Էդուարդ Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էդուարդ Գրեյ (Grey of Fallodon, 1862-1933), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ։ Դերկոմս։ 1885թ-ից՝ պառլամենտի անդամ լիբերալ կուսակցությունից, 1905-16 թթ.` արտաքին գործերի նախարար։ Անտանտի (1907) կազմակերպիչներից։ 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայկական հարցի նոր արծարծման ժամանակ վարել է երկդիմի քաղաքականություն՝ ի վնաս հայերի պաշտպանելով Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի և փաստորեն ձախողելով հայկական բարենորոգումների ռուսական ծրագիրը։ Պատերազմի ժամանակ Անտանտի ղեկավարներից Գրեյն առաջինն էր, որ բարձրացրեց Օսմանյան կայսրության անդամահատման հարցը՝ հայտարարելով, որ եթե Թուրքիան հանդես գա Գերմանիայի կողմում, ապա «պետք է դադարի գոյություն ունենալուց»։ Գրեյի ժամանակ և նրա անմիջական մասնակցությամբ են կնքվել Օսմանյան կայսրության, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի բաժանման վերաբերյալ գաղտնի համաձայնագրերը։ Օժանդակել է «Կապույտ գրքի» (1916) հրատարակմանը, Ջեյմս Բրայսին գրած նամակում այն բնութագրել որպես «սարսափելի վկայությունների մի հավաքածու», որը, սակայն, պետք է հրատարակվի և հետազոտվի բոլոր նրանց կողմից, ովքեր «մարդասիրական կարեկցանք ունեն իրենց սրտերում»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png