգծվում է բասերի պարային ռիթմով։ Նվագախումբը լռում է, իսկ խմբերգը ասես շրջանակվում է Լեյլայի ու Նուրաբադի ասերգային կատարմամբ, ապա Լեյլայի «Երեխա էի ես» պատմությամբ։ Ասերգը և Լեյլայի կավատինան («Գիշերն իջավ, մենակ եմ ես») փոխարինվում են Նադիրի՝ հեռվից հնչող «Աղավնյակս քնել է անուշ» երգով, որի արևելյան ճոխ մեղեդին ուղեկցվում է միայն տավիղի նվագածությամբ։ Լեյլայի և Նադիրի «Բայց ինչպես ես դու որոշել» զուգերգի սկզբում նվագախումբը ձայնակցում է կարճ արտահայտություններով, ապա հնչյունները զորեղանում են՝ արտահայտելով սիրո պոռթկումը։ Երկրորդ արարի փոթորկուն ավարտը նշանավորվում է «Այդ ո՞ւմ ձայնն է հասնում մեզ» խմբերգով։ Երրորդ արարը սկսվում է ամպրոպի սիմֆոնիկ պատկերով։ Զուրգայի ասերգն ու արիան լի են դրամատիզմով։ Նադիրի անվան հիշատակության պահին նվագախմբի կատարման մեջ հնչում են Առաջին արարում նրա երգած ռոմանսի արձագանքները։ Ուժեղ հակադրությունը արտահայտվում է Լեյլայի և Զուրգայի զուգերգի տեսարանում. թախանձագին աղաչանքին հակադրվում են կարճ ռեպլիկները։ Երրորդ արարի երկրորդ տեսարանը սկսվում է մռայլ ծիսական պարով, ապա միանում է «Հենց որ շողա լուսինը երկնքում» խմբերգը։ Այն ուղեկցվում է «Բրահմա» մոլեգին կանչերով։ Երաժշտությունը փոխանցում է աճող զայրույթի տպավորություն։ Այս տեսարանի կենտրոնական մասն է «Ահա հիացմունքի պահը» տերցետը, որտեղ Լեյլայի ու Նադիրի ոգեշունչ մեղեդիներին ի պատասխան հնչում են Զուրգայի առնական և խիստ հնչերանգներով արտահայտությունները։ «Խարույկը վառվում է, իր զոհին է սպասում» եզրափակիչ խմբերգը կրկնությունն է առաջին խմբերգի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

"100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973. http://100oper.ru/iskateli-zhemchuga.html

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտ որոնողները» հոդվածին։