Գիհի բազմապտուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիհի բազմապտուղ
Գիհի բազմապտուղ
Գիհի բազմապտուղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ենթաընտանիք Նոճայիններ (Cupressoideae)
Ցեղ Գիհի (Juniperus)
Վերնատեսակ 'Sabina'
Տեսակ Գիհի բազմապտուղ (J. polycarpos)
Միջազգային անվանում
Juniperus polycarpos

Գիհի բազմապտուղ (լատին․՝ Juniperus polycarpos), մինչև 10-12 մ բարձրությամբ, կոնուսաձև կամ բրգաձև սաղարթով, երկտուն, անեմոիլ, լուսասեր չորադիմացկուն ծառ է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ուղղահայաց տարածման լայն ամպլիտուդա՝ 600-2400 մ բարձրությունները։ Էկոլոգիապես չափազանց ճկուն է։ Աչքի է ընկնում բարձր չորադիմացկունությամ, սակայն համեմատաբար բարենպաստ հողային պայմաններում կազմակերպում է ավելի բարձր լրիվության և բոնիտետի ծառուտներ։ Դանդաղաճ է, ծառերը 5-5.5 մ բարձրության հասնում են 120-130 տարեկան հասակում։ Ծառուտներում կցվածությունը 0.2-0.4 է, հազվադեպ՝ 0.5-0.6։ Ծառակազմում հանդիպում են վրացական թխկին, ուռատերև տանձենին, ֆենցլի նշենին, մերկատերև փռշնին, բթատերև պիստակենին, իսկ ենթանտառում՝ վրացական ցախակեռասը, թփային հասմիկը, ալեհեր բալենին, պալլասի դժնիկը և այլն։ Բազմապտուղ գիհին հատելուց հետո այդ տարածությունները որպես կանոն զբաղեցնում են բացառիկ չորադիմացկուն ցածրաճ թփերն ու բարձիկանման թփիկները՝ գազի և ականթալիմոնի տարբեր տեսակներ, եղջյուրավոր կորնգան և այլն։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության մեջ գրեթե չի հանդիպում, չնայած օժտված է բարձր գեղազարդությամբ, ֆիտոնցիդությամբ, հետևաբար և, սանիտարա-հիգենիկ նշանակությամբ։ Հեռանկարային է հատկապես հակաէրոզիոն տնկարկների ստեղծման համար։ Բազմանում է սերմերով, որոնք ունեն ցածր ծլունակություն, մեծ մասամբ վնասատուներով բարձր վարակվածության պատճառով։ Սերմերը պահանջում են նախացանքային մշակություն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Հարավային Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանում։ Հայաստանում հանդիպում է Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի արգելոցում, Սևանա լճի ավազանում և այլուր։ Հյուսիսային շրջաններում հանդիպում է հազվադեպ՝ միայն Իջևանի տարածաշրջանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի բազմապտուղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի բազմապտուղ» հոդվածին։