Արփենիկ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արփենիկ Հակոբյան
Ծնվել է1987, սեպտեմբերի 24
Երևան, Հայաստան
ԵրկիրՀայաստան
Մասնագիտությունթավջութակահար, բելգիական «Արաքս» երաժշտական խմբի անդամ

Արփենիկ Վիգենի Հակոբյան (1987, սեպտեմբերի 24, Երևան, Հայաստան), թավջութակահար[1][2], բելգիական «Արաքս» երաժշտական խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Հակոբյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում[3]։ 1995 թվականին ընդունվել է Երևանի Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը և սովորել թավջութակի ու դաշնամուրի դասարաններում։ Երաժշտական կրթությունը շարունակել է 1999 թվականին՝ Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցի Մեդեա Աբրահամյանի թավջութակի դասարանում, որտեղ ստացել է տաղանդաշատ պատանիների կրթաթոշակ։ 2003 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Արմեն Էլբակյանի արվեստանոց։ Հետագայում՝ 2005 թվականից կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում և Եվրոպայում։ 2009 թվականից սովորել է Անտվերպենի թագավորական կոնսերվատորիայում՝ Բելգիայի պետական նվագախմբի մենակատար Օ.Լեկայի դասարանում, իսկ 2012 թվականից՝ Գենտի կոնսերվատորիայում՝ գերմանացի պրոֆեսոր Յ.Էրմերթի թավջութակի դասարանում։ Արփենիկը 2013 թվականին որպես երաժիշտ-կատարող ավարտել է բակալավրիատը և շարունակել կրթությունը նույն կոնսերվատորիայի մագիստրատուրայում։

Արփենիկ Հակոբյանի համագործակցել է մի շարք երաժիշտների և երգիչների հետ, որոնցից են Խաչիկ Սահակյանը, Վարդան Առաքելյանը, Արման Ջալալյանը, Գոռ Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Անի Սահակյանը, Արման Փահլևանյանը, Արթուր Սողոյանը, Տիգրան Տեր-Ստեփանյանը, ինչպես նաև «Դորիանս», «Նուզ» խմբերը։ 2010 թվականից դարձել է բելգիական «Արաքս» երաժշտական խմբի անդամ։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Հակոբյանը 2008 թվականին ԱՄՆ-ի Թենեսի նահանգում մասնակցել է «Սեուաննի» ամառային դասական երաժշտական փառատոնին՝ որպես կամերային կատարող և մենակատար, իսկ Բերն քաղաքում՝ «Էմ Էս Էյ» երգչախմբային և նվագախմբային նախագծին։

2009 թվականին նա ԱՄՆՀարավային Կարոլինա նահանգում մասնակցել է «ՅուԷսՍի» աշխարհի ջազ սիմֆոնիայի նախագծին, Ս.Զեկոպսենի ղեկավարությամբ, որպես մենակատար-թավջութակահար և Ֆրանսիայի Ռուբէ քաղաքում եղել է Ալբեկի փողային նվագախմբի սիմֆոնիկ նախագծի առաջատար թավջութակահարը։

2008 թվականից Արփենիկը մասնակցել է տարբեր համերգների, նախագծերի, վարպետության դասերի՝ Գլեն Հյուզի, Դերեկ Շերինյանի, Սերժ Թանկյանի, Ալան Մունիերի, Լուիս Կլաբերի, Մարիա Կլիգելի, Նատալի Գութմանի, Միշա Մայսկիի մասնակցությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mediamax. «Արփենիկ Հակոբյան. "Ոչ թե ես եմ ընտրել այս ոլորտը, այլ այն է ընտրել ինձ"». Bravo.am. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  2. «Պրեմիերա. Արփենիկ Հակոբյան - Land of mine». style.news.am. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  3. «AV Production - Արփենիկ Հակոբյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]