Արցախյան պատերազմի արտացոլումը հեռուստատեսությամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախյան պատերազմի արտացոլումը հեռուստատեսությամբ , Արցախյան շարժման սկզբնափուլում առանձին հեռուստալրագրողներ իրենց հրապարակումներում անդրադարձել են Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձություններին, օրդերատիվ հեռուստասյուժեներով հերքել Կենտրոնական հեռուստատեսությամբ (Մոսկվա) հեռարձակվող Շարժումը «ծայրահեղականների» և «ազգայնամոլների» և այլ պիտակներով որակող պատվիրված սյուժեներն ու ռեպորտաժները։ Երևանի «Մայրաքաղաք» ծրագրի լրագրողներ Ա. Հովհաննիսյանը, Տ. Ռշտունին, Ա. Կարապետյանը, Ս. Գասպարյանը, Կ. Վանյանը, Կ. Դանիելյանը, Վ. Հակոբյանն իրենց հեռուստասյուժեներով լուսաբանել են Երևանում և Ստեփանակերտում ծավալվող իրադարձությունները։ 1989 թվականին կամավոր կամ գործուղումով ԱՀ են մեկնել լրագրողներ Գ. Սիմոնյանը, Ն. Գրիգորյանը, Ռ. Միրզոյանը, Բ. Կարապետյանը, Կ. Խումարյանը, Կ. Յալանուգյանը, Է. Սախինովը, Վ. Նազարյանցը և լուսաբանել ու վավերագրել են ԱՀ-ում ընթացող քաղաքական գործընթացներն ու ռազմական գործողությունները։ Շատ սյուժեներ ցուցադրվել են նաև արտասահմանյան հեռուստաալիքներով՝ օտարին ներկայացնելով Արցախյան ազատագրական պատերազմի դրդապատճառներն ու անկախացող Հայաստանի քաղաքական տեսակետները։ 1990 թվականին Մոսկվայի, ժնևի և Նյու Յորքի հեռուստաընկերությունները ցուցադրել են Բ. Կարապետյանի «Սումգայիթյան ալիքներ», «Բռնագաղթ» և «Խորհրդային զինվորի ճակատագիրը Լեռնային Ղարաբաղում» հեղինակային տեսաֆիլմերը։ 1991 թվականին հայ հեռուստալրագրողներին միացել է բուլղարուհի Ցվետանա Պասկալևան։ «Ինչ է նշանակում տեղահանում» ռեպորտաժով նա ներկայացրել է խորհրդային բանակի անմիջական մասնակցությունը Շահումյանի շրջանի հայկական բնակավայրերի բռնագաղթին։ Նրա սյուժեները և ռեպորտաժները հեռարձակվել են CNN, Ռոյթերս, Antenne 2, ՌՏՌ և Բուլղարիայի ազգային հեռոատաընկերությունների ծրագրերով։ 1994 թվականից Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում իր կայուն տեղն ունի ՀՀ ՊՆ «Զինուժ», իսկ ԱՀ-ում՝ ՊԲ «Գոյամարտ» ծրագրերը։

Զինադադարից հետո հնարավոր է դարձել փաստական տեսանյութերի հիման վրա վերաիմաստավորել Արցախյան շարժման և պատերազմի դեպքերն ու իրադարձությունները։ 1998 թվականից Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում «Հուշամատյան» պարբերական անոնսակնթարթը. մեկ րոպե տևողությամբ այդ շարքը, ներկայացնելով զոհված ազատամարտիկների դիմանկարները, ծննդյան և զոհվելու տարեթվերը, զուզորդվում է ձայնային՝ «Բարձրացրու գլուխդ, զինվոր, բաց հոգնած կոպերդ, քո սխրանքն անմար է, քո անունը՝ մեր սրտերում» քառատող կանչով։ ՀՀ և ԱՀ տարբեր հեռուստաընկերություններ («Արմենիա», «Երկիր մեդիա», «Ցայգ» և այլն) առանձին ծրագրերով պարբերաբար եթեր են հեռարձակում Արցախյան պատերազմի մասին պատմող սյուժեներ, հեռուստաֆիլմեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։