Դումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցար Նիկոլայ II-ը՝ Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում Ռուսաստանի կայսերական երկպալատ խորհրդարանի բացման ժամանակ։

Դումա, պաշտոնապես՝ Պետական դումա (ռուս.՝ Дума), խորհրդակցական և օրենսդրական գործառույթներով հատուկ ժողով Ռուսաստանում։ Եզրը ծագել է ռուսերեն «думать» (տառադարձությամբ՝ «դումած») բառից, որը թարգմանաբար նշանակում է «մտածել, խորհել»։

Առաջին համառուսական դուման եղել է Ռուսական կայսրության Պետական դուման, որը գումարվել է 1905 թվականին՝ ռուսաց ցար Նիկոլայ II-ի կողմից։ Նիկոլայը օրենսդիր մարմին հրավիրում է օրեցօր ահագնացող հակակառավարական հեղափոխական շարժումների ընթացքում և դրանով է պայմանավորված, որ այն երկար կյանք չի ունենում։ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից հետո կայսերական դուման գոյատևում է ևս 75 օր և ապա երեք ամսվա ընթացքում ձևավորվում է նոր օրենսդիր մարմինը։

Ռուսական հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո բոլշևիկների կողմից Դուման ցրվում է․ վերջիններիս ձեռքում է կենտրոնանում գործադիր և օրենսդիր իշխանությունները։ Ռուսաստանի Դաշնության ներկայիս օրենսդիր մարմինը՝ Պետական դուման, ստեղծվել է 1993 թվականին։ Այն հանդիսանում է ՌԴ խորհրդարանի ստորին պալատը։

Բոյարական դումա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները «բոյարական դումա» անվան տակ հասկանում են Ցարական Ռուսաստանի բոյարների կողմից գումարվող հատուկ խորհուրդները, որոնց ժամանակ քննարկվում էին պետության համար առանցքային նշանակության բազմաթիվ հարցեր։ 1721 թվականին Ռուսաստանի առաջին կայսր Պետրոս (Պյոտր) I-ը բոյարական դումայի գործառույթները փոխանցում է Կառավարման սենատին։

Բոյարական դումաները սովորաբար կազմված էին լինում տասներկու բոյարներից և հինգից վեց պադուներից։ 1613 թվականի տվյալներով այն արդեն իսկ կազմված էր շուրջ քսանութ օրենսդիրներից[1][2]։

Պետական դումա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական Ռուսաստանի Պետական դուման ստեղծվել է 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ճնշման տակ՝ 1905 թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստով[3]։ Պետական դուման քննում էր օրենքների նախագծերը, որոնք այնուհետև քննարկվում էին Պետական խորհրդում և ապա հաստատվում ցարի կողմից։ Ընտրվում էր հինգ տարի ժամկետով։ Ընտրությունները բազմաստիճան էին, ըստ չորս կուրիաների (հողատիրական, քաղաքային, գյուղացիական, բանվորական)։ Ազգաբնակչության կեսը (կանայք, ուսանողներ, զինծառայողներ, որոշ ազգային փոքրամասնություններ) զրկված էին ընտրելու իրավունքից։ Առաջին և երկրորդ գումարման Պետդումայում հիմնական ֆրակցիաները կադետներն էին, տրուդովիկները և սոցիալ-դեմոկրատները։ Հունիսերեքյան պետական հեղաշրջման ժամանակ նոր ընտրական օրենք մտցվեց, որով ի հաշիվ աշխատավորության և ազական շրջանների բնակչության ներկայացուցչության խիստ կրճատման՝ դումայում ավելանում էր տիրող դասակարգերի ներկայացուցչությունը։

Արդյունքում երրորդ և չորրորդ Պետական դումայում գերակշռող էին պրոցարիստական կուսակցությունները (գլխավորապես աջերը և օկտյաբրիստները)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պետական դումայում ստեղծվեց օպոզիցիոն «Պրոգրեսիվ բլոկը», որը ձգտում էր ցարական կառավարությունից կորզել քաղաքական զիջումներ՝ պատերազմը հաջող ավարտելու և հեղափոխությունը ճնշելու նպատակով։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ընթացքում ստեղծվեց Պետական դումայի ժամանակավոր կոմիտե, որը համաձայնության գալով Պետրոգրադի սովետի էսէռա-մենշևիկյան պարագլուխների հետ, կազմեց ժամանակավոր կառավարություն։

Հոկտեմբերյան հեղափոխության պայմաններում պետական դուման վերջնականապես լուծարվեց[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paul Bushkovitch, Peter the Great (Rowman and Littlefield, 2001).
  2. Gustave Alef, "Reflections on the Boyar Duma in the Reign of Ivan III", The Slavonic and East European Review, 45, 104 (1967): 76–123.
  3. Stearns, Peter (2007). World Civilizations the Global Experience. New York: Pearson Education. էջ 620. ISBN 0132206994.
  4. «The Duma». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դումա» հոդվածին։