Ժողովրդական արվեստի թանգարան (Դիլիջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովրդական արվեստի թանգարան
Տեսակթանգարան և մշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԴիլիջան[1]
ՀասցեԿալինինի փող. 5[1]
Հիմնադրվել է1979

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան, Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղ։ Ստեղծվել է 1979 թվականին՝ բանահավաք և գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Դիլիջան քաղաքի կենտրոնում, Աղստև գետի հարևանությամբ։ Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, ում նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է ժողովրդական արվեստի թանգարանի։ 1979 թվականին Հովհաննես Շարամբեյանը իր հավաքածուն նվիրել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանին՝ համալրելով թանգարանի ֆոնդը։ Շրջելով Հայաստանի տարբեր վայրերում՝ Շարամբեյանն ստեղծել է պղնձյա կենցաղային իրերի մեծ հավաքածու[2]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված են հայ ժամանակակից ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ, կենցաղային իրեր` գորգեր, կարպետներ։ Թանգարանը ունի 9 սրահ, պատշգամբ, որը նույնպես ծառայում է ցուցադրության համար։ Թանգարանի ֆոնդը կազմում է 847 ցուցանմուշ, որից ցուցադրության է ներկայացված 547-ը։ Թանգարանի ֆոնդը ձևավորվել է նաև նվիրատվություններից ձեռք բերված բազմազան կիրառական արվեստի ցուցանմուշներով[3][4]։

Թանգարանի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջում (1896) կառուցված թանգարանի շենքը Դիլիջանի ամենահին շինություններից է։ Տունը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը։ Այն եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, ով բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անց է կացրել այս շենքում։ Մարիամ Թումանյանը 1913-1915 թվականներին Դիլիջանում ստեղծել է մանկական ակումբ, 1919-1920 թվականներին՝ հիմնել է գորգագործարան, որբանոց։ Սամսոն Հարությունյանը և Մարիամ Թումանյանը խորհրդային իշխանության տարիներին Դիլիջանում գտնվող ամառանոցը նվերել են Հայաստանին։

Երկհարկանի, փայտե նախշազարդ պատշգամբով այս տանն են հյուընկալվել հայ մշակույթի և գրականության բազմաթիվ հայտնի գործիչներ՝ Հովհաննես Թումանյան, դերասանուհի Ազնիվ Հրաչյա, Սիրանույշ, Եղիշե Չարենց, Ֆրիտյոֆ Նանսեն, բանասեր Սերգեյ Վարդանյան։

Ընդգրկված է Դիլիջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (հուշարձան՝ 10.3/5)[5]:

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը համագործակցում է Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի հետ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների հետ։ Կազմակերպվում են ինքնուս և ժողովրդական վարպետների, պրոֆեսիոնալ գեղանկարիչների ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են տարբեր ժանրեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Մշակութային Դիլիջան - Երևանի ժողովրդական արվեստի պետական թանգարան Դիլիջանի մասնաճյուղ». www.culturaldilijan.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
  3. Manukyan, Arsen. «Ժողովրդական արվեստի թանգարան - Dilijan». www.dilijan-travel.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  4. LLC, Red Media. «Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի 100-ամյա շենքի հիմնանորոգման խնդիրը լուծում կստանա (ֆոտոշարք)». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Մշակույթի նախարարությունը կաշխատի լուծել Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի հատակագծման խնդիրը». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 10.3/5