Հայասացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայասացիներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտք
Հայասա
Հայասա-Ազզի
Փոքր Հայք
Լեզու(ներ)
Հավատք(ներ)

Հայասացիներ, ցեղային միություն Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Հայասայի և Հայասա-Ազզի դաշնային թագավորության հիմնական բնակչությունը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայասան և շրջակա երկրները մ.թ.ա. 15-12 դարերում:

Հայասական ցեղերը բնակվում էին հեթերից արևելք[2]։

Հեթական թագավոր Հաթթուսիլիս Գ-ի (մ.թ.ա. 1275-1250) «Ինքնակենսագրության» մեջ[3] հաղորդվում է, որ մ.թ.ա. 16-15-րդ դարերում, հեթերին հարևան ցեղերն ու թագավորները, Հեթական պետության թուլացումից օգտվելով, մխրճվեցին նրա տարածքի խորքերը։ Հատկապես հեռու, դեպի հարավ թափանցում են կասկերը, մեծ հաջողություններ են ունեցել նաև նրանցից արևել ընած ցեղերը։ Ազզիացիները ներխուժում են Վերին երկիրը և «սահման են դարձնում» Սամուխա լեռը, իսկ իսուվացիները, անցնելով Եփրատի աջ ափը, գրավում են Թեգարաման[4]։

Մ.թ.ա. 14-րդ դարի պատմական իրադարձությունների մասին համեմատաբար մանրամասն տվյալներ կան Թութհալիաս Գ-ի (մ.թ.ա. 1400-1380) և նրա որդու՝ Սուպպիլուլիումաս Ա-ի (մ.թ.ա. 1380-1340) արշավանքների տարեգրությունում, որը կազմվել է վերջինիս որդու՝ Մուրսիլիս Բ-ի (մ.թ.ա. 1340-1320) հրամանով, սակայն այն մեզ է հասել վնասված վիճակում[5]։ Դեռևս Թութհալիաս Գ-ին հաջողվում է կարճ ժամանակով հնազանդեցնել Հայասան։ Սակայն շուտով Սուպպիլիուլիումասը, դեռևս թագաժառանգ եղած ժամանակ, ստիպված է լինում պատժիչ արշավանք ձեռնարկել հայասացիների դեմ։ Բայց ճանապարհին նա հանդիպում է կասկերի 12 ցեղերի միացյալ աշխարհազորին և երկարատև պատերազմի բռնվում նրանց հետ։ Կասկերին ետ մղելուց հետո միայն Թութհալիաս Գ-ն նորից շարժվում է Հայասայի դեմ և ընդհարվում նրա թագավոր Կարանիսի հետ։ Ճակատամարտը տեղի է ունենում «Կումմախայից ցած»։ Սակայն, ինչպես երևում է, Թութխալիաս Գ-ն վճռական հաղթանակի չի հասնում, և հեթերը ստիպված են լինում հետագայում բազմաթիվ նոր արշավանքներ ձեռնարկել[4]։

Հայասայի արքա Հուկկաննասի (Խուկաննա) և Հեթական պետության արքա Սուպպիլուլիումաս Ա-ի միջև կնքված պայմանագիրը, որը կնքվել է մ․թ․ա․ 14-րդ դարում:

Սուպպիլուլիումաս Ա-ի գահակալության շրջանում տեղի է ունենում Միտաննիի դեմ մղված պատերազմը։ Պատերազմին նախորդող շրջանում տեղի է ունենում հեթերի հաջորդ ընդհարումը հայասացիների հետ, որից հետո Սուպպիլուլիումասի և Հայասայի թագավոր Հուկկաննասի միջև կնքվում է պայմանագիր[4][6]։

Այդ պայմանագրի համաձայն, Հայասայի թագավորը հավատարմության երդում է տալիս խեթական թագավորին և պարտավորվում ռազմական օգնություն նրան տրամադրել և պահել իրեն հայտնի դարձած հեթական պետական գաղտնիքները և, բացի դա, ինչպես ներկայումս, այնպես էլ հետագայում հանձնել Հեթական թագավորությունից Հայասա փախած անձանց։ Հեթական թագավորը Հուկաննասին կնության է տալիս իր քրոջը և այդ առթիվ դրվում են մի շարք հետաքրքրաշարժ պայմաններ.

«Իմ այն քույրը, որին ես, արևս, տվել եմ քեզ կնության, ունի շատ քույրեր, որոնք նրա նույն տոհմից (՞), նույն սերնդից են, իսկ այժմ նրանք նաև քոնն են, որովհետև դու ստացել ես նրանց քորջը։ Բայց Հաթի երկրում կա մի կարևոր օրենք՝ «եղբայրը իրավունք չունի մերձենալու իր քրոջը, դա մեղք է։ Իսկ նա, ով այդպես վարվի՝ կմեռնի»։ Իսկ ձեր երկիրը բարբարոսական է և ձեզ մոտ սովորություն է, որ եղբայրը մերձենա քրոջը և իր զարմուհուն։ Բայց Հաթթուսասում դա արգելված է... Եվ խուսափիր պալատական կանանցից... Երբ գալիս է պալատական կինը, հապճեպորեն փախիր և ազատիր նրա ճանապարհը»[4]։

Այնուհետև պատմվում է ոմն Մարիասի մասին, որը մահապատժի էր ենթարկվել, որովհետև հեթական թագավորը նրան տեսել էր պալատական կնոջը նայելիս։

«Եվ երբ դու վերադառնաս Հայասա, ապա հետագայում դու չպետք է մերձենաս քո եղբոր կանանց, քո քույրերին՝ Հաթթուսասում դա արգելված է։ Եվ երբ դու գաս պալատ, ապա նման բանը արգելված է։ Եվ այլևս կին չվերցնես Ազզի երկրից, իսկ նրան (. . . . . . ), ում դու տիրում ես, նրան օրենքով պետք է համարես քո երկրորդական կինը, նրան գլխավոր կին չդարձնես։ Եվ ետ վերցրու քո դստերը Մարիասից և տուր նրան եղբորը»[4]։

Պարզ է, որ հիշատակվող Մարիասն, իհարկե, նա չէ[7], որ մահապատժի ենթարկվեց հարեմային տիկնոջ հետ զրուցելու համար. ըստ երևույթին դա Հուկաննասի կառավարչակիցն է, քանի որ այնուհետև ասվում է. «Եթե դուք, հայասացիներդ, գալիս օրերում բարեկամաբար պաշտպանեք ինձ, ապա ես բարյացակամորեն կպաշտպանեմ ձեզ՝ հայասացիներից, և Մարիասին և Հայասայի մյուս խնամիներին և բարյացակամորեն կպաշտպանեմ ես Հայասա երկիրը»։ Իսկ շարունակության մեջ ասվում է, որ այս պայմանագիրը, երկիրն ավերելու սպառնալիքի տակ, պարտադիր է «հայասացիների և Մարիասի համար»[4]։

Քանի որ Մարիասը դիտվում էր որպես «Հայասայի խնամիներին» գլխավորողը, ապա ենթադրվում է, որ նա Ազզիի առաջնորդն էր, և Ազզին կապված էր Հայասայի հետ փոխադարձ ամուսնություններով։ Հայասան ոչ միայն կին էր վերցնում Ազզիից, և Ազզին՝ Հայասայից, այլև նրանց մոտ տիրում էր այն սովորույթը, որ ամուսինը իրավունք էր ստանում քենիների և իր տոհմի հետ ամուսնական կապերով կապված տոհմի նույն սերնդի մյուս կանանց նկատմամբ։ Հեթական թագավորը հակառակվում է այս սովորույթին, նա չի ցանկանում, որ իր քրոջը Հայասայի թագավորին կնության տալու փաստը վերջինիս իրավունք տար հեթական թագավորական ընտանիքի և հարեմի մյուս կանանց նկատմամբ։ Հեթական արքայադուստրը պետք է դառնար առաջիկն կինը՝ Հայասայի թագուհին[4]։

Հետաքրքիր է նաև այն, որ պայմանագրի տեքստում Սուպպիլուլիումասը դիմում է ոչ միայն Հուկաննասին՝ Հայասայի թագավորին, այլև «Հայասայի մարդկանց», որը ամենայն հավանականությամբ միջցեղային ժողովն էր կամ ավագների խորհուրդը[4]։

Նույն պայմանագրի տեքստից պարզ է դառնում, որ հայասացիները երկրագործական ցեղ էին, քանի որ նրանց կողմից պայմանները խախտելու դեպքում հեթական թագավորը սպառնում էր ոչնչացնել ի թիվս այլոց «ձեր տները, ձեր դաշտերը, (ձեր բնակավայրերը), ձեր խաղողի այգիները, ձեր մարգագետինները, ձեր եղջերավոր անասունները, ձեր ոչխարները...»[4]:

Բնակության տեղերոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներից պարզորոշվել է, որ հայասացիներով բնակեցված Հայասա-Ազզի թագավորության տարածքը տեղորոշվում է հեթական արձանագրությունների «Բարձր երկրից» (կամ «Վերին աշխարհ»), հյուսիս-արևմուտք, հին հայկական Բարձր Հայք նահանգի սահմաններում, արևմուտքում՝ բուն Փոքր Հայքի տարածքի ընդգրկմամբ։ Այդ ընդարձակ ցեղային միության կենտրոնական շրջանները գտնվում էին անտիկ աղբյուրների Ակիլիսենեում, որն ընդգրկում էր հին հայկական Եկեղյաց, Դարանաղի-Աղիվն և Մազուր գավառները։ Հեթերի և հայասացիների միջև ընդհարումները տեղի են ունեցել գերազանցապես Փոքր Հայքի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում ընկած տարածքներում, Հալիս և Գայլ-գետ գետերի ակունքների շրջանում։ Ավելի ուշ ժամաակներում, երբ Հայասա-Ազզին կազմող «երկրների» միությունը արդեն գոյություն չուներ, Հերոդոտոսը (մ.թ.ա. 490-424), ապա Դիոդորոս Սիկիլիացին (մ.թ.ա. 90-21) վկայում են մեկը՝ Արմենական լեռան (հուն․՝ Αρμενιον ορος), որտեղից սկիզբ է առնում Հալիս գետը, մյուսը՝ խոյերի ցեղի գոյության մասին հետագայում Տայք անունով հայտնի Մեծ Հայքի նահանգի տարածքում։ Ենթադրվում է, որ այս խոյ ցեղանվան հիմքում նշվարվում է նույն «Հայասա» անունը՝ առանց լուվիա-հեթական «սա» վերջավորության[1]։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզ հասած տվյալները Հայասա երկրի էթնիկական կազմի և լեզվի մասին այնքան կցկտուր են, որ դեռևս դժվար է որոշակի կարծիք կազմել այդ մասին։ Գերիշխող կարծիքն այն է, որ Հայասա-Ազզի երկրի բնակիչները պատկանում էին հուրիական ցեղերին[8]։ Սակայն պարզվել են այնպիսի փաստեր, որոնք կարող են խոսվել հօգուտ հայասացիների հնդեվրոպական ծագման[9]։ Իբրև վարկած հայտնված այս տեսակետը հետագայում զարգացրել է Գևորգ Ջահուկյանը։ Հայասայի լեզվից մեծ հասած սակավաթիվ տվյալների (հայասական անձնանունների ու տեղանունների) վերլուծությունը բերեց նրան այն եզրակացության, որ հայասական լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հին փոքրասիական լեզուների խեթական-նեսիական (ավելի ստույգ՝ խեթա-լուվիական) խմբին, կամ որ այն թերև ինքնուրույն հին փոքրասիական լեզու է։ Այս տվյալների հիման վրա փորձ է արվել պարզելու հայասական բաղադրատարրի բնույթը հայերեն լեզվի մեջ[10]։ Գևորգ Ջահուկյանը նույնիսկ ենթադրում է, որ «հայասական-իշուվական բարբառների մնացորդների» առկայություն կա ուրարտերենում և հայերենում[11][12]։

Հայ ժողովրդի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերիշխող է այն տեսակետը, ըստ որի հայ ժողովրդի ձևավորման համար որպես հիմք ծառայած հնագույն էթնիկական խումբը եղել է ցեղերի այն միավորումը, որը հայտնի է հեթական արձանագրություններից Հայասա-Ազզի անվանումով։ Էմիլ Ֆորրերի[13] և Գրիգոր Ղափանցյանի[14] ուսումնասիրություններից հետո համարվում է, որ այդ պետական միավորումն է տվել հայ ժողովրդին նրա hay ինքնանվանումը։ Պաուլ Կրեչմերը առաջինն է լեզվաբանորեն հիմնավորել այդ դրույթը, ըստ որի Hayasa անունը բաղկացած է Haya կամ Hayo հիմքից և sa վերջավորությունից, որը տարածված վերջածանց է Փոքր Ասիայի տեղանուններում[15][16] և կապվում է հեթա-լուվիական լեզվաշխարհի հետ[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971., էջ 192-193.
  2. «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971., էջ 153.
  3. Albrecht Götze, Die Annalen des Muršiliš, «Mitteilungen der Vorderasiatischen - Ägyptischen Gesellschaft», 38, Leipzig, 1933, էջ 87.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971., էջ 197-199.
  5. Hans Gustav Güterbock, «The Deeds of Suppiluliuma as Told by His Son, Mursili II», «Journal of Cuneiform Studies», X, 2-4.
  6. J. Friedrich, Staatsverträge des Hatti-Reiches, 2. Teil, «Mitteilungen der Vorderasiatischen - Ägyptischen Gesellschaft», 34,1, Leipzig, 1930, էջ 103.
  7. Բայց, հավանական է, որ նրա ազգականն է։
  8. Гр. Капанцян. «Хайаса- колыбель армян», passim: В. Бэнэцяну, Некоторые вопросы этногенеза армян, Ереван, ՊԲՀ 1961, №2, էջ 105-106.
  9. С. Т. Еремян, «К вопросу об этногенезе армян», էջ 101.
  10. Г.Б. Джаукян, «Хайасский язык и его отношение к индоевропейским языкам», էջ 78.
  11. Г.Б. Джаукян, «Хайасский язык и его отношение к индоевропейским языкам», էջ 43.
  12. «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971., էջ 194.
  13. E. Forrer, Hajasa-Azzi, «Caucasica», 1931, №9.
  14. Гр. Капанцян. «Хайаса- колыбель армян». Ереван, 1947 г.
  15. «Der nationale Name der Armenier Haik» («Հայերի Հայկ ազգային անունը»), Պաուլ Կրեչմեր, Anzeiger der Akad der Wiss in Wien, phil-hist Klasse, 1932 №1-7, 1932.
  16. «Հանդէս Ամսօրեայ», 1937, №7-8, էջ 429-432.
  17. «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971., էջ 190.