Թափոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թափոն

Թափոններ, մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության ժամանակ նյութերի ու էներգիայի փոխակերպման հետևանքով առաջացող արգասիքներ, որոնք չունեն հետագա օգտագործելի հատկություններ: Թափոնները մթնոլորտային օդի, ընդերքի, ջրերի և հողերի աղտոտման աղբյուր են:

Թափոնների տեսակներ[խմբագրել]

Պինդ թափոններ

Տարբերում են

  • կենցաղային,
  • արդյունաբերական
  • վտանգավոր թափոններ:

Կենցաղային (սպառման) և արդյունաբերական (արտադրական) թափոնների սպառման ու արտադրության ընթացքում գոյացած հումքի, նյութերի և այլ արգասիքների, արտադրանքի կամ մթերքի մնացորդներ են, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին (խոտան) կամ կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները: Արդյունաբերական թափոններ են նաև օգտակար հանածոների արդյունահանման մակաշերտի ապարները, անտառհատման մնացորդները:

Վտանգավոր թափոններն իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով կարող են վտանգ ստեղծել մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար, ուստի և պահանջում են իրենց հետ վարվելու հատուկ եղանակներ ու միջոցներ: Վտանգավոր թափոններ են նաև այն արտադրանքը, հումքը և նյութերը, որոնք չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին և, էկոլոգիական ու սանիտարահիգիենային պահանջներից ելնելով, պիտանի չեն օգտագործման: Վտանգավոր թափոնները դասակարգվում են ՀՀ բնապահպանության նախարարի «ՀՀ տարածքում առաջացող թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման մասին» հրահանգի համաձայն: 1999 թվականին ՀՀ վավերացրել է «Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը և ստանձնել որոշ միջազգային պարտավորություններ:

Ըստ ագրեգատային վիճակի՝ թափոնները լինում են

  • պինդ,
  • հեղուկ
  • գազային:

Պինդ թափոններ են մետաղների, պլաստմասսաների, ապակու, թղթի մնացորդները, աղբը (սննդի մնացորդները), մաշված մեքենաները, սարքավորումները, գործիքները և այլն:

Հեղուկ թափոններ են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը։

Գազային թափոններ են ձեռնարկությունների և տրանսպորտի արտանետումները:

Թափոնների գործածություն[խմբագրել]

Թափոնների հավաքում

Թափոնների գործածությունը գործողությունների համախումբ է, որն ուղղված է դրանց գոյացման կանխարգելմանը, հավաքմանը, փոխադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը:

Թափոնների հավաքում[խմբագրել]

Թափոնների հավաքումը կապված է դրանց հեռացման և հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում տեղադրման հետ (ներառյալ նաև տեսակավորումը)։

Թափոնների պահում[խմբագրել]

Պահումը թափոնների ժամանակավոր տեղադրումն է հատուկ հատկացված տեղերում՝ հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով։

Թափոնների օգտագործում[խմբագրել]

Օգտագործումը թափոնների կիրառումն է ապրանքների արտադրության, էներգիայի ստացման կամ այլ նպատակներով։

Թափոնների մշակում[խմբագրել]

Մշակումը կամ վերամշակումը տեխնոլոգիական շարժընթացների իրականացումն է, որոնցով փոխվում են թափոնների ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունները (օրինակ՝ արտադրական թափոնից ստացվել է բարձրարժեք էթինոլային լաք

Թափոնների օգտահանում[խմբագրել]

Օգտահանումը թափոնների օգտագործումն է որպես երկրորդային նյութ (օրինակ՝ տուֆային թափոնները, որպես ջրախառնիչ հավելույթներ, մեծացնում են արտադրանքի ամրությունը, «Կոտայք» գարեջրի գործարանի արտադրական թափոններն օգտագործվում են որպես անասնակեր) կամ էներգետիկ պաշար։

Թափոնների հեռացում[խմբագրել]

Թափոնների հեռացումը գործողությունների համախումբ է, որն օգտահանման նպատակ չունի։

Թափոնների վնասազերծում[խմբագրել]

Վնասազերծումը թափոնների վտանգավոր հատկությունների նվազեցումը կամ վերացումն է՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական կամ կենսաբանական մշակմամբ։

Թափոնների տեղադրում[խմբագրել]

Տեղադրումը թափոնների մեկուսացումն է, հետագա օգտագործման բացառումը և ուղղված է դրանց չեզոքացմանն ու շրջակա միջավայրում վտանգավոր նյութերի հետագա տարածման կանխմանը։

Թափոնների թաղում[խմբագրել]

Թաղումը թափոնների վերջնական տեղադրումն է հատուկ առանձնացված տեղերում, որով բացառվում է դրանց վտանգավոր ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա։

Թափոնների փոխադրում[խմբագրել]

Փոխադրումը թափոնների տեղափոխումն է դրանց գոյացման կամ պահման վայրերից դեպի մշակման, օգտահանման կամ հեռացման վայրեր:

Թափոնների վերամշակումը Հայաստանում[խմբագրել]

Թափոնների վերամշակում

Արդյունաբերական թափոնների կրճատման նպատակով ՀՀ-ում մշակվել են քիմիական նոր տեխնոլոգիաներ (օրինակ՝ չհագեցած միացությունների հալոգենացումը ցածր ջերմաստիճանում պրոտոնազուրկ երկբևեռ լուծիչներում իրականացնելիս նպաստում է քլորոպրենի արտադրական թափոնի կրճատմանը):

Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են թափոնների բացասական ներգործությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը, նյութահումքային և էներգետիկ պաշարների թույլատրելի օգտագործման ապահովումը, թափոնների գործածության վերաբերյալ հասարակության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի զուգակցումը:

Թափոնների գործածության ընթացքում մշակվում են սանիտարական և հակահամաճարակային կանոններ, հիգիենային չափորոշիչներ՝ մարդու օրգանիզմի վրա վնասակար ու վտանգավոր ազդեցության բացառման նպատակով:

Մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ու թափոնների ծավալների նվազեցման նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանվում են թափոնների տեղադրման սահմանաքանակներ՝ շրջակա միջավայրի վրա սահմանային թույլատրելի վտանգավոր ներգործությունների չափորոշիչներին համապատասխան:

Թափոնների հաշվառումը և անձնավորումը ՀՀ-ում[խմբագրել]

Թափոնների պետական հաշվառումը և անձնագրավորումը (նույնականացում) իրականացվում են ՀՀ Կառավարության սահմանած կարգով: Թափոնների պետական կադաստրը ներառում է թափոնների դասակարգիչը (թափոնների ծածկագրերի և անվանումների համակարգված ցանկ), թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման և հեռացման վայրերի ռեեստրները, ինչպես նաև թափոնների ու դրանց օգտագործման և վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների բանկը:

Թափոնների ներգործությունը շրջակա միջավայրի վրա[խմբագրել]

Շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու և կանխատեսելու, դրանց բացասական հետևանքները ժամանակին բացահայտելու ու կանխարգելելու նպատակով արտադրողները և տնօրինողները իրականցնում են պարբերական մոնիտորինգ։

Կենցաղային և արդյունաբերական թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական և տնտեսական հիմքերը կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով (2004):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png