Զինվորական կոչումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զինվորական կոչումներ, անհատապես շնորհվում են զինված ուժերի ծառայողներին և զինապարտներին՝ համաձայն նրանց ծառայողական դրության, ռազմական և մասնագիտական պատրաստականության, զորատեսակի կամ ծառայության ձևի պատկանելության, ինչպես նաև վաստակի և արժանիքների։

Զինվորական կոչումների հիմք են ծառայում զինծառայողների միջև կրտսեր-ավագ (պետ) փոխհարաբերություններ ստեղծելու։ Զինվորական կոչումների երևան գալը կապվում է XV-XVI-րդ դարերի մշտական բանակների առաջացման հետ։ Ռուսաստանում դրանք մտցվեցին XVI-րդ դարի կեսերին ստրելեցյան (Մոսկովյան բանակի արտոնյալ զինծառայողներ) զորքերում՝ ստրելեց, տասնապետ, հիսնապետ, հարյուրապետ, կիսագլուխ (հինգ հարյուրի գլուխ, նույնը՝ կիսագնդապետ, փոխգնդապետ), պրիկազի գլուխ (նույնը՝ գնդի հրամանատար, գնդապետ), վոյեվոդա (ստրելեցյան ջոկատի հրամանատար) և այլն։ Ռուսական բանակի մնացած զորքերում զինվորական կոչումներ տրվում էին քաղաքացիական պաշտոնյաների կարգին համապատասխան, իսկ ռուսական բանակի օտարերկրյա զինծառայողները պահպանում էին իրենց կոչումները (օրինակ՝ պրապորշչիկ, պորուչիկ, կապիտան կամ ռոտմիստր հեծելազորում, մայոր, փոխգնդապետ, գնդապետ, բրիգադի գեներալ, գեներալ-մայոր և այլն)։ XVII-րդ դարի վերջին և XVIII-րդ դարի սկզբներին Պետրոս I իր ստեղծած կանոնավոր բանակում մտցրեց արևմտա-եվրոպական ձևի միասնական զինվորական կոչումներ, որոնք վերջնականապես ձևավորվեցին 1722 թվականի հունվարի 24-ի «Աստիճանների ցուցակ»-ով։ Այդ կոչումների հիմնական մասը պահպանվեց մինչև 1917 թվականը։ Ռուսական բանակում ծառայող հայերը նույնպես ստանում էին զինվորական կոչումներ։ Առաջիններից էին Աղազար դի Խաչիկը (Լազար Խրիստաֆորով)՝ 1725 թվականին՝ ռոտմիստր, 1734 թվականին՝ գեներալ-մայոր, Կուգանենցը (Կուգանով)՝ 1725 թվականին պորուչիկ, 1742 թվականին՝ գնդապետ, իսկ Իսրայել Օրուն դեռ 1703 թվականին Պետրոս I, որպես օտարերկրյա զինվորական մասնագետի, շնորհեց գնդապետի աստիճան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային կառավարության 1917 թվականի դեկտեմբերի 16-ի դեկրետով վերացվեցին բոլոր հին աստիճանները և տիտղոսները։ Մինչև 1935 թվականը կարմիր բանակում և նավատորմում հրամանատարները որոշվում էին միայն գրաված պաշտոններով, դասակի, վաշտի, գումարտակի, գնդի, դիվիզիայի, կորպուսի, բանակի հրամանատարներ և այլն։ Առաջին անգամ 1935 թվականին զինվորական կոչումներ մտցվեցին նաև խորհրդային բանակում, որոնք որոշ փոփոխություններ կրելով՝ ստացել են հետևյալ դասակարգումը։

ԽՍՀՄ զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումները

Խորհրդային բանակի Ռազմածովային նավատորմի
Զինվորներ Նավաստիներ և զինվորներ
Շարքային Նավաստի, շարքային
Եֆրեյտոր Ավագ նավաստի, եֆրեյտոր
Սերժանտներ Ավագներ և սերժանտներ
Կրտսեր սերժանտ 2-րդ կարգի ավագ, կրտսեր սերժանտ
Սերժանտ 1-ին կարգի ավագ, սերժանտ
Ավագ սերժանտ Գլխավոր ավագ, ավագ սերժանտ
Ավագ Նավի գլխավոր ավագ, ավագ
Ենթասպաներ և միչմաններ
Ենթասպա Միչման
Կրտսեր սպաներ
Կրտսեր լեյտենանտ Կրտսեր լեյտենանտ
Լեյտենանտ Լեյտենանտ
Ավագ լեյտենանտ Ավագ լեյտենանտ
Կապիտան Կապիտան-լեյտենանտ, կապիտան
Ավագ սպաներ
Մայոր 3-րդ կարգի կապիտան, մայոր
Փոխգնդապետ 2-րդ կարգի կապիտան, փոխգնդապետ
Գնդապետ 1-ին կարգի կապիտան, գնդապետ
Գեներալներ, ծովակալներ և մարշալներ
Գեներալ-մայոր, ավիացիայի գեներալ-մայոր Դեր-ծովակալ, գեներալ-մայոր
Գեներալ-լեյտենանտ, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Փոխծովակալ, գեներալ-լեյտենանտ
Գեներալ-գնդապետ, ավիացիայի գեներալ-գնդապետ Ծովակալ, գեներալ-գնդապետ
Զորատեսակների մարշալ, ավիացիայի մարշալ, բանակի գեներալ Նավատորմի ծովակալ
Զորատեսակների գլխավոր մարշալ, ավիացիայի գլխավոր մարշալ
Խորհրդային Միության մարշալ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ
Խորհրդային Միության գեներալիսիմուս

Տարբեր զորատեսակների և գեներալների կոչումներին ավելացվում է համապատասխան անվանում (օրինակ՝ տանկային զորքերի գեներալ-մայոր, հրետանու գեներալ-գնդապետ և այլն)։ Տեխնիկական կրթություն ունեցող սպաներին և գեներալներին տրվում են հետևյալ զինվորական կոչումներ՝ տեխնիկական ծառայության լեյտենանտ, տեխնիկ-ավագ-լեյտենանտ, ինժեներ-կապիտան, ինժեներ-գեներալ-մայոր և այլն։ Վարշավյան պայմանագրի մասնակից սոցիալիստական երկրների բանակների զինվորական կոչումներ հիմնականում նման են ԽՍՀՄ-ի զինված ուժերի զինվորական կոչումներին, բայց ունեն որոշ յուրօրինակություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png