Լակտանտիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լակտանտիոս (լատ.՝ Lucius Caecilius Firmianus Lactantius, մոտ 250325թթ.), քրիստոնյա հեղինակ, ճարտասան (հռետոր)։ Կոչվել է «Քրիստոնեության Կիկերոն»[1]։

Կյանքը[խմբագրել]

Ծնվել է III դարի կեսերին Աֆրիկայում հեթանոս ընտանիքում։ 290թ. Դիոկղետիանոս կայսեր կողմից հրավիրվել է Նիկոմիդիա` հռետորական դպրոցում դասխոսելու համար։ Ենթադրվում է, որ մոտավորապես այդ ժամանակ դարձել է քրիստոնյա։ 303թ., երբ Դիկղետիանոսը հրատարակում է քրիստոնյաների հանդեպ հալածանքների իր հրամանը, Լակտանտիոսը թողնում է իր պաշտոնը և սկսում զբաղվել գրական ստեղծագործությամբ` պաշտպանելով քրիստոնեական կրոնը։

Շուրջ 317 թվականին Կոստանդիանոս կայսրը հրավիրում է նրան Գաղիայի Տրևերս (Տրիր) քաղաք՝ իբրև իր որդու՝ Կրիսպոսի ուսուցիչ։ Այդ թվականից հետո Լակտանտիոսի մասին որևէ հիշատակում մեզ հասած աղբյուրներում բացակայում է։

Գրվածքները[խմբագրել]

Լակտանտիոսը գրել է բազմաթիվ երկեր, որոնցից մեզ հասել են հետևյալ գործերը.

  • Աստվածային ուսմունքներ (7 գիրք, լատ.՝ Divinae Institutiones)։ Համարվում է Լակտանտիոսի ամենակարևոր աշխատությունը, գրվել է 304-313թթ. միջև։ Հանդիսանում է լատիներեն լեզվով գրված քրիստոնեական հավատքի շարադրության առաջին փորձը։ Այն քրիստոնեական ջատագովական բնույթի երկ է և քրիստոնեական վարդապետության հիմնական հարցերի ներածություն։
  • Աստծո արարչագործության մասին (լատ.՝ De Opificio Dei)։ Գրվել է 303-304թթ.։ Ուղղված է այդ ժամանակ իշխող փիլիսոփայական ուղղությունների՝ մարդու մասին ունեցած տեսությունների դեմ։ Հեղինակը փորձում է ապացուցել, որ մարդկային մարմինն ու հոգին ստեղծված են Աստծո կողմից։
  • Աստծո զայրույթի մասին (լատ.՝ De Ira Dei)։ Գրվել է 313թվականից առաջ, ուղղված է էպիկուրյաննների և ստոիկյանների վարդապետության դեմ։ Հեղինակը փորձում է հիմնավորել, որ Աստվածային զայրույթը անհրաժեշտություն է չարիքի պատժման համար, քանի որ Աստված որքան բարի է, նույնքան և արդարադատ։
  • Հալածողների մահվան մասին (լատ.՝ De mortibus persecutorum)։ Գրվել է 314-317թթ. միջև։ Լակտանիտիոսը ներկայացնում է քրիստոնեության հալածողների թշվառ վախճանը Ներոնից սկսած մինչև Մաքսիմինոս։
  • Փյունիկ թռչունի մասին (լատ.՝ de Ave Phoenice)։ Չափածո բանաստեղծություն, ուր պատմվում է Փյուիկ թռչունի առասպելը, ըստ որի Փյունիկը հազար տարին մեկ անգամ գալիս է հեռավոր Արևելքից Փյունիկե, ուր նստում է արմավենու մի տերևի վրա և մահանում, իսկ նրա անկենդան մարմինը բռնկվում է ու ինքնիրեն այրվում։ Մոխրից ծնվում է նոր Փյունիկ թռչուն, որը թռչում է Եգիպտոս, իսկ այնուհետև նորից Արևելք։ Փյունիկը քրիստոնեական վերածննդի և մեռելների հարության խորհրդանիշն է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Եզնիկ ծ. վրդ. Պետրոսյան, Հայրաբանություն (Ա մաս, Բ-Գ դդ), Էջմիածին, 1996, էջ 230։