Բարեկամության ձեռքեր (քանդակ, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարեկամության ձեռքեր

Բարեկամության ձեռքեր (Հիսուսի ձեռքեր)
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/114
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 1950
Գտնվում է Օղակաձև զբոսայգի
Քանդակագործ(ներ) Խիլմա Մադերա, Արա Հարությունյան
Նյութ սպիտակ մարմար
Շինարարության ավարտ 1965
Ներկա վիճակ կանգուն


«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից, բարձրությունը 2,5 մետր է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ Խիլմա Մադերան Հիսուսի արձանի ֆոնին

1950 թվականի սեպտեմբերի 13-ին հեղափոխականների մի խումբ մահափորձ է ձեռնարկում Կուբայի բռնակալ Ֆուլխենսիո Բատիստայի նկատմամբ։ Նրա կինը՝ Մարթան, խոստանում է, որ եթե ամուսինը փրկվի, ինքը Հավանայում կանգնեցնելու է Հիսուսի հսկայական արձանը, ինչպես Ռիո դե Ժանեյրոյում է։ Մահափորձը ձախողվում է, և Մարթան չի մոռանում իր խոստումը։

Արձանը պատվիրում են քանդակագործուհի Խիլմա Մադերային (1915-2000)։ Բատիստաներն ուզում էին, որ արձանը լինի սպիտակ մարմարից և բարձրությամբ գերազանցի Հավանայի ամենաբարձր շենքերը։ Ծրագրի իրականացմանը ներգրավվում է Իտալիայում Կուբայի դեսպանատունը։ Սեպտեմբերի 3-ին արձանն արդեն բարձրացվում է Կասաբլանկայի մոտ գտնվող բլրին։ 1958 թ.-ի Ծննդյան տոներին տեղի է ունենում Հիսուսի արձանի բացումը։

Մի քանի օր անց՝ 1959 թ.-ի հունվարի 1-ին, Կուբայում տեղի է ունենում հեղաշրջում։ Իշխանության է գալիս Ֆիդել Կաստրոն, որը որոշում է պահպանել 320 տոննա կշռող արձանը՝ ասելով. «Նա եկել է ինձ հետ։ Հավանայի Քրիստոսը կլինի հեղափոխության պահապանը և ինձ հաջողություն կբերի»։

Կարրարա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք տարի անց՝ 1962 թ.-ի հունիսին Իտալիայի Կարրարա քաղաքի Ջունիո հրապարակում տեղի է ունենում նոր պալատի բացումը։ Եվ քանի որ Կարրարան բարեկամական հարաբերությունների մեջ էր Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ, այդ իրադարձությանը մասնակցում է նաև հայկական պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի գլխավորությամբ։ Հունիսի 12-ին քաղաքային խորհուրդը պաշտոնապես հաստատում է Երևանը որպես քույր քաղաք և կազմում է երկարաժամկետ բարեկամության արձանագրությունը։

1963 թ.օգոստոսի 8-ին Կարրարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելին երկաթգծով Երևան է ուղարկում սպիտակ մարմարից քանդակված մեծ ձեռքեր պարունակող երկու արկղ։ Կարրարա քաղաքի կողմից արվող այդ նվերը պետք է դառնար բարեկամության խորհրդանիշ։

Ավելի քան երկու մետր բարձրությամբ մարմարյա երկու ձեռքերը Հավանայի Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակն էին։ Քաղաքապետ Մարտինելլին խնդրել էր Մադերային կերտել դրանք ի պատիվ Օտավիե դել Ամիկոյի, որի ջանքերի շնորհիվ ապագա արձանի համար Կարրարայում գտնվեցին և մշակվեցին մարմարի հսկա բեկորները։

Երևան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասնելով Երևան, քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ ձեռքերը նոր հորինվածք ստացան և տեղադրվեցին Երևանի Օղակաձև զբոսայգում։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1965 թվականին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բարեկամության ձեռքեր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարեկամության ձեռքեր (քանդակ, Երևան)» հոդվածին։