Հնդկական գիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդկական գիր, հարավ-արևելյան Ասիայի գրային համակարգերի ընդարձակ խումբ, որի այբուբենները կապված են ծագումնաբանական ընդհանրությամբ ու կերտված միասնական սկզբունքով։ Բացի Հնդկաստանից, Բանգլադեշից, Պակիստանից, Նեպալից և Շրի Լանկայից հնդկական գրի տարատեսակներն այս կամ այն չափով օգտագործվում են նաև հարևան շրջաններում, դա կապված է այդ տեղերում բուդդայական կրոնի ու գրականության տարածման հետ (գլխավորապես մեր թվարկության I հազարամյակ)։ Հնդկական գրի հիմնական տարատեսակները հասնում են մի քանի տասնյակի, ամենահինը հիերոգլիֆայինն է (մ. թ. ա. Ill—II հազարամյակ), որն առայժմ վերծանված չէ։ Վերծանված հնագույն գրային համակարգը վանկագիր բրահմին է։ Հնդկական գիրը բաժանվում է երեք հիմնական ճյուղերի։

Հնդկական գրի ճյուղերը[խմբագրել]

  • Հյուսիսային, որի մեջ մտնում են գուպտականը (օգտագործվել է YI—X դդ., Կենտրոնական Ասիայի սանսկրիտով և այլ լեզուներով տեքստերի համար), տիբեթականը (օգտագործվում է VII դարից), նագարին (VII— VIII դարերից) և սրա ուշ ձևը՝ դեվանագարին, շարադան (VIII դարից), նեվարին (XII դարից, այժմ իր տեղը զիջում է դեվանագարիին), բենգալականը (գլխավորապես XV դարից՝ բենգալերենի, սաամերենի, ինչպես նաև սանսկրիտի համար), օրիան, հուջարաթին, գուրմուքին։
  • Հարավային ճյուղը, որ առանձնանում է բոլորգիր գրատեսակով, ներկայացված է գրանթագրով (ավանդված է XIV դարից, օգտագործվել է սանսկրիտերեն տեքստերի համար) և Հարավային Հնդկաստանի ժամանակակից չորս գրական լեզուների (կաննադա, թելուգու, մալայալամ և թամիլերեն) այբուբեններով։
  • Հարավարևելյան ճյուղը ներառնում է Հնդկաստանից դուրս առաջացած սինգալական, բիրմական, լաոսական, թայական և այլ գրատեսակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png