Դեղնափորիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղնափորիկ
Դեղնափորիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Իլիկամողեսներ
Ցեղ Զրահավոր իլիկամողեսներ
Pseudopus
Տեսակ Դեղնափորիկ
Լատիներեն անվանում
Pseudopus apodus
(Pallas, 1775)
Հոմանիշներ
  • Ophisaurus apodus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Դեղնափորիկ (լատին․՝ Pseudopus apodus), (ժող.՝ լորտու), իլիկամողեսների կամ սղոսկուկների ընտանիքի զրահավոր իլիկամողեսների ցեղի մողես։

Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում (բացառությամբ Գեղարքունիքի)։ Բնակվում է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտային, նոսրանտառային ու ջրամերձ անտառային բուսականությամբ, ինչպես նաև քարքարոտ վայրերի տնկարկներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղնափորիկի ձագ

Մարմնի երկարությունը 10-54 սմ է, պոչը՝ մոտ 1, 5 անգամ երկար, չհատվող։ Գլուխը գրեթե չի տարանջատվում մարմնից և ծածկված է խոշոր վահանիկներով։ Կոպերը շարժուն են, աչքի ծիածանաթաղանթը՝ վարդագույն, բիբը՝ կլոր։ Ունի արտաքին լսողական անցք։ Մեջքային և որովայնային մակերեսների մաշկը ծածկված է ռոմբաձև, փայլուն թեփուկներով, որոնք մարմնի մեջքային մակերեսի և պոչի վրա կատարավոր են։ Մաշկը շատ պինդ է՝ զրահանման։

Մարմնի կողքերով անցնում են մանր թեփուկներով ծածկված երկայնակի ծալքեր, որոնք, մեկուսացնելով մարմնի որովայնային և մեջքային զրահանման գոյացությունները, ապահովում են կենդանու շնչառությունը։ Երիտասարդի մարմինը դեղնամոխրագույն է՝ զուգահեռ լայնակի ձգված, տձև, կանաչավունից շագանակագույն զոլերով ու բծերով։ Բծեր կան նաև գլխի կողքերին և ստորին մասում։ Տարիքի հետ ընդունում է համեմատաբար միապաղաղ՝ դեղնակարմրավուն, մուգ կանաչավուն, կամ գորշ շագանակագույն գունավորում։ Փորիկը սովորաբար ավելի բաց է գունավորված։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով և մանր ողնաշարավորներով, ինչպես նաև բուսականությամբ։ Օգտակար է, կարգավորում է միջատների թվաքանակը։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբ։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը տեղի է ունենում մայիսից հունիսի սկիզբ։ Հունիսի վերջից հուլիս էգը դնում է 6-12 ձու։ Երիտասարդ մողեսներն ի հայտ են գալիս հունիսից սեպտեմբեր։ Սեռահասում են դառնում 4 տարեկանում։

Պահպանության նպատակով խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով, միսը՝ որպես սնունդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 339
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնափորիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնափորիկ» հոդվածին։