Իվան Պուլյույ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Պուլյույ
ուկրաիներեն՝ Іван Павлович Пулюй
Ծնվել էփետրվարի 2, 1845(1845-02-02)[1]
Hrymailiv, Tarnopol District, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Մահացել էհունվարի 31, 1918(1918-01-31)[1][2] (72 տարեկան)
Սմիչով, Չեխիա[2]
ԳերեզմանMalvazinky Cemetery
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունֆիզիկոս, լեզվաբան, թարգմանիչ, գյուտարար, համալսարանի դասախոս, աստվածաշնչի թարգմանիչ, գրող, էլեկտրատեխնիկ և մեկենաս
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան[3] և Չեխիայի տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա[4], էլեկտրատեխնիկա[4] և меценатство[4]
ԱնդամակցությունՏարաս Շևչենկոյի անվան գիտական ​​ընկերություն
Ալմա մատերՎիեննայի համալսարան, Ստրասբուրգի համալսարան[5] և Barbareum?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6], ուկրաիներեն[4] և չեխերեն[4]
Գիտական ղեկավարԱվգուստ Կունդտ[5] և Viktor von Lang?[5]
 Ivan Pulyui Վիքիպահեստում

Իվան Պուլյույ (ուկրաիներեն՝ Іва́н Па́влович Пулю́й, գերմ.՝ Johann Puluj, փետրվարի 2, 1845(1845-02-02)[1], Hrymailiv, Tarnopol District, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - հունվարի 31, 1918(1918-01-31)[1][2], Սմիչով, Չեխիա[2]), ուկրաինացի ֆիզիկոս, էլեկտրատեխնիկ, գիտության կազմակերպիչ, հասարակական գործիչ։ Հայտնի է որպես կատոդների ճառագայթների հետազոտության պիոներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Պուլյույը ծնվել է 1845 թվականին հույն կաթոլիկ ընտանիքում, որն աչքի է ընկել կրոնական խոր հավատքով։

1865 թվականին ավարտել է Տերնոպոլի գիմնազիան և ընդունվել Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետ, որն ավարտել է գերազանցությամբ։ Ավելի ուշ ընդունվել է նույն համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ֆիզիկա-մաթեմատիակական բաժանմունք, որտեղ սովորել է մինչև 1872 թվականը։ Եղել է Վիեննայի համալսարանի դոցենտ։ 1874-1875 թվականներին ֆիզիկա է դասավանդել Ֆիումի (այժմ՝ Ռիեկա, Խորվաթիա) Ռազմածովային ակադեմիայում։

1875 թվականին Իվան Պուլյույը՝ որպես ավստրիական լուսավորության նախարարության թոշակառու, իր մասնագիտական հմտությունները բարելավել է Ստրասբուրգի համալսարանում պրոֆեսոր Ավգուստ Կունդտի ղեկավարությամբ։ 1876 թվականին Իվան Պուլյույը ստացել բնական փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան՝ պաշտպանելով «Ներքին շփման գազերի կախվածությունը ջերմաստիճանից» թեմայով ատենախոսություն։

1884 թվականին Ավստրո-Հունգարիայի լուսավորության նախարարությունը առաջարկել է Իվան Պուլյույին որպես փորձարակական ու տեխնիկական ֆիզիկայի պրոֆեսոր գլխավորել Պրահայի Գերմանիական բարձրագույն տեխնիկական դպրոցի (այժմ՝ Չեխիայի տեխնիկական համալսարան) ֆիզիկայի ամբիոնը, որտեղ Եվրոպայում առաջին անգամ ձևավորվել էր ֆիզիկայի ու էլեկտրատեխնիկայի ամբիոնը։ 1888-1889 թվականներին Իվան Պուլյույը եղել է դպրոցի ռեկտորը, իսկ իր հիմնադրած ամբիոնը գլխավորել է 32 տարի։ բացի այդ, Իվան Պուլյույը եղել է Չեխիայի ու Մորավիայի պետական խորհրդականը էլեկտրատեխնիկայի հարցերով։

1916 թվականին նրան առաջարկել են Ավստրիայի լուսավորության նախարարի պաշտոն, որից նա հրաժարվել է առողջական հանգանմանքից ելնելով։

Մահացել է 1918 թվականին Պրահայում, որտեղ էլ թաղվել է։ Որդին՝ Ալեքսանդր Պուլյույը (1901-1984), եղել է ավստրիացի կինոպրոդյուսեր, իսկ իր կինը՝ Ալֆրեդա Պուլյույ-Հոենտալը (1926-1985)՝ քանդակագործ։

Կյանքի օրոք Իվան Պուլյույը սիրել է ասել. «Ինչ որ պետք է տեղի ունենա, անպայման տեղի կունենա, և դա լավագույնն է, քանի որ դա է Տիրոջ կամքը»։

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Պուլյույը էլեկտրական հոսանքում առաջացող վակուումով հետաքրքրվել է դեռևս Ստրասբուրգի համալսարանում։ Յուրացնելով ապակի փչելու մասնագիտությունը՝ նա ապակե տարաներ է փչել ինչպես իր փորձերի, այնպես էլ գործընկեր ֆիզիկոսների համար։ Նրա հետ բարեկամացած Նիկոլա Տեսլան, որն իր հերթին ևս այդ ժամանակ սովորում էր պրոֆեսոր Ա. Կունդտի մոտ, Պուլյույից սովորել է ապակի փչելը։ Պուլյույն ու Տեսլան, իրականացնելով մի շարք փորձեր գազակարգավորման խողովակներով, գիտության շատ պատմաբանների ու ֆիզիկոսների կարծիքով շատ մոտ են եղել կատոդային ճառագայթների գաղտնիքը բացահայտելուն։ 1880-1882 թվականներին նա մանրամասն նկարագրել է կատոդային ճառագայթները։ Որոշ ժամանակ սերիական արտադրության է մտել մի սարք, որը հայտնի է «Պուլյույի լամպ» անունով։

Պուլյույի լամպի մշակումից 14 տարի անց հրապարակվել է Վիլհելմ Ռենտգենի աշխատանքը նոր տեսակի ճառագայթների բացահայտման մասին։ Ինչպես հետագայում է պարզվել, Պուլյույի լամպը նույնպես այդպիսի ճառագայթներ է արձակել, որոնք մարդաբան Ալբերտ Կյոլիկերի առաջարկով հետագայում կոչվել են «ռենտգենյան»։ Նրա օգնությամբ Պուլյույն աշխարհում առաջին անգամ կատարել է 13-ամյա տղայի կոտրված ձեռքի նկար, իր դստեր ձեռքի նկարը՝ նրա տակ դրված քորոցով, ինչպես նաև մահացած ծնված երեխայի կմախքը։ Պուլյույի կատարած ռենտգենյան լուսանկարները այնքան պարզ են եղել, որ դա թույլ է տվել տեսնել նկարվողների մարմինների փոփոխությունները։

Ժամանակակից ուկրաինական մամուլում կարծիք է հայտնվել, որ ոչ թե Ռենտգենը, այլ Պուլյույն է եղել ռենտգենյան ճառագայթների բացահայտողը։ Այս տեսակետը ժխտվել է Պուլյույին նվիրված մենագրության մեջ (Ռ. Գայդա, Ռ. Պլյացկո, Լվով, 1998)[7], որտեղ մանրամասն ուսումնասիրված են այս տեսության զարգացումն ու նրա աղբյուրները[8]։ Սակայն Պուլյույը մեծ ներդրում ունի ռենտգենյան ճառագայթների առաջին փուլի ուսումնասիրություններում, քանի որ նրա մշակած լուսավորող կատոդային խողովակները հարմար են եղել ռենտգենյան աղբյուրների կիրառման համար (մասնավորապես, դրան նպաստել է հակակատոդի առկայությունը)։ Այսպես, Պուլյույի առաջին հոդվածը ռենտգենյան ճառագայթների առաջացման ու նրանց լուսանկաչական գործողության վրա զեկուցման ձևով ներկայացվել է 1869 թվականի փետրվարի 13-ին Վիեննայի ակադեմիայում։ 1896 թվականի հունվարին Պուլյույն արդեն կատարել է ռենտգենյան որակյալ լուսանկարներ (սպանված ծովախուզուկի լուսանկարը հրապարակվել է 1869 թվականի հունվարի 31-ին), նույն թվականի փետրվարին նա հրապարակայնորեն ցուցադրել է նոր ճառագայթները և դրանց օգնությամբ կատարված մարմնի տարբեր մասերի, պատյանով առարկաների լուսանկարներ[7]։ Պուլյույն առաջինն է բացահայտել գազերում էլեկտրահաղորդականությունը, որոնք լուսավորված են ռենտգենյան ճառագայթներով, և եղել է առաջին ֆիզիկոսներից մեկը, որ այդ ճառագայթներն օգտագործել է բժշկության մեջ հիվանդություններն ախտորոշելու նպատակով։ Նա առաջինն է արել մարդու ամբողջական կմախքի ռենտգենյան լուսանկար[7]։

Իվան Պուլյույի հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական նամականիշ՝ նվիրված Իվան Պուլյույի ծննդյան 150-ամյակին (1995)

Պուլյույը գիտական մոտ 50 աշխատության հեղինակ է ուկրաիներենով, գերմաներենով և անգլերենով, որոնք հիմնականում նվիրված են կատոդային ճառագայթմանը ու ռենտգենյան ճառագայթներին։

  • Strahlende Elektrodenmaterie //Wiener Berichte I. — 1880. — 81. — S.864 −923; II. — 1881. — 83. — S.402-420; III. 1881. — 83. — S.693-708; IV. — 1882. — 85. — S.871-881.
  • Strahlende Elektrodenmaterie und der sogenannte vierte Aggregatzustand' — Wien; Verlag Carl Gerold Sohn, 1883.
  • Radiant Elektrode Matter and the so Called Fourth State. -London: Physical Memoirs, 1889. — Vol. l, Pt.2. — P.233-331.
  • Über die Entstehung der Röntgen‘schen Strahlen und ihre photographische Wirkung //Wiener Berichte. — 1896. — Bd. 105. — S. 228—238.
  • Die Röntgenische Entdeckung neuer Eigenschajten der sog.
  • Kathodenstrahlen //Bohemia. — 1896. — 11.01

Վերջին երկու աշխատանքները առաջիններից էին, եթե չասենք առաջինը, որոնք x-ճառագայթներն անվանել են ռենտգենյան ճառագայթներ։

Ներդրում ուկրաինական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Պուլյույը հայտնի է նաև ուկրաինական մշակույթում իր ներդրումով։ Դեռևս Տերնոպոլի գիմնազիայում սովորելու տարիներին նա հիմնադրել է «Գրոմադա» խմբակը, որի նպատակն է եղել հանրահռչակել ուկրաինական պատմությունն ու մշակույթը։ Ուսանողական տարիներին նա կազմակերպել է խմբակ Վիեննայի ուկրաինացիներին միավորելու համար։ Կուլիշ Պանտելեյմոնի ու Իվան Նեչույ-Լևիցկու հետ Իվան Պուլյույը մասնակցել է Աստվածաշնչի ուկրաիներեն թարգմանությանը, որը հրատարակվել է 1904 թվականի փետրվարին «Բրիտանական աստվածաշնչյան ընկերության» ջանքերով[9]։ Պուլյույը սատարել է Լվովում համալսարանի բացմանը և հոդված է հրապարակել՝ ի պաշտպանություն ուկրաիներենի։ Նա Ավստրո-Հունգարիայում ուկրաինացի ուսանողների համար կազմակերպել է կրթաթոշակ։ Շևչենկոյի անվան գիտական միության իսկական անդամ է եղել։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տերնոպոլի ազգային տեխնիկական համալսարանը կրում է Իվան Պուլյույի անունը։
  • Կիևում, Լվովում ու Դնեպրում կան Իվան Պուլյույի անունով փողոցներ։
  • 1995 թվականին թողարկվել է Ուկրաինայի դրոշմանիշ՝ նվիրված Իվան Պուլյույին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Пулюй Іван ПавловичInstitute of the History of Ukraine.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých fary Smíchov, sign. SM Z21, s. 43 — Vol. SM Z21. — P. 43.
  3. https://vue.gov.ua/%D0%9F%D1%83%D0%BB%D1%8E%D0%B9,_%D0%86%D0%B2%D0%B0%D0%BD_%D0%9F%D0%B0%D0%B2%D0%BB%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Mathematics Genealogy Project — 1997.
  6. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  7. 7,0 7,1 7,2 Гайда Роман, Пляцко Роман. Іван Пулюй. 1845—1918: Життєписно-бібліографічний нарис / Наукове товариство імені Шевченка у Львові / Олег Купчинський (відп. ред.). — Львів. — 1998. — 284 с. — (Визначні діячі НПШ; 7). — На обкл. автор не зазначений. — ISBN 5-7707-8500-4.
  8. Фіалков Л. Іван Пулюй ніколи не спростовував відкриття Рентгена(ուկր.) // Вісник НАНУ. — 1996. — В. 9—10. — С. 93—95.
  9. Костів К Нове видання української Біблії. «Віра й культура», 1962, ч. 12.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рокіцький Олександр Михайлович. Іван Пулюй у світовій науці й культурі: Дис… канд. іст. наук: 07.00.07 / Тернопільський держ. технічний ун-т ім. Івана Пулюя — К., 2002. — 175 арк.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պուլյույ» հոդվածին։