Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դատավարություններից մեկի ժամանակ (ապրիլի 8, 1919)

«Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի», ժողովածու, որն ընդգրկում է 1919-20 թվականներին Կոստանդնուպոլսում տեղի ունեցած երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» («Իթթիհաթ վե Թերաքքի») կուսակցության ղեկավար գործիչների դատավարության այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են արևմտահայերի տեղահանությանը և ցեղասպանությանը՝ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ։ Նյութերը վերցված են 1919-20 թվականներին Պոլսում հրատարակվող «Թաքվիմի վեքայի» («Իրադարձությունների օրացույց») թուրքական պաշտոնաթերթի հավելվածից։

Ժողովածուն կազմված է առաջաբանից և երեք մասից։ Աոաջաբանում համառոտ տրված են հայերի ցեղասպանության իրագործման պատմությունը և 1919 թվականի Երիտթուրքերի դատավարության ընթացքը։ Առաջինին մասում տրված են երիտթուրքական կառավարության ղեկավարների և «Միություն և առաջադիմություն» կուսակցության ԿԿ անդամների, 2-րդ մասում՝ կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների և պաշտոնյաների, 3-րդ մասում՝ Յոզղատի, Տրապիզոնի, Բյոյուքդերեի և Խարբերդի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպողների դատավարության նյութերը։

Ժողովածուն պարունակում է նաև ամփոփումներ ռուսերեն և անգլերեն լեզուներով, դատավարության նյութերի լուսապատճեններ։

Ժողովածուի նյութերն ապացուցում են, որ արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում կատարված հայերի ցեղասպանությունը պետական մակարդակով մշակված և կազմակերպված գործողություն էր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի», աոաջաբանը, թարգմանական և ծանոթագրությունները՝ Ա. Հ. Փափազյանի, Ե., 1988։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։