Լեբյաժեից հայտնում են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեբյաժեից հայտնում են
ռուս.՝ Из Лебяжьего сообщают
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎասիլի Շուկշին
Սցենարի հեղինակՎասիլի Շուկշին
ԵրաժշտությունՆիկոլայ Բուդաշկին
ԿինոընկերությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Մոսֆիլմ
Տևողություն32 րոպե
IMDbID 0175780

«Լեյաժեից հայտնում են» (ռուս.՝ «Из Лебяжьего сообщают»), 1960 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ, ՎԳԻԿ-ի ուսանող Վասիլի Շուկշինի դիպլոմային աշխատանքը, որը դարձել է նրա առաջին ինքնուրույն ֆիլմը։ Շուկշինը ֆիլմում հանդես է եկել ոչ միայն որպես ռեժիսոր և սցենարիստ, այլև խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը պատմում է կուսակցության գյուղական շրջկոմի մեկ օրվա մասին ամառային բերքահավաքի ժամանակաշրջանում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջկոմի քարտուղար Իվան Եգորովիչ Բայկալովն իր մոտ է կանչում շրջկոմի հրահանգիչ Պյոտր Իվլևին և խնդրում նրան գնալ Լեբյաժե[2]. այնտեղ չեն հասցնում հավաքել հացահատիկը, իսկ երեք օր անց անձրևներ են սպասվում. Իվլևը պետք է լրացուցիչ տեխնիկա գտնի և մարդկանց մոբիլիզացնի՝ աշխատանքը հնարավորինս արագ ավարտին հասցնելու համար։ Միևնույն ժամանակ, քարտուղարի ընդունարանում հանդիպում են կակազող մեխանիկ Սենյա Գրոմովը, որն շտապ փնտրում է դեֆիցիտ ծնկաձև լիսեռներ, և կրպակի աշխատող Եվգենի Իվանովիչը, որը եկել է Բայկալովի մոտ՝ ենթադրաբար ապօրինի հաշվարկված ալիմենտի հարցով, բայց ստացել է խիստ պատասխան։ Նաումովան՝ բժշկի կինը, նույնպես մտնում է Բայկալովի գրասենյակ. նա քարտուղարին խնդրում է ազդել ամուսնու վրա, որը սիրավեպ է սկսել մեկ այլ կնոջ հետ։ Բայկալովին ուղարկված անանուն գրությունից պարզ դառնում է նաև, որ Իվլևի կինը դավաճանում է ամուսնուն ուրիշի հետ։

Ընդունարանից միասին դուրս եկող Սենյայի ու Եվգենի Իվանովիչի միջև զրույց է սկսվում, և Սենյան խնդրում է Եվգենի Իվանովիչին օգնել ձեռք բերել ծնկաձեւ լիսեռները։ Երբ նա համաձայնում է, Սենյան նրան տանում է թեյարան, որտեղ նրան օղի է հյուրասիրում, բայց Եվգենի Իվանովիչը սկսում է բղոքել իր վերադասներից և կասկած է հայտնում, որ կոմունիզմը երբևէ կկառուցվի, որից հետո Սենյան վռնդում է նրան։

Երեկոյան Բայկալովը գնում է Նաումովի մոտ, որտեղ նրան արդեն սպասում է մի կին, որը եկել է նրա մոտ։ Բայկալովը զարմանում է, որ լինելով մասնագիտությամբ ուսուցիչ՝ Նաումովան չի ցանկանում աշխատել այն գյուղում, որտեղ ուղարկել են իր ամուսնուն, այլ նստում է տանը։ Նաումովը գալիս է, և Բայկալովը հարցնում է նրան, թե արդյոք նա սիրում է մեկ այլ կնոջ։ Նա դրական պատասխան է տալիս։ Բայկալովը Նաումովին խնդրում է մտածել նախքան ամուսնալուծության որոշում կայացնելը, և, դուրս գալով փողոց, հանդիպում է Իվլևին, որը դեռ չի գնացել Լեբյաժե։ Նրանք խոսում են, իսկ ավելի ուշ Բայկալովը մտնում է Իվլևի տուն ու իմանում, որ նա կնոջը տնից վռնդել է դավաճանության համար։ Բայկալովը Իվլևի համար մեքենա է կանչում, և նա գնում է Լեբյաժե։ Նրա հետ գնում է նաև Սենյան, որին հաջողվել է ձեռք բերել ծնկաձև լիսեռները։

Ֆիլմն ավարտվում է Լեբյաժեից Իվլևի զանգով Բայկալովին. նա հայտնում է, որ մեքենաները գտնվել են, և աշխատանքն առաջ է ընթանում ըստ պլանի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վասիլի Մակարով – Իվան Եգորովիչ Բայկալով, կուսակցության շրջկոմի քարտուղար
  • Վասիլի ՇուկշինՊյոտր Իվլև, շրջկոմի հրահանգիչ
  • Լեոնիդ ԿուրավլյովՍենյա Գրոմով, կակազող մեխանիկ, որը պետք է ձեռք բերի ծնկաձև լիսեռներ
  • Նիկոլայ Գրաբբե – Եվգենի Իվանովիչ, կրպակի աշխատող
  • Լեոնիդ Չուբարով – Գրայ
  • Իրինա Ռադչենկո – Նաումովա
  • Յուրի Չեկուլաև – Նաումով, բժիշկ
  • Ալեքսեյ Բախար – բրիգադիր (լուսագրերում նշված չէ)
  • Էմմա Ցեսարսկայա – բուֆետապանուհի (լուսագրերում նշված չէ)
  • Իգոր Բեզյաև – թեյարանի հարբած այցելու (լուսագրերում նշված չէ)
  • Յուլիանա Բուգաևա – մատուցողուհի (լուսագրերում նշված չէ)

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումից դեռ երկու տարի առաջ Շուկշինը եղբորն ուղղված նամակում գրել է գյուղի մասին ֆիլմ նկարահանելու իր ծրագրերի մասին. «Հարցը սցենարի մեջ է։ Մեծ ֆիլմ եմ մտածել, սցենարը ինքս կգրեմ։ Կարո՞ղ է հաստիքային սցենարիստներն ինձանից լավ գիտեն գյուղը։ Բացի այդ ես պետք է վերակենդանացնեմ իմ հիշողությունը այժմ և, ի դեպ, հանգստանամ Մոսկվայից։ Մի խոսքով, ես որոշակի կենսախնդությամբ առաջ եմ նայում»[3]:64։ Շուկշինի սցենարը սկզբնապես կոչվել է «Ցանք» (ռուս.՝ «Посевная») և բազմիցս վերափոխվել է։ Սկզբնական սցենարում, մասնավորապես, Գրայը (Բայկալովի աշխատասենյակում ներկաներից մեկը) պետք է ներկայանար որպես «եռյակի երջանիկ հայր»[4]:42–43, եղել է «դերասանների հետ շրջկոմի քարտուղարի զրույցի» դրվագ[4]:44։ ԽՍՀՄ մշակույթի նախարարության ֆիլմերի արտադրության վարչության պետ Իգոր Ռաչուկը, սակայն, բացասական արձագանք է ուղարկել սցենարի վերաբերյալ՝ նշելով, թե «մարդիկ, որոնց հետ մեզ ծանոթացնում է հեղինակը, այնքան չեն առաջացնում ոչ համակրանք, ոչ հարգանք, որ մինչև վերջ կարդալով սցենարը՝ դժվար է ուրախանալ այդ մարդկանց տարած արտադրական հաղթանակի կապակցությամբ»[4]:44։ Գրախոսի կարծիքով՝ ֆիլմի սցենարը «մեզ ըստ էության պատմում է այն մասին, թե որքան կեղտոտ գործերի միջով պետք է անցնեն շրջանի ղեկավարները, որքան ժուլիկների և մորթեպաշտների հետ պետք է բախվեն ազնիվ մարդիկ, որպեսզի բերքահավաքը բարեհաջող ավարտին հասցվի»[4]:45։ Դրանից հետո սցենարը վերամշակվել է։

Ինքը՝ Շուկշինը, դիպլոմի տեսական մասում նշել է, որ սցենարը մտահղացվել է «որպես պատմվածք շրջկոմի քարտուղարի մասին ժամանակի ընթացքում. ինչ նրա հետ պատահել է ութ ժամում, այդ էլ հայտնվել է պատումի մեջ», և որ ինքը «ցանկացել է գրել սցենար, որը կլիներ ասես առանց սկզբի և առանց վերջի»[4]:49, 47։ Ընդ որում, վերջում նա խոստովանել է, որ ֆիլմի թերություններից մեկն այն է, որ ինքը «նկարահանման ժամանակ հեռացել է սցենարից։ Սցենարն ավելի լավն էր»[4]:52։

Ֆիլմը նկարահանվել է Վոլոկոլամսկում, թեև գործողությունները, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենում Ալթայի գյուղերից մեկում[5]:212։ Ֆիլմի հերոսների գործողությունների վայրը և ազգանունները զուգահեռներ են գտնում նաև շուկշինյան «տիեզերքի» այլ ստեղծագործություններում. այսպես, Բայկալով ազգանունը հանդիպում է «Լյուբավինները» վեպում և «Կարմիր բռինչ» ֆիլմում, իսկ Լեբյաժե անունը կրում է գյուղը «Հայրենակիցներ» (ռուս.՝ «Земляки») պատմվածքում[3]:67։ Ֆիլմում ակնարկ կա նաև գրողի պատմվածքների առաջին՝ «Գյուղի բնակիչները» (ռուս.՝ «Сельские жители») ժողովածուի վերաբերյալ (հմմտ. «Ծնկաձև լիսեռներ» (ռուս.՝ «Коленчатые валы») պատմվածքի սյուժեն)[6]:255։ Լեոնիդ Կուրավլյովը, որը ֆիլմում կատարել Է հիմնական դերերից մեկը, ասել է, որ իր կերպարը՝ Սենյա Գրոմովը, էսքիզ է Պաշկա Կոլոկոլնիկովի ապագա դերի համար Ապրում է այսպիսի տղա» ֆիլմից[7]:410։

Նկարահանումներից ավելի քան կես դար անց ֆիլմն ընկալվում է որպես գավառական քաղաքի, Խրուշչովյան ժամանակաշրջանի բնակիչների կենցաղի և աշխարհայացքի վավերագրական տեսանկարահանում։ Ֆիլմը ներկայացնում է այդ ժամանակվա Վոլոկոլամսկի այժմ ճանաչելի և խորհրդանշական շենքերը՝ Վոլոկոլամսկի Կրեմլը (առանց Նիկոլսկի տաճարի գմբեթի և առանց ցանկապատի), շրջանային ադմինիստրացիան (այժմ՝ քաղաքային գրադարան), Սբերբանկը (այժմ՝ «Միասնական Ռուսաստան» քաղաքական կուսակցության Վոլոկոլամսկի մասնաճյուղ), քաղաքի փողոցներն ու նրբանցքները։

Կինոգետ, Շուկշինի ստեղծագործության ուսումնասիրող Յուրի Տյուրինի կարծիքով՝ իր առաջին ֆիլմում Շուկշինը, ձգտելով փոխանցել կյանքի բնական ընթացքը, գիտակցաբար, գուցե նույնիսկ ներքուստ բանավիճելով «դինամիկ կինեմատոգրաֆիայի» միտման հետ, սահմանափակվում է արտահայտիչ միջոցների նվազագույն հավաքածուով[3]:67։ Շրջանավարտների այլ աշխատանքների ֆոնին Շուկշինի դիպլոմը բավականին համեստ տեսք է ունեցել, թեև արժանացել է գերազանց գնահատականի[3]:59, 73։

«Օկտյաբր» ամսագրի արձակի բաժնի վարիչ Օլգա Ռումյանցևան, որի ընտանիքը ընկերություն էր անում Շուկշինի հետ և նրան ճանաչում էր միայն որպես սկսնակ գրող, ասել է, որ իր երեխաները ներկա են եղել Շուկշինի դիպլոմի պաշտպանությանը և ասել են. «Լեբյաժեից հայտնում են, որ սովետական գրականության և կինոյի երկնքում ծագել է նոր պայծառ աստղ՝ Վասիլի Շուկշինը։ Նրանք նաև նշել են, որ դիպլոմի ղեկավար Միխայիլ Ռոմը նրան բարձր գնահատական է տվել[8]:267[9]:163–164։

Ըստ Շուկշինի ընկերոջ՝ Ալեքսանդր Սարանցևի հուշերի, որը սովորել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետում Շուկշինից մեկ կուրս բարձր, ծանոթ ռեժիսորների՝ Ռենիտա Գրիգորևայի և Յուրի Գրիգորևի միջոցով հաջողվել է կազմակերպել Շուկշինի հանդիպումը Սերգեյ Գերասիմովի հետ։ Շուկշինը, որն արդեն ավարտել էր ՎԳԻԿ-ը, այդ ժամանակ ոչ աշխատանքի ուներ, ոչ էլ բնակարան։ Ֆիլմը դիտելուց հետո Գերասիմովն ասել է «Դե ինչ, ծերուկ... Շատ լավ է։ Աֆորիստիկ։ Իսկ ջրհորի մոտի դրվագը պարզապես հիանալի է»։ Դրանից հետո Գերասիմովը Շուկշինին հրավիրել է «Մոսֆիլմ», և նա կարողացել է սկսել աշխատել իր առաջին լիամետրաժ ֆիլմի վրա[7]:401։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фёдор Раззаков. Чтобы люди помнили (Litres, 27 авг. 2016 г.)
  2. Պարզ չէ, թե կոնկրետ որ բնակավայրի մասին է խոսքը։ Ալթայի երկրամասում, որտեղ տեղի է ունենում ֆիլմի գործողությունները, այս անունը կրում է 5 բնակավայր.
    • Լեբյաժե (ռուս.՝ Лебяжье), գյուղ Ռուսաստանի Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքային օկրուգում,
    • Լեբյաժե (ռուս.՝ Лебяжье), գյուղ Ռուսաստանի Ալթայի երկրամասի Եգորևսկի շրջանում,
    • Լեբյաժե (ռուս.՝ Лебяжье), գյուղ Ռուսաստանի Ալթայի երկրամասի Կրասնոգորսկի շրջանում,
    • Լեբյաժե (ռուս.՝ Лебяжье), գյուղ Ռուսաստանի Ալթայի երկրամասի Պավլովսկի շրջանում,
    • Լեբյաժե (ռուս.՝ Лебяжье), գյուղ Ռուսաստանի Ալթայի երկրամասի Պերվոմայսկի շրջանում։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ю. П. Тюрин. Кинематограф Василия Шукшина. М.: Искусство, 1984.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Василий Шукшин: жизнь в кино (Сборник документов) / Сост. и коммент.: Коротков И. А., Огнева Е. В., Фомин В. И. Барнаул: Гос. музей истории лит., искусства и культуры Алтая, 2009.
  5. Он похож на свою родину: Земляки о Шукшине / Сост. В. И. Ащеулов, Ю. Г. Егоров. Барнаул: Алт. кн. изд-во, 1989.
  6. Горн В. Ф. Василий Шукшин: Личность. Книги. Барнаул: Алт. кн. изд-во, 1990.
  7. 7,0 7,1 Шукшин В. М. Собрание сочинений: в 6 кн. Кн. 5. Калина красная. М.: Надежда-1, 1998.
  8. О Шукшине: Экран и жизнь. / Сост. Л. Н. Федосеева-Шукшина, Р. Д. Черненко; Предисл. С. Герасимова. М.: Искусство, 1979.
  9. Шукшин В. М. Собрание сочинений: в 6 кн. Кн. 2. Верую! Произведения 60-70-х гг. М.: Надежда-1, 1998.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тюрин Ю.П. Иду в путь свой («Из Лебяжьего сообщают») // Кинематограф Василия Шукшина. — М.: Искусство, 1984. — С. 54—73. — 320 с.
  • Шестакова И.В. Выбор пути: «Из Лебяжьего сообщают» // Интермедиальная поэтика раннего кинематографа В.М.Шукшина. — Барнаул: Изд-во Алт. ун-та, 2013. — С. 10—25. — 179 с.
  • Касьянова О. «Из Лебяжьего сообщают»: Кино от колодца // Воспоминания о Шукшине / Сост. Л. Аркус, В. Степанов, А. Чечот. — М.: Фонд «Формула успеха» им. В.М. Шукшина, 2017. — С. 82—88. — 304 с.
  • Кириллова Н.Б. …Нравственность есть правда… Философия творчества Василия Шукшина // Парадоксы медийной культуры : избр. статьи. — Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2017. — С. 237—262. — 452 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]