Մազի ֆոլիկուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մազի ֆոլիկուլ
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասsubdivision of epidermis?[1], անհատական ​​անատոմիական կառուցվածք և follicle?
Զարկերակsupratrochlear artery?
Երակsuperficial temporal vein?
Ավշային հանգույցoccipital lymph nodes?
Լիմֆատիկ դրենաժoccipital lymph nodes?
Միանում էarrector pili muscle?
MeSHA10.272.497.500, A17.360.710 և A17.815.250.500
Foundational Model of Anatomy70660
Terminologia Anatomica 98A16.0.00.023
Terminologia HistologicaH3.12.00.3.01034
 Hair follicle Վիքիպահեստում

Մազի ֆոլիկուլ, կաթնասունների մաշկի մեջ հայտնաբերվող օրգան[2]։ Այն հանդիպում է մաշկի էպիդերմալ շերտում և բաղկացած է 20 տարբեր տեսակի բջիջներից, որոնցից յուրաքանչյուրը կատարում է տարբեր գործառույթներ։ Մազի ֆոլիկուլը կարգավովրում է մազերի աճի հորմոնների, նեյրոպեպտիդների և իմունային բջիջների միջև բարդ փոխազդեցության միջոցով[2]։ Այս բարդ փոխազդեցությունը հանգեցնում է նրան, որ մազի ֆոլիկուլն արտադրում է տարբեր տեսակի մազեր, որոնք հանդիպում են մարմնի տարբեր հատվածներում։ Օրինակ՝ կոշտ մազերն աճում են գլխամաշկի վրա, մինչդեռ լանուգոն ծածկում է պտղի մարմինը ներարգանդային կյանքում, հանդիպում է նաև որոշ նորածինների մոտ[2]։ Անագենը մազի աճի ակտիվ փուլ է, կատագենը՝ մազի ֆոլիկուլի ռեգրեսիայի փուլը, տելոգենը՝ հանգստի փուլը, էկզոգենը՝ ակտիվ մազաթափության փուլը, իսկ կենոգենը՝ մազի դատարկ ֆոլիկուլի և նոր մազերի աճի միջանկյալ փուլը[2]։

Մարդու մազերի գործառույթը վաղուց հետաքրքրություն է առաջացնում և շարունակում է մնալ կարևոր թեմա հասարակության, կենսաբանության և բժշկության մեջ։ Բոլոր կաթնասուններից մարդն ունի գլխի մազերի աճի ամենաերկար փուլը՝ համեմատած մարմնի այլ մասերի մազերի աճի հետ[2]։ Դարեր շարունակ մարդիկ գեղագիտություն են հաղորդել գլխի մազերի և հագուստի հարդարմանը, և դա հաճախ օգտագործվել է հասարակության մեջ սոցիալական կամ մշակութային նորմերի փոխհարաբերություններն ընդգծելու համար։ Մարդու արտաքին տեսքը որոշելու գործում ունեցած դերից բացի, գլխի մազերը նաև ապահովում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանությունը և մեկուսիչ են ծայրահեղ բարձր և ցուրտ ջերմաստիճանային պայմաններում[2]։ Գլխի մազի ֆոլիկուլի ձևերի տարբերությունները պայմանավորում են գլխի մազերի արտաքին տեսքի, երկարության և կառուցվածքի տարբերությունները։

Կան բազմաթիվ հիվանդություններ, որոնց դեպքում մազերի արտաքին տեսքի, կառուցվածքի կամ աճի խանգարումները կոնկրետ մազի ֆոլիկուլի հիվանդության կամ համակարգային հիվանդության վաղ նշաններ են։ Մազերի ֆոլիկուլների հայտնի հիվանդություններից են ալոպեցիան կամ մազաթափությունը[3], հիրսուտիզմը կամ մազերի հավելյալ աճը և կարմիր գայլախտը[3][4]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազի ֆոլիկուլի կառուցվածք

Մազի ֆոլիկուլների գտնվելու վայրը և ամբողջ մարմնի վրա բաշխումը տարբեր են։ Օրինակ՝ ափերի և ներբանների մաշկում մազի ֆոլիկուլներ չկան, մինչդեռ գլխամաշկի, նախաբազուկների, ոտքերի և սեռական օրգանների մաշկում կան բազմաթիվ մազի ֆոլիկուլներ[2]։ Մազի ֆոլիկուլը ձևավորում են բազմաթիվ կառույցներ։ Անատոմիորեն մազի ֆոլիկուլը, ճարպագեղձը և մազը բարձրացնող մկանները կազմում են մազաճարպագեղձային ապարատը[2]։

Ֆոլիկուլի կառուցվածքը․

  • Պտկիկը մեծ կառուցվածք է, որը գտնվում է մազի ֆոլիկուլի հիմքում[5]։ Պտկիկը բաղկացած է հիմնականում շարակցական հյուսվածքից և մազանոթային օղակից։ Պտկիկի բջիջների կիսումը կամ հազվադեպ է, կամ ընդհանրապես չի իրականանում։
  • Պտկի կողքին գտնվում է մազի մատրիքսը
  • Արմատային թաղանթը բաղկացած է արմատային արտաքին և ներքին թաղանթներից։ Հեմատոքսիլին-էոզին ներկանյութով ներկելիս արմատի արտաքին թաղանթը թվում է դատարկ՝ միայն խորանարդաձր բջիջներով։ Արմատի ներքին թաղանթը բաղկացած է երեք շերտերից՝ Հենլեի շերտ, Հաքսլիի շերտ և ներքին կուտիկուլ, որը շարունակվում է մինչև մազի ամենահեռավոր կետը։
  • Պարկը գտնվում է արմատի արտաքին թաղանթում՝ մազը բաևձևացնող մկանների տեղղակայման վայրում։ Այն պարունակում է ցողունային բջիջների մի քանի տեսակներ, որոնք ամբողջ մազի ֆոլիկուլն ապահովում են նոր բջիջներով և մասնակցում են վերքի լավացման ժամանակ էպիդերմիսի բուժմանը[6][7]։ Ցողունային բջիջներն էքսպրեսում են LGR5+ in vivo մարկերը[8]։

Մազի ֆոլիկուլի հետ կապակցված այլ կառուցվածքները ներառում են այն փոսությունը, որտեղ աճում է ֆոլիկուլը, որը հայտնի է որպես ինֆունդիբուլում[9], մազը բարձրացնող մկաններ, ճարպագեղձեր և ապոկրին քրտնագեղձեր։ Մազի ֆոլիկուլի ընկալիչները զգում են մազերի դիրքը։

Ֆոլիկուլին կցված է մկանաթելիկների փոքրիկ խուրձ, որը կոչվում է մազը բարձրացնող մկան։ Այս մկանը պատասխանատու է ֆոլիկուլի առանցքը մաշկի մակերեսին ավելի ուղղահայաց դարձնելու համար․ ֆոլիկուլը փոքր-ինչ դուրս է գալիս շրջապատող մաշկի մակերեսի համեմատ (պիլոէրեկցիա) և ծակոտիները լցվում են մաշկի յուղով։ Այս գործընթացը հանգեցնում է սագամաշկի առաջացման։

Ֆոլիկուլին կցվում է նաև ճարպագեղձ, որն արտադրում է յուղոտ կամ մոմանման նյութ։ Որքան բարձր է մազերի խտությունը, այնքան շատ ճարպագեղձեր կան դրանց մեջ։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի կառուցվածքի մեջ կան էթնիկ տարբերություններ։ Մազերի արտաքին տեսքի և կառուցվածքի տարբերությունները պայմանավորված են բազմաթիվ գործոններով․ մազի ֆոլիկուլի նկատմամբ մազի սոխուկի դիրք, մաշկի պտկիկի չափ և ձև, մազի ֆոլիկուլի կորություն[2]։ Կովկասցիների գլխամաշկի մազի ֆոլիկուլը էլիպսաձև է, հետևաբար, պայմանավորում է ուղիղ կամ ալիքաձև մազերի տեսքը, մինչդեռ աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց գլխամաշկի մազի ֆոլիկուլն ավելի ոլորուն է, ինչն ապահովում է ամուր, գանգուր մազերի աճը[2]։

Գլխի մազերի բնութագրերն ըստ էթնիկ պատկանելության[2]
Էթնիկ պատկանելություն տրամագիծ

(միկրոմետր)

հատույթի ձև արտահայտում
Շիկահեր կովկասցի 40–80 էլիպսաձև ուղիղ կամ ալիքավոր
Մուգ շագանակագույն/սև մազերով / կարմիր

մազերով եվրոպացի

50–90 էլիպսաձև ուղիղ կամ ալիքավոր
Սևամորթ 60–100 էլիպսաձև կամ զսպանակաձև գանգուր
Ասիացի 80–100 օղակաձև ուղիղ
Գլխի մազերի բնութագրերն ըստ տաքսոնի[10][11]
կենդանի տրամագիծ

(միկրոմետր)

հատույթի ձև արտահայտում
Շիմպանզե 101-113 օղակաձև ուղիղ
Օրանգուտան 140-170 օղակաձև ուղիղ
Բուֆալո 110 օղակաձև ուղիղ

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներարգանդային զարգացման ժամանակ էպիթելը և դրա հիմքում գտնվող մեզենքիման փոխազդում են՝ ձևավորելով մազի ֆոլիկուլները[12][13]։

Ծերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիքի հետ մազաթափության առաջացման հիմնական ասպեկտը մազի ֆոլիկուլի ծերացումն է։ Սովորաբար, մազի ֆոլիկուլի նորացումը պահպանվում է յուրաքանչյուր ֆոլիկուլի հետ կապակցված ցողունային բջիջների կողմից։ Մազերի ֆոլիկուլների ծերացումը, ենթադրվում է, պայմանավորված է կայուն բջջային արձագանքով՝ ուղղված ԴՆԹ-ի վնասմանը, որը ծերացման ընթացքում կուտակվում է նորացվող ցողունային բջիջներում[14]։ Վնասվածքին արձագանքումը ներառում է նեյտրոֆիլային էլաստազով 17-րդ տիպի կոլագենի պրոտեոլիզին՝ ի պատասխան մազի ֆոլիկուլի ցողունային բջիջներում ԴՆԹ-ի վնասման։ Կոլագենի պրոտեոլիզը հանգեցնում է վնասված բջիջների հեռացմանը, այնուհետև՝ մազի ֆոլիկուլի վերջնական ձևավորմանը։

Մազերի աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի ֆոլիկուլների ցիկլային աճ
Մազի ֆոլիկուլ

Մազերն աճում են ցիկլերով, որոնք բաղկացած են տարբեր փուլերից․ անագեն՝ աճի փուլ, կատագեն՝ ինվոլյուցիայի կամ հետընթացի փուլ, և տելոգեն՝ հանգստի փուլ (անունները ստացվում են հունական Ana-, Kata - և Telos- նախածանցներից, որոնք նշանակում են համապատասխանաբար վերև, ներքև և վերջ)[15]։ Յուրաքանչյուր փուլ ունի մի քանի ձևաբանորեն և հյուսվածքաբանորեն տարբերվող ենթափուլեր։ Ցիկլի սկզբին նախորդում է ֆոլիկուլյար մորֆոգենեզի (ֆոլիկուլի ձևավորման) փուլը։ Գոյություն ունի նաև մազաթափության կամ էկզոգենի փուլ, որը կախված չէ անագենից և տելոգենից․ դրա ընթացքում դուրս են գալիս մեկ կամ մի քանի մազեր, հաճախ՝ մեկ ֆոլիկուլից։ Սովորաբար մազի ֆոլիկուլների մինչև 85%-ը գտնվում է անագենի փուլում, մինչդեռ 10-14%-ը գտնվում է տելոգենում, իսկ 1-2%-ը՝ կատագենում։ Ցիկլի տևողությունը տատանվում է մարմնի տարբեր մասերի մազերում։ Հոնքերի մազերում ցիկլն ավարտվում է մոտ 4 ամսվա ընթացքում, մինչդեռ գլխամաշկի մազերի համար պահանջվում է 3-4 տարի․ հենց այդ պատճառով հոնքերի մազերը շատ ավելի կարճ երկարություն ունեն, քան գլխի մազերը։ Աճի ցիկլերը վերահսկվում են քիմիական ազդանշանով, որոնցից է էպիդերմիսի աճի գործոնը։ DLX3-ը մազի ֆոլիկուլների տարբերակման և պարբերականության պահպանման ամենակարևոր կարգավորիչն է[16][17]։

Անագեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անագենը մազի ֆոլիկուլների ակտիվ աճի փուլ է, որի ընթացքում մազի արմատն արագորեն բաժանվում է՝ ավելացնելով մազածածկույթը։ Այս փուլում մազերը յուրաքանչյուր 28 օրը մեկ աճում են մոտ 1 սմ։ Անագենի փուլում գտնվող մազը դուրս քաշելիս սովորաբար մազի հիմքից մի քանի միլիմետր երկարության վրա կցվում է արմատային թաղանթ։ Ոչ բժիշկ մասնագետները կարող են դա շփոթել ֆոլիկուլի, արմատի կամ ճարպագեղձերի հետ։ Գլխի մազերը մնում են աճի այս ակտիվ փուլում 2-7 տարի․ այս ժամանակահատվածը որոշվում է գենետիկորեն։ Անագենի փուլի ավարտին անհայտ ազդանշանը ստիպում է ֆոլիկուլին անցնել կատագենի փուլ։

Կատագեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատագենը աճի կարճ անցումային փուլ է, որը սկսվում է անագենի փուլից հետո։ Այն ազդարարում է մազերի ակտիվ աճի ավարտի մասին։ Կատագենը տևում է մոտ 2-3 շաբաթ, մինչև մազափնջի վերջնական ձևավորումը։ Մազափունջը ձևավորվում է կատագենի փուլում, երբ ֆոլիկուլի մի մասը,մազի ստորին հատվածի հետ միասին, կցվում է մազի լիսեռին։ Կերատինի սոխուկը կցվում է մազի ստորին ծայրին և պահում է այն իր տեղում, մինչ դրա տակ սկսում է նոր մազ աճել։ Սա կարող է հանգեցնել մազի ֆոլիկուլների կոտրմանը։ Այս փուլում քաշված մազերին կպած է լինում կերատինային սոխուկ, որը կարծես մազի վերջում փոքրիկ սպիտակ գնդիկ լինի։ Այս գործընթացի ընթացքում մազերը կտրվում են արյան մատակարարումից և ցողունային բջիջներից, որոնք նոր մազեր են արտադրում։ Երբ մազափունջն ամբողջությամբ ձևավորվում է, մոտ 2 շաբաթ անց, մազի ֆոլիկուլը մտնում է տելոգենի փուլ։

Տելոգեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տելոգենը մազի ֆոլիկուլի հանգստի փուլն է, որը տևում է մոտ երեք ամիս։ Երբ մարմինը ծանր սթրեսի է ենթարկվում, մազերի մինչև 70 տոկոսը կարող է ժամանակից շուտ մտնել տելոգենի փուլ և սկսել թափվել՝ առաջացնելով նկատելի մազաթափություն։ Այս երևույթը կոչվում է տելոգենի կորուստ[18]։ Մազափունջը տելոգենի փուլում մազի ֆոլիկուլի վերջնարդյունքն է և ներկայացնում է մեռած, ամբողջովին կերատինացված մազերի փունջ։ Մազաթափությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մազի ֆոլիկուլը քայքայվում է[12]։ Ամեն օր նորմալ գլխամաշկը կորցնում է հիսունից հարյուր մազ[12]։

Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխամաշկ․ այս փուլերի տևողությունը տատանվում է տարբեր մարդկանց մոտ։ Մազերի տարբեր գույնը և ֆոլիկուլների ձևն ազդում են այս փուլերի տևողության վրա․
    • Անագեն՝ 2-8 տարի
    • Կատագեն՝ 2-3 շաբաթ
    • Տելոգեն՝ մոտավորապես 3 ամիս
  • Հոնքեր
    • Անագեն՝ 4-7 ամիս
    • Կատագեն՝ 3-4 շաբաթ
    • Տելոգեն՝ մոտավորապես 9 ամիս

Կլինիկական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազի ֆոլիկուլի գործառույթը հասկանալը մազերի աճի խանգարումներով մաշկաբանական և համակարգային բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման համար կարևոր է։ 2020 թվականի Witka et al.-ի հետազոտությունը ցույց է տվել միկրոբիոմի դերը կենսաբանության, իմունոլոգիայի և գլխամաշկի մազերի ֆոլիկուլների հիվանդությունների մեջ[4]։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ մազի ֆոլիկուլների միկրոբիոմի փոփոխությունները հանգեցնում են գլխամաշկի այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են գլխամաշկի սեբորեային դերմատիտը և թեփոտումը, դեկալվանտային ֆոլիկուլիտը, անդրոգենային մազաթափությունը, գլխամաշկի փսորիազը և օջախային մազաթափությունը[19]։

Մազերի վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի ֆոլիկուլների օգտագործումը կազմում է մազերի փոխպատվաստման երկու հիմնական մեթոդների հիմքը՝ ֆոլիկուլյար միավորի փոխպատվաստում (FUT) և ֆոլիկուլյար միավորի արտահանում (FUE): Այս մեթոդներից յուրաքանչյուրում ձևավորվում են մեկից չորս մազերից կազմված մազափնջեր, որոնք կոչվում են ֆոլիկուլյար միավորներ։ Դրանք այնուհետև վիրահատական եղանակով տեղադրվում են պացիենտի գլխամաշկի ճաղատ հատվածում, որը հայտնի է որպես ռեցիպիենտ տարածք։ Այս ֆոլիկուլները արտահանվում են գլխամաշկի կամ մարմնի այլ մասերի դոնոր տարածքներից, որոնք սովորաբար դիմացկուն են դիհիդրետեստոստերոն հորմոնի ազդեցությանը[20]։ Երբ դիհիդրոէպիանդրոստերոն դիմացկուն այս ֆոլիկուլները փոխպատվաստվում են ռեցիպիենտ տարածքում, մազերը շարունակում են աճել նորմալ աճի ցիկլով՝ այդպիսով ապահովելով, որ մազերը վերականգնող հիվանդն ունենա մշտական, բնականորենր աճող մազեր։

Չնայած մազերի փոխպատվաստումը սկիզբ է առել 1950-ականներից[21], իսկ մարդու մազերի ֆոլիկուլների բջիջների in vitro մշակույթը սկսվել է 1980-ականների սկզբին[22], միայն 1995 թ.-ին է մազերի փոխպատվաստումը ներմուծվել բժշկական գրականություն՝ օգտագործելով անհատական ֆոլիկուլային միավորներ[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Blume-Peytavi, Ulrike (2008). Hair growth and disorders. Berlin: Springer. ISBN 9783540469117. OCLC 272298782.
  3. 3,0 3,1 Erjavec SO, Gelfman S, Abdelaziz AR, Lee EY, Monga I, Alkelai A, Ionita-Laza I, Petukhova L, Christiano AM (2022 թ․ փետրվար). «Whole exome sequencing in Alopecia Areata identifies rare variants in KRT82». Nat Commun. 13 (1): 800. Bibcode:2022NatCo..13..800E. doi:10.1038/s41467-022-28343-3. PMC 8831607. PMID 35145093.
  4. 4,0 4,1 Gilhar, Amos; Etzioni, Amos; Paus, Ralf (2012 թ․ ապրիլի 19). «Alopecia areata». The New England Journal of Medicine. 366 (16): 1515–1525. doi:10.1056/NEJMra1103442. ISSN 1533-4406. PMID 22512484. S2CID 5201399.
  5. Pawlina, Wojciech; Ross, Michael W.; Kaye, Gordon I. (2003). Histology: a text and atlas: with cell and molecular biology. Hagerstown, Maryland: Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-683-30242-4.
  6. Ma DR; Yang EN; Lee ST (2004). «A review: the location, molecular characterisation and multipotency of hair follicle epidermal stem cells». Ann. Acad. Med. Singap. 33 (6): 784–8. doi:10.47102/annals-acadmedsg.STlee. PMID 15608839. S2CID 20267123.
  7. Cotsarelis G (2006). «Epithelial stem cells: a folliculocentric view». J. Invest. Dermatol. 126 (7): 1459–68. doi:10.1038/sj.jid.5700376. PMID 16778814.
  8. Lin, K. K.; Andersen, B. (2008). «Have Hair Follicle Stem Cells Shed Their Tranquil Image?». Cell Stem Cell. 3 (6): 581–582. doi:10.1016/j.stem.2008.11.005. PMID 19041772.
  9. «Histologic Diagnosis of Inflammatory Skin Diseases, Chapter 1. Embryologic, Histologic, and Anatomic Aspects». Derm101.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. Chernova, Olga (2014 թ․ մայիս). «Scanning electron microscopy of the hair medulla of orangutan, chimpanzee, and man». Journal of Biological Sciences. 456 (1): 199–202. doi:10.1134/S0012496614030065. PMID 24985515. S2CID 6597226.
  11. S.V, Kshirsagar (2009 թ․ հուլիս). «Comparative Study of Human and Animal Hair in Relation with Diameter and Medullary Index» (PDF). Indian Journal of Forensic Medicine and Pathology. 2 (3). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  12. 12,0 12,1 12,2 Paus R; Cotsarelis G (1999 թ․ օգոստոս). «The biology of hair follicles». N. Engl. J. Med. 341 (7): 491–7. doi:10.1056/NEJM199908123410706. PMID 10441606.
  13. «Hair Follicle». 2017 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Wednesday, 19 December 2018
  14. Matsumura H, Mohri Y, Binh NT, Morinaga H, Fukuda M, Ito M, Kurata S, Hoeijmakers J, Nishimura EK (2016). «Hair follicle aging is driven by transepidermal elimination of stem cells via COL17A1 proteolysis». Science. 351 (6273): aad4395. doi:10.1126/science.aad4395. PMID 26912707. S2CID 5078019.
  15. K. S. Stenn & R. Paus (2001 թ․ հունվարի 1). «Controls of Hair Follicle Cycling». Physiological Reviews. 81 (1): 449–494. doi:10.1152/physrev.2001.81.1.449. PMID 11152763. S2CID 35922975. (comprehensive topic review, successor to landmark review of 1954 by HB Chase)
  16. Hwang, J.; Mehrani, T.; Millar, S. E.; Morasso, M. I. (2008). «Dlx3 is a crucial regulator of hair follicle differentiation and cycling». Development. 135 (18): 3149–3159. doi:10.1242/dev.022202. PMC 2707782. PMID 18684741.
  17. Park, G. T.; Morasso, M. I. (2002). «Bone morphogenetic protein-2 (BMP-2) transactivates Dlx3 through Smad1 and Smad4: Alternative mode for Dlx3 induction in mouse keratinocytes». Nucleic Acids Research. 30 (2): 515–522. doi:10.1093/nar/30.2.515. PMC 99823. PMID 11788714.
  18. S Malkud (2015 թ․ սեպտեմբերի 1). «Telogen Effluvium: A Review». J Clin Diagn Res. 9 (9): WE01–3. doi:10.7860/JCDR/2015/15219.6492. PMC 4606321. PMID 26500992.
  19. Witka, Katarzyna Polak; Rudnicka, Lidia; Peytavi, Ulrike Blume; Vogt, Annika (2020). «The role of the microbiome in scalp hair follicle biology and disease». Experimental Dermatology. 29 (3): 286–294. doi:10.1111/exd.13935. PMID 30974503. S2CID 109939740.
  20. Bernstein RM; Rassman WR (1997 թ․ սեպտեմբեր). «Follicular transplantation. Patient evaluation and surgical planning». Dermatol Surg. 23 (9): 771–84, discussion 801–5. doi:10.1111/j.1524-4725.1997.tb00417.x. PMID 9311372. S2CID 32873299.
  21. Orentreich N (1959 թ․ նոյեմբեր). «Autografts in alopecias and other selected dermatological conditions». Ann. N. Y. Acad. Sci. 83 (3): 463–79. doi:10.1111/j.1749-6632.1960.tb40920.x. PMID 14429008. S2CID 35356631.
  22. Wells J; Sieber VK (1985 թ․ դեկտեմբեր). «Morphological characteristics of cells derived from plucked human hair in vitro». Br. J. Dermatol. 113 (6): 669–75. doi:10.1111/j.1365-2133.1985.tb02402.x. PMID 2420350. S2CID 31137232.
  23. Bernstein RM; Rassman WR; Szaniawski W; Halperin A (1995). «Follicular Transplantation». Intl J Aesthetic Restorative Surgery. 3: 119–32. ISSN 1069-5249. OCLC 28084113.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազի ֆոլիկուլ» հոդվածին։