Գազ Կարյագինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազ Կարյագինի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Astracantha
Տեսակ Գազ Կարյագինի (A. karjaginii)
Միջազգային անվանում
Astracantha karjaginii

Գազ Կարյագինի (լատին․՝ Astragalus karjaginii), բակլազգիների ընտանիքի, գազ ցեղի ծածկասերմ բույս։ 20-80 սմ բարձրությամբ թուփ է։ Տերևիկներն ունեն մինչև 2 սմ երկարություն և 0,5 սմ լայնություն, էլիպսաձև են կամ երկարավուն-էլիպսաձև։ Տերևակիցները նեղ, գծանման են, մինչև 1,2 սմ երկարությամբ, մեջքի կողմում մազմզուկապատ։ Բաժակն ունի մինչև 1,3 մմ երկարություն։ Պսակը մանուշակագույն է։ Առագաստի երկարությունը մինչև 2 սմ է։ Հայկական էնդեմ է։ Տարածված է Արարատյան դաշտում և Վայքում, միջին և վերին լեռնային գոտիներում, չոր, քարքարոտ թեքությունների վրա[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-40 սմ բարձրությամբ համարյա մերկ, բարձիկանման, ճյուղավորված, փշոտ թուփ է։ Տերևների երկարությունը հասնում է 3-12 սմ-ի։ Կաշենման, թխակապույտ, կանաչ տերևիկները 4-7-ական զույգերով են։ 3-5 սմ տրամագծով ծաղկաբույլը տափակած-գնդաձև է։ Հազվադեպ կարմրավուն պսակը դեղին է, իսկ դրոշի երկարությունը՝ հասնում է 17-22 մմ[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Երևանի (Գառնի, Գողթ, Չաթմա, Բայբուրդ գյուղերի շրջակայք, Ուղտու ակունք գետի կիրճ, Ուրծի լեռնաշղթա) և Գեղամի (Գելայսոր) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 900-2200 մ բարձրությունների վրա, քարափլվածքների վրա, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին, գիհու նոսրանտառում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]։

Պոպուլյացիայի մեծ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 69։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.