Կեղտաջրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կեղտաջրեր, տարբեր նպատակներով օգտագործված ջրի և զանազան թափոնների ու կեղտոտությունների խառնուրդ։ Կեղտոտությունները լինում են 3 վիճակում՝ լուծված, կոլոիդ և չլուծված կամ կախված։ Կենցաղային կեղտաջրերում լուծված կեղտոտությունների քանակը ընդհանուրի մոտ 50% է, կոլոիդներինը՝ մոտ 10% , կախված մասնիկներինը՝ մոտ 40%։ Ըստ իրենց բնույթի կեղտոտությունները լինում են անօրգանական կամ հանքային (ավազ, կավ, աղեր և այլն), օրգանական (սպիտակուցներ, ճարպեր և այլն) և կենսաբանական (մանրէներ, սնկեր և այլն)։ Օրգանական կեղտոտությունների քանակը ընդհանուրի մոտ 58% է, իսկ անօրգանական կեղտոտություններինը՝ մոտ 42%։ Լցվելով ջրավազանների (գետեր, լճեր, ծովեր) մեջ՝ կեղտաջրերը ջուրը կեղտոտում են, վարակում զանազան հիվանդությունների հարուցիչներով։ Օրգանական նյութերը, ենթարկվելով աերոբ (օդակյաց) քայքայման, կլանում են ջրի թթվածինը, որից հետո սկսվում է անաերոբ քայքայում՝ նեխում, ջրավազանը - «մահանում» է, դառնում անօգտագործելի։ Ջրավազանների պահպանման ուղիներից են ջրամատակարարման շրջադարձային համակարգերում արտադրական կեղտաջրերի օգտագործումը և արդյունաբերության մեջ անթափոն տեխնոլոգիական պրոցեսների ներդրումը, որոնց դեպքում ջրավազանների մեջ կեղտաջրեր չեն լցվում։ Սակայն հիմնականը, մինչև ջրավազանների մեջ լցնելը, կեղտաջրերի մաքրումն է, որը կատարվում է 3 եղանակով՝ մեխանիկական, կենսաբանական և ֆիզիկաքիմիական։

Մեխանիկական եղանակով կեղտաջրերը մաքրվում են կախված մասնիկներից, կատարվում է ճաղավանդակների, ավազորսիչների և պարզարանների միջոցով։ Ճաղավանդակները կեղտաջրերից անջատում են խոշոր չափերի կեղտոտությունները։ Օգտագործում են անշարժ ճաղավանդակներ և ճաղավանդակ-ջարդիչներ։ Ավազորսիչները կեղտաջրերը մաքրում են հանքային կեղտոտություններից, հիմնականում ավազից։ Պարզարաններում կեղտաջրերը մաքրվում են շատ փոքր չափեր և հիմնականում օրգանական ծագում ունեցող կեղտոտություններից։ Ըստ մաքրման կառույցների համակարգում ունեցած դիրքի, պարզարանները լինում են առաջնային (տեղադրվում են կենսաբանական մաքրման կառույցներից առաջ) և երկրորդային (տեղադրվում են այդ կառույցներից հետո), ըստ ջրի շարժման ուղղության՝ ուղղաձիգ, հորիզոնական և շառավղային։ Պարզարաններում կեղտաջրերից անջատվում են նաև թեթև կեղտոտությունները (նավթ, յուղեր և այլն)։

Կենսաբանական մաքրման խնդիրն է կեղտաջրերը մաքրել օրգանական ծագում ունեցող լուծված, կոլոիդ, ինչպես նաև պարզարաններում չանջատված կախված մասնիկներից։ Կենսաբանական մաքրման կառույցներում օդակյաց մանրէների գործունեության շնորհիվ կեղտաջրերի օրգանական նյութերը, միանալով թթվածնի հետ, օքսիդանում, քայքայվում և վերածվում են անօրգանական նյութերի։ Կատարվում է ոռոգման ու ֆիլտրման դաշտերի, կենսաբանական ջրավազանների ու քամիչների, աերոտենկերի միջոցով։ Ոռոգման և ֆիլտրման դաշտերը հարթ հողակտորներ են, որոնց մակերեսին լցված կեղտաջրերը հողի շերտի միջով քամվելով մաքրվում են։ Ոռոգման դաշտերը միաժամանակ օգտագործվում են նաև գյուղատնտեսական նպատակներով։ Կենսաբանական ջրավազաններում կեղտաջրերի մաքրումը կատարվում է բավական դանդաղ, մոտ 1 ամսվա ընթացքում։ Մաքրման համար օգտագործվում է մթնոլորտի թթվածինը։ Կենսաբանական քամիչները լինում են կաթիլային, մեծ բեռնվածության և աշտարակային։ Այդ քամիչը կլոր կամ ուղղանկյուն երկաթ բետոնե ավազան է՝ լցված քամող նյութով (բեռնվածքով)։ Որպես բեռնվածք օգտագործում են գրանիտի, բազալտի, տուֆի խիճ, խարամ, ինչպես նաև պլաստ մասսաներից ու կավից պատրաստված օղակներ, ցանցեր, թաղանթներ։ Բեռնվածքի ներսում առաջանում է կենսաբանական թաղանթ, որտեղ բազմանում են օդակյաց մանրէներ։ Կեղտաջրերն ընդհատումներով լցվում են բեռնվածքի մակերեսին և բեռնվածքի շերտի միջով քամվում։ Կենսաբանական թաղանթը կլանում է կեղտաջրերի օրգանական նյութերը և դրանք քայքայում, դարձնում անօրգանական։ Մաքրման համար անհրաժեշտ օդը տրվում է բնական կամ արհեստական օդափոխության միջոցով։ Աերոտենկը երկաթբետոնե երկար ավազան է, որտեղ կեղտաջրերը դանդաղ շարժվում և մաքրվում են։ Մաքրումն արագացնելու համար կեղտաջրերին տրվում է օդակյաց մանրէներով հարուստ ակտիվ տիղմ (երկրորդային պարզարաններից) և կատարվում օդահագեցում։ Ակտիվ տիղմը, որն ունի փաթիլային կազմություն, կլանում է կեղտաջրերում եղած օրգանական նյութերը՝ դրանք դարձնելով անօրգանական։

Ֆիզիկաքիմիական եղանակով մաքրվում են արտադրական կեղտաջրերը։ Կեղտաջրերին խառնում են քիմիական որևէ նյութ, որը փոխազդեցության մեջ մտնելով կեղտոտությունների հետ՝ արագացնում է կախված մասնիկների անջատումը (մակարդում, փաթիլացում, հարստացում և այլն), կլանում կամլուծում կեղտոտությունները (լուծահանում, սորբում, գոլորշիացում են), վնասակար նյութերը դարձնում անվնաս (չեզոքացում, օքսիդացում և այլն)։ Մաքրումից հետո կեղտաջրեր քլորով, քլորակրով, օզոնով կամ էլեկարոլիզի միջոցով ախտահանում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png