Գերարդ Տերբորխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gerard ter Borch - Zelfportret.jpg

Գերարդ Տերբորխ (հոլ.՝ Gerard ter Borch, 1617 թ. դեկտեմբերի վերջ, Զվոլլե — 8 դեկտեմբերի, 1681, Դեվենտեր) — հոլանդացի նկարիչ։ 1633-1635 թվականներին սովորել է Հառլեմում (Պ․ Մոլեյնի մոտ), ազդվել Ֆ․ Հաչսից։ Աշխատել է Հառլեմում, Ամստերդամում, Զվոլլեում (կամ Կամպենում, 1650-1654), Դեենտերում (1654թվականից)։ Այցելել է Լոնդոն (1635), Իսպանիա և Իտալիա (մոտ 1640-1641), Մյունստեր (Վեստֆալիա, 1646-1648), Ֆրանսիա։ Ստեղծագործության վաղ շրջանում (1630-1650-ական թվականների սկիզբ) մեղմ լուսաստվերով մանրամասներով պատկերել է ժողովրդական և զինվորական կենցաղային տեսարաններ («Հեսանողի ընտանիքը», Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ)։ Հասուն շրջանում (1650-1660-ական թվականներ) նկարել է հարուստ քաղաքացիների կյանքի պատկերներ, որոնցից լավագույններին («Հայրական ներշնչանք», մոտ 1655 թվական, Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ, «Նրբակիրթ սպան», մոտ 1662 թվական, Լուվր, Փարիզ) բնորոշ է կերպարների (հաճախ թիկունքից նկարված) վայելչագեղությունը, զուսպ, որոշ չափով սառը գունաշարը, լուսաօդային նրբերանգները, զգեստի գործվածքը վիրտուոզ վարպետությամբ ներկայացնելը։ Գերարդ Տերբորխի հայտնի գործերից են ոչ մեծ, ամբողջ հասակով պատկերված նրբակերտ դիմանկարները («Տղամարդու դիմանկար»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png