Ճարտարապետական լուսանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճարտարապետական լուսանկար

Ճարտարապետական լուսանկարչություն, լուսանկարչության ժանր, ճարտարապետական կառույցների և դրանց համալիրների, կամուրջների նկարահանում։ Որպես կանոն, ճարտարապետական լուսանկարչության նպատակ է հանդիսանում դոկումենտալ լուսանկարը, որը անհրաժեշտ գաղափար է ձևավորում օբյեկտի և դրա դետալների մասին։

Լուսանկարչության տվյալ տիպի դեպքում հիմնական խնդիրը կառույցի ձևի, զարդարանքների, քանդակների, դեկորացիայի տարրերի ճշգրիտ ցուցադրությունն է։

Ճարտարապետական լուսանկարչություն նաև իրականացվում է օբյեկտը գեղարվեստորեն ընկալելու համար։ Այս պարագայում ճշգրտությունը կարող է զոհ գնալ արտահայտչականությանը, քաղաքի, երկրի, դարաշրջանի հատկությունները մաքսիմալ կերպով ցուցադրելուն։

Ճարտարապետական ոճի առանձնահատկությունները կարող են ընդգծվել՝ կախված նկարահանման դիրքից, ճիշտ հեռանկարից, լուսավորումից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության առաջին լուսանկարը, որը նաև հանդիսանում է ճարտարապետական լուսանկար

Ֆոտոխցիկով արված առաջին լուսանկարը (Նիսեֆոր Նիեպսի «տեսարան Լա Գրասի պատուհանից» լուսանկարը), նաև հանդիսանում է առաջին ճարտարապետական լուսանկարը, քանի որ այն ներառում էր շենքերի տեսարան։ Նույն ժամանակաշրջանում (1830-ական թվականներին) ճարտարապետական լուսանկարներ էր անում նաև Հենրի Ֆոքս Թալբոթը։

Լուսանկարչության պատմության ընթացքում շենքերը բարձր գնահատված լուսանկարչական առարկաներ են հանդիսացել՝ արտացոլելով հասարակության գնահատականը ճարտարապետության և դրա մշակութային կարևորության նկատմամբ։ 1860-ական թվականներին ճարտարապետական լուսանկարչությունը դարձավ վիզուալ արտահայտչականության միջոց։

Ինչպես շենքերի դիզայններն էին փոխվում և կոտրում ավանդական ձևերը, այնպես էլ ճարտարապետական լուսանկարչությունը ևս էվոլյուցիա էր ապրում։ 20-րդ դարի կեսերին ճարտարապետական լուսանկարչությունն ավելի ստեղծարար դարձավ, քանի որ լուսանկարիչներն սկսեցին օգտագործել շեղ գծեր և ստվերներ իրենց լուսանկարներում և փորձարկեցին տարբեր տեխնիկաներ։

1950-ական թվականներին ճարտարապետները ավելի շատ լուսանկարիչների էին աշխատանքի վերցնում, ինչի արդյունքում ճարտարապետական լուսանկարչությունն ավելի էր մոտենում արվեստին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lowe, Jim (2006). Architectural Photography. Lewes, East Sussex, UK: Photographers Institute Press. ISBN 1-86108-447-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարտարապետական լուսանկարչություն» հոդվածին։