Ժան Բատիստ Լյուլլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Բատիստ Լյուլլի

Ժան Բատիստ Լյուլլի (ֆրանսերեն` Lully, իտալերեն` Giovanni-Baptista Lylli կամ Lulli; 28 նոյեմբերի 1632, Ֆլորենցիա22 մարտ 1687, Փարիզ), 17-րդ դարի ֆրանսիացի երգահան, ջութակահար, պարող, դիրիժոր և մանկավարժ, ֆրանսիական օպերայի հիմնադիր, ծագմամբ իտալացի: Իր օպերաներում, որոնք կրում էին «tragédie mise en musique» (բառացիորեն՝ «երաժշտության վրա փոխադրած ողբերգություն», ռուսական երաժշտագիտության մեջ օգտագործվում է նվազ դիպուկ, բայց ավելի սահուն եզրույթ՝ «քնարերգական ողբերգություն»), Լյուլին ձգտել է ուժեղացնել երաժշտական-դրամատիկական էֆեկտները, ավելի բնական նրբերանգներ հաղորդել արտասանությանը, սրել երգչախմբի դրամատիկական նշանակությունը: Բեմականացման շքեղության, տպավորիչ պարերի, լիբրետտոյի և ինքնին երաժշտության գերազանց արժանիքների շնորհիվ Լյուլիի օպերաները մեծ հաջողություն են ունեցել Ֆրանսիայում և հռչակ վայելել Եվրոպայում, մեծ ներգործություն են ունեցել օպերա ժանրի հետագա զարգացման վրա՝ չիջնելով բեմից շուրջ 100 տարի: Բացի քնարերգական ողբերգություններից ՝ Լյուլիի գրչին են պատկանում մեծ թվով բալետներ (ballets de cour), առանձին գործիքների և նվագախմբի համար ստեղծագործություններ, տրիոներ, դիվերտիսմենտներ, նախերգանքներ, հոգևոր ստեղծագործություններ և այլն:

Կենսագրությունը [խմբագրել]

Ծնվել է 1632 թ նոյեմբերի 28-ին Ֆլորենցիայի մոտ` իտալացի ջրաղացպանի ընտանիքում: Մանուկ հասակից դրսևորել է երաժշտական և դերասանական ունակություններ. երգել է, նվագել, խաղացել կոմիկական տեսարաններ: 1646 թ կոմս Գիզը նրան տանում է Փարիզ, որտեղ արքայադուստր Մոնպասիեի արքունիքում աշխատում է որպես խոհարար, իսկ 10 տարի անց, ֆրանսիականացված անունով՝ Ժան Բատիստ Լյուլլին մեծ հաջողություններ է ունենում Լյուդովիկոս 14-րդի պալատում: 1653 թ. արժանանում է «Գործիքային երաժշտության պալատական երգահանի» կոչմանը, իսկ 1662 թ.-ից արդեն կոչվեց թագավորական ընտանիքի «Maitre de la musique» (ֆրանսերեն՝ «երաժշտության ուսուցիչ»), հետագայում արժանանում է նաև «թագավորի քարտուղարի» կոչմանը: Նա նաև ստեղծում է «Թագավորի 12 ջութակները» և «Թագավորի 24 ջութակները» նվագախմբերը:

Լյուլլին սկզբում կապված էր թատրոնի հետ, կազմակերպում էր պալատական կամերային երաժշտության համերգներ և գրում էր պալատի համար, այնուհետև սկսում է գրել երաժշտություն բալետների համար: Լյուլլին հիանալի պարում էր, թագավորի հետ միասին պարելով, մասնակցում հանդիսությունների բեմադրություններին: Լյուդովիկոս 14-րդը սիրում էր պարել բալետներում: Լյուլլին իր ուժերը փորձել էր նաև այլ ժանրերում:

Լյուլլին ստանձնելով երաժշտական թագավորական ակադեմիայի ղեկավարման թույլտվությունը՝ ամբողջությամբ կենտրոնանում է օպերաների ստեղծման ու բեմադրման վրա: Ստեղծելով խոշոր օպերային գործեր, ինքն էր իրականացնում դրանց բարդ և շքեղ բեմադրությունները, պարապում էր երգիչների, պարողների, նվագողներ հետ, ղեկավարում էր նվագախումբը՝ միաժամանակ նվագելով ջութակ կամ կլավեսին կամ էլ երգեհոն: Գծագրում էր մասնակիցների զգեստները:

Լյուլլիի օպերաներում բացի մենակատարներից կար նաև երգչախումբ և բալետ: Լյուլլին հանդիսանում է Ֆրանսիական օպերային ավարտուն ձևի՝ «քնարական» ողբերգության հիմնադիրը, և այդ ժանրում նա նախորդներ չունի:

Լյուլլիի մշտական լիբրետիստը դարձավ Ֆիլիպ Կինոն:

Երաժշտության թագավորական ակադեմիայում Լյուլլիի առաջին ներկայացումը «Ամուրի և Բաքոսի տոնախմբությունը» օպերա-բալետն էր: Սրան հաջորդում են մի շարք ողբերգություններ «Ալկեստա», «Թեսևս», «Արմիդա» ևն:

Լյուլլին եղել է դեսպոտիկ՝ բռնկվող անձնավորություն: Կարելի է ասել որ նման բնավորությունն է դառնում նրա մահվան պատճառը: Ֆրանսիայի ազնվականները կրում էին սուր ծայրով գավազան: Լյուլլին փորձերից մեկի ժամանակ, բարկացած վիճակում իր գավազանը գետնին խփելով հանկարծակի խրում է ոտքի մեջ և ստանալով փտախտ (գանգրենա) մահանում է 1687 թ.-ին` իր փառքի գագաթնակետին: Նրա մահը ծանր տարավ ողջ Ֆրանսիան, իհարկե նաև Լյուդովիկոս 14-րդը:

Ստեղծագործությունները [խմբագրել]

Գրել է 14 օպերա: