Հումք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հումք, հում նյութեր, աշխատանքի առարկա, որն աշխատանքի ազդեցությամբ արդեն որոշակի փոփոխություններ է կրել և ենթակա հետագա վերամշակման։ Արտադրության պրոցեսում հումքը կազմում է պատրաստի արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի նյութական հիմքը, իր արժեքը լրիվ փոխանցում է նորաստեղծ արդյունքին։ Տարբերում են արդյունաբերության և գյուղատնտեսության ծագում ունեցող հումքեր։ Արդյունաբերության հումքը, իր հերթին, բաժանվում է հանքայինի և արհեստականի։ Ըստ օգտագործման ոլորտի հանքային ծագման հումքը ստորաբաժանվում է վառելիքա-էներգե-տիկականի, մետալուրգիականի, լեռնաքիմիականի, տեխնիկականի, շինանյութերի արտադրության հումքի և այլն։ Արհեստական հումքեր են սինթետիկ խեժերը, պլաստմասսաներն ու կաուչուկը, կաշվի փոխարինիչները և այլն։ Գյուղատնտեսական հումքը լինում է բուսական (հացահատիկային կուլտուրաներ, փայտանյութ և այլն) ու կենդանական (միս, ձուկ, կաթ, բուրդ, հում կաշի) ծագման։ Գործնական նշանակություն ունի հումքի դասակարգումն ըստ որակական հատկանիշի, նաև առաջնայինի (հանքային հումք) և երկրորդայինի (արտադրության թափոն, մետաղի ջարդոն և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png