Դմակավոր ոչխարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմակավոր ոչխար

Դմակավոր ոչխարներ, կոպտաբուրդ, մսաճարպատու ոչխարների ցեղերի խումբ։ Գիտնականների մեծամասնության կարծիքով դմակավոր ոչխարներն առաջացել են արգալի վայրի ոչխարից։ Հարմարված են անապատային և կիսաանապատային պայմաններին, կերի նկատմամբ պահանջկոտ չեն, կարող են անցնել երկար տարածություն և օգտագործել աղքատ բուսականությամբ արոտավայրեր։ Դմակավոր ոչխարները սրբանային հատվածում ունեն ճարպային կուտակում՝ դմակ։ Դմակը կշռում է 12-16 կգ, իսկ հիսարյան ոչխարներինը՝ 20-30 կգ։ Դմակը ձևավորվել է Էվոլյուցիայի ընթացքում։ Բնակլիմայական տարբեր պայմաններին համապատասխան առաջացել են դմակավոր ոչխարների առանձին ցեղեր ու ցեղախմբեր, որոնց գերակշռող մասը ունեն մսային բարձր մթերատվություն։ Ամենախոշոր դմակավոր ոչխարները հիսարյան, տաջիկական և էդիլբաևյաև ցեղերն են։ Այս ցեղերի խոյերի կենդանի քաշը 110-130 կգ է, առավելագույնը՝ 180 կգ, մաքիներինը՝ 72-85 և 130 կգ։ Մսի ելքը 53—56% է, առավելագույնը՝ 60%։ Բրդատվությունը ցածր է գրեթե բոլոր ցեղերի միջինը 2,0-2,2 կգ է։ Բուրդը կոպիտ է, ոչ միատարր, քստամազով և մեռած մազերով։ Օգտագործում են գորգագործության մեջ և կոպիտ գործվածքներ պատրաստելու համար։ Կաթնատվությունը 100—130 կգ է։ Կաթից պատրաստում են այրան և պանիր։ Դմակավոր ոչխարները տարածված են Ղազախական ԽՍՀ-ում և միջինասիական հանրապետություններում։ Դմկավոր ոչխարներ կան Արևմտյան Չինաստանում, ինչպես նաև Հյուսիսայիև Աֆրիկայում, Իրանում, Աֆղանստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png