Թոլկոթ Պարսոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոլկոթ Պարսոնս

Թոլկոթ Պարսոնսը (անգլերեն Talcott Parsons) ծնվել է 1902 թ. դեկտեմբերի 13-ին Կոլորադո-Սփրինգսում, մահացել է 1979 թ. մայիսի 6-ին Մյունխենում: Պարսոնսը ամերիկյան սոցիոլոգ-տեսաբան է, կառուցվածքային-ֆունկցիոնալիզմի հիմնադիրը, ժամանակակից տեսական սոցիոլոգիայի և սոցիալական մարդաբանության հիմնադիրներից մեկը: Հոգևորականի որդի: Ուսումնասիրել է կենսաբանություն և փիլիսոփայություն Ամհերսթյան քոլեջում, հետո սովորել է Լոնդոնյան տնտեսագիտության դպրոցում և Հեյդելբերգյան համալսարանում, ուր և պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը տնտեսագիտության գծով: 1927-1973 թթ-ին դասավանդել է Հարվարդում, որտեղ էլ ստեղծել և ղեկավարել է սոցիալական հարաբերությունների միջդիսցիպլինային բաժանմունքը: 1962-1968 թթ-ին մի քանի անգամ եղել է ԽՍՀՄ-ում, տարբեր սեմինարների մասնակցելու նպատակով: Պարսոնսը համարվում է ժամանակակից սոցիալական գիտության հիմնադիրներից մեկը: 50-ական թթ-ին Պարսոնսը կանգնած էր պրոֆեսիոնալ սոցիոլոգիայի ձևավորման, նաև Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի ստեղծման ակունքներում, որի նախագահն էլ դարձավ հենց ինքը: Նրա հիմնական աշխատանքներն են

  • "Սոցիալական գործողության կառուցվածքը" (1937)
  • "Սոցիալական համակարգ" (1951)
  • "Գործողության ընդհանուր տեսության ձևավորման մասին" (1951)
  • "Տնտեսությունը և հասարակությունը" (1956)
  • "Գործողության տեսություն և մարդկային գոյություն" (1978)

Պարսոնսի գիտական փնտրտուքի նպատակն էր կառուցել տեսական համակարգեր, որոնք կարող են ապահովել կայունություն և հասարակության գոյությունը: Նա հասարակությունը դիտարկում է որպես մարդկանց փոխգործողությունների անվերջ բազմություն, որում առկա են հարաբերական կայուն բնագավառներ, որոնք նա անվանում է կառուցվածքներ, որոնք էլ ունեն որոշակի դեր և նշանակություն. սա Պարսոնսն անվանում է ֆունկցիաներ: Հասարակության կայունության և կենսունակության իրականացումը տեղի է ունենում 4 ֆունկցիոնալ պահանջմունքների համակարգին համապատասխան: Դրանք են՝

  • ադապտացիայի (հարմարվողականություն),
  • նպատակին հասնելու,
  • ինտեգրացիայի,
  • մոդելի պահպանման ֆունկցիաները:

Ադապտացիայի ֆունկցիան ապահովում է տնտեսական ենթահամակարգը, ինտեգրացիայի ֆունկցիան ապահովում են իրավական ինստիտուտները և սովորույթները, մոդելի պահպանման ֆունկցիան՝ հավատալիքների համակարգը, բարոյականությունը և սոցիալականացման գործակալները (ընտանիք, դպրոց, հասակակիցների խմբեր և այլն): Ցանկացած հասարակության քաղաքական ֆունկցիաները կայանում են՝ ելնելով կոլեկտիվ նպատակներից և կողմնորոշումներից:

"Քաղաքական իշխանություն" հասկացության մասին [խմբագրել]

Ըստ Պարսոնսի, իշխանությունը հասկացվում է որպես միջնորդ, որը նույնական է դրամի հետ: Այն վերարտադրվում է քաղաքական համակարգի ներսում և թափանցում է հասարակության 3 ֆունկցիոնալ ենթահամակարգերը.
  • տնտեսական ենթահամակարգ
  • ինտեգրացիայի ենթահամակարգ
  • կուլտուրական ձևերի պահպանման ենթահամակարգ:

Պարսոնսը գտնում է, որ հակիրճ նկարագրելով դրամի հատկությունները, մենք կարող ենք ավելի լավ հասկանալ իշխանության հատկությունների առանձնահատկությունը: Ինչպես պնդում են տնտեսագիտության դասականները՝ դրամը միաժամանակ իրենից ներկայացնում է որպես փոխանակման միջոց, "արժեքային էտալոն": Դրամը խորհրդանիշ է այն իմաստով, որ "չափելով" կամ արտահայտելով տնտեսական արժեքը, օգտակարությունը, ինքն օժտված չէ օգտակարությամբ, բառի սկզբնական սպառողական նշանակությամբ: Դրամն ունի ոչ թե "սպառողական արժեք", այլ "փոխանակային արժեք", այսինքն թույլ է տալիս ձեռք բերել օգտակար իրեր: Այսպիսով, դրամը ծառայում է որպես օգտակար իրերի առուծախի միջոց: Դրամը բոլոր նրանց, ովքեր ստանում են այն, օժտում է ազատության 4 կարևոր աստիճանով, ինչը վերաբերում է մասնակցությանը համընդհանուր փոխանակման համակարգում: Այդ ազատություններն են՝

  1. Դրամը ծախսելու ազատություն՝ ձեռք բերելու համար անհրաժեշտ իրեր
  2. Ազատություն՝ ընտրելու ցանկալի իրեր բազմաթիվ տարբերակների միջև
  3. Ազատություն՝ ընտրելու ժամանակ, որն առավել հարմար է գնումների համար
  4. Ազատություն՝ խորհելու գնման պայմանների շուրջ, որոնք ժամանակի և տարբերակների ազատ ընտրության դեպքում մարդը կարող է ընդունել կամ մերժել:

Ազատության այս 4 աստիճանների ստացման հետ մարդն, իհարկե, ռիսկի է դիմում՝ կապված այն ենթադրության հետ, թե դրամը կընդունվի ուրիշների կողմից և դրամի արժեքը կմնա անփոփոխ: Ըստ Պարսոնսի, ամենասկզբում դրամը եղել է որպես միջնորդ , որը շատ մոտ էր կանգնած ապրանքին: Դրա ամենահայտնի օրինակը թանկարժեք մետաղներն են: Մինչև այսօր էլ շատերը ենթադրում են, որ դրամի արժեքը իրականում հենվում է սրա մետաղական հիմքի շուկայական արժեքի վրա: Վերջապես, դրամը "լավն է", այսինքն գործառնում է որպես միջնորդ միայն որոշակի շուկայական հարաբերությունների խորքերում: Դա իրենից ներկայացնում է վիրտուալ (հնարավոր) փոխանակումների ոլորտ, որում դրամները կարող են ծախսվել, բայց այդ ոլորտի խորքերում պահպանվում են որոշակի պայմաններ, որոնք ապահովում են համակարգը ինչպես օրենքի, այնպես էլ պատասխանատու իշխանությունների կողմից: Համանման ձևով իշխանության ինստիտուցիոնալացված համակարգ հասկացությունը նախ և առաջ առաջին պլան է մղում հարաբերությունների համակարգը, որի շրջանակներում խոստումների և պարտականությունների որոշ ձևեր դիտարկվում են որպես "ենթակա կատարման", այսինքն ընդունված պայմաններում օրինական լիազորված գորշիչները կարող են պահանջել դրանց կատարումը: Ըստ Պարսոնսի, իշխանությունը ընդհանրացված ընդունակությունների ռեալիզացիան է, որը կայանում է նրանում, որ հետամուտ են լինում կոլեկտիվի անդամներին՝ կատարելու իրենց պարտականությունները, որոնք ունեն լեգիտիմ նշանակություն կոլեկտիվի համար: Պարսոնսը գտնում է, որ ցանկությունների բավարարումն ապահովելու ընդունակությունը պետք է լինի ընդհանրական, որպեսզի այն կարողանանք անվանել իշխանություն: Հակառակ դեպքում այն կլինի զուտ որևէ սանկցիայի առանձին կիրառման ֆունկցիա: Իշխանության հատկությունները թվարկելիս Պարսոնսը երկրորդ տեղում դնում է լեգիտիմացիան: Իշխանության համակարգում լեգիտիմացիան համարվում է գործոն համանման վստահության կամ փոխադարձ համաձայնության դրամական միավորի, նրա կայունության ընդունման շուրջ:

2 չափանիշները միավորված են այնպես, որ եթե իշխանության օժտվածության և կիրառման լեգիտիմությունը կասկած է հարուցում, ապա դա հանգեցնում է առավել ուժեղ միջոցների կիրառմանը, որը նպաստում է հնազանդեցմանը այնքանով, որքանով այդ միջոցները համարվում են արդյունավետ, այդքանով լեգիտիմությունը դադարում է լինել կարևոր գործոն: Այս զարգացումների արդյունքում կիրառվում են հարկադրանքի տարբեր ձևեր:

Պարսոնսը գտնում է, որ գոյություն ունի շրջանաձև շարժում քաղաքական և տնտեսական ոլորտների միջև, դրա էությունը քաղաքական արդյունավետության գործոնի փոխանակումն է: Այս շրջանաձև շարժումը կարգավորվում է իշխանության միջոցով: Գոյություն ունի՟ բանկային համակարգի քաղաքական էկվիվալենտ (համարժեք) միջոց, որը ճեղքվածք է առաջացնում իշխանության շրջանային պտույտում: Պարսոնսը գտնում է, որ այդպիսի միջոց գոյություն ունի, նրա աղբյուրը գտնվում է պահպանման համակարգում, այսինքն իշխանության և նրա վրա ազդեցության միջև փոխանակման գոտում, կամ քաղաքական համակարգի և ինտեգրացիայի համակարգի միջև: Դա շատ լավ երևում է, ըստ Պարսոնսի, դեմոկրատական ընտրական համակարգերի դեպքում, երբ ընտրություններում հաղթած լիդերի դրությունը համանման է բանկիրի դրությանը: Իշխանության "ներդրումները" պետք է գործի դրվեն եթե ոչ նույն պահին, ապա գոնե հաջորդ ընտրությունների ժամանակ և այնպիսի պայմաններով, որոնք համանման են բանկային աշխատանքի ռեժիմին: Պարսոնսը գտնում է, որ շատ կարևոր է, որ այն համակարգում, որը պլյուրալիստական է ոչ միայն ներկայացված ուժերի տեսանկյունից, այլև պրոբլեմների, որոնք լուծում են պահանջում, լիդերները ստանում են գործողության ազատություն տարբեր, պարտադիր որոշումների ընդունման համար՝ այս դեպքում բավարարելով նաև հասարակության մյուս խմբերի շահերը: Այսպիսով, Պարսոնսը անընդմեջ անալոգիաներ է անցկացնում քաղաքական իշխանության և դրամի, քաղաքական գործչի և բանկիրի միջև և գտնում է, որ եթե լիդերը չգնա ռիսկի, ինչպես ձեռներեցը, կոլեկտիվ գործողությունների էֆֆեկտիվության աստիճանը ցածր կլինի: