Ավագ Ասատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավագ Ասատուրյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1942(1942-02-26) (82 տարեկան)
ԾննդավայրԲաղդադ, Իրաքի թագավորություն
Քաղաքացիություն Իրաք
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունprimate
 Avak Asadourian Վիքիպահեստում

Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյան (ավազանի անունը՝ Վազգեն, փետրվարի 26, 1942(1942-02-26), Բաղդադ, Իրաքի թագավորություն), Իրաքի Հայոց թեմի առաջնորդ (1980-2022)[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ Ասատուրյանը ծնվել է 1942 թվականին Բաղդադում, Իրաք։ Նախնական կրթությունը ստացել է Բաղդադի հայոց Թարգմանչաց և Սվաճյան ազգային վարժարանում։ 1962-1965 թվականներին սովորել է Ալ Հիքմա համալսարանի Ճիզվիտների կողմից ղեկավարվող քաղաքային ճարտարագիտական ֆակուլտետում[4]։ Արժանացել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կրթաթոշակին` ուսումը հինգ տարով ԱՄՆ-ում շարունակելու համար։ 1968-1970 թվականներին սովորել է Իլինոյսի Բենեդիկտինյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան[5]։ 1973 թվականի մարտին Ավագ Ասատուրյանն եղել է այն երկու ուսանողներից մեկը, ովքեր ներկայացրել են Նոր Օռլեանի Թուլեյնի համալսարանը Վաշինգտոնի միջազգային ղեկավարության համագումարում։ 1972-1973 թվականներին փիլիսոփայության դոկտորականի ձեռքբերմանը զուգահեռ Թուլեյնի համալսարանում դասավանդել է փիլիսոփայություն[1]։ 1970-1973 թվականներին դպրանոցում սովորելու տարիներին կրթաթոշակներ է ստացել ՀԲԸՄ-ից, Ամերիկայի հայ ուսանողնողական ընկերությունից և Սաթենիկ Ուզունյան հիմնադրամից։ 1973 թվականի ամռանը, եղել է Նյու Յորքի ՀԲԸՄ «Նուբար» ճամբարում հանգստացող երեխաների հայեցի դաստիարակության պատասխանատուն։ 1974 թվականի ամռանը Նյու Յորքի Սուրբ Ներսես ճեմարանի այլ ուսանողների հետ մասնակցել է մեկամսյա ճանապարհորդական ծրագրին` նվիրված Ներսես Շնորհալու մահվան 800-ամյակին` այցելելով նաև Արևելյան թեմի հայկական եկեղեցիներ։ 1974-1975 թվականներին եղել է Դետրոյթի ՀԲԸՄ «Արարատ» ճամբարի փոխտեսուչ, երեխաների հայեցի դաստիարակության պատասխանատուն։ 1973-1976 թվականներին աշխատել է ՀԲԸՄ-ի Նյու Յորքի մասնաճյուղում որպես Արևելյան շրջանի վարիչ-քարտուղար, միաժամանակ հայերեն է դասավանդել առաջնորդարանում և ՀԲԸՄ-ում[1]։

1976 թվականին հաճախել է Belleview հիվանդանոցի բուժական-հովվական դասընթացներին (Clinical-Pastoral Education): 1976-1977 թվականներին դասախոսել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում[1]։

1996 թվականի հունիսին Սուրբ Վլադիմիր ճեմարանում աստվածաբանության մագիստրոսի աստիճան է ստացել` որպես Ս. Ներսեսի ուսանող։ 1998 թվականի նոյեմբերին, պաշտպանելով դոկտորական թեզ, ստացել է աստվածաբանական գիտությունների թեկնածուի աստիճան և Հռոմի Սուրբ Խաչ հայրապետական համալսարանի Summa Cum Laude գերազանցության վկայականը[1][6]։

Ավագ Ասատուրյանի թեկնածուական ատենախոսությունը՝ «Աբու Համիդ ալ-Ղազալիի բարոյական որոնումները որպես ուրվագծված Միզան ալ-Ամալում (գործողության չափանիշ)» վերնագրով, որը հրատարակվել է Բեյրութում, 2017

Նրա թեկնածուական ատենախոսությունը՝ «Աբու Համիդ ալ-Ղազալիի բարոյական որոնումները որպես ուրվագծված Միզան ալ-Ամալում (Գործողության չափանիշ)» վերնագրով պատրաստվել է գրքի ձևաչափով տպագրության և տպագրվել 2017 թվականին Բեյրութում՝ Pomigravure տպագրատան կողմից[6]։

Հոգևոր կոչում, ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի փետրվարին Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում, ձեռամբ գերշնորհ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, ձեռնադրվել է սարկավագ[7]։

1974-1976 թվականներին եղել է Ուեստչեստերի հայկական երգչախմբի ղեկավարը[1]։

1976 թվականին ստացել է աստվածաբանական գիտությունների մագիստրոսի աստիճան՝ «Ս. Գրիգոր Նարեկացին որպես միստիկ» ավարտաճառի համար։ 1976 թվականի սեպտեմբերին ժամանել է Սուրբ էջմիածին և որպես ազատ ունկնդիր հետևել հոգևոր ճեմարանի հայագիտական և եկեղեցագիտական դասընթացներին՝ միևնույն ժամանակ դասավանդելով անգլերեն[7]։

1977 թվականի մայիսի 29-ին, Մայր տաճարի լուսարարապետ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռամբ, ստացել է կուսակրոն քահանայի աստիճան։ Նույն թվականին նշանակվել ԱՄՆ-ի Էլպերոն քաղաքի Սուրբ Աստվածածին (այժմ Ս. Ստեփանոս) եկեղեցու հոգևոր հովիվ։ 1978 թվականի փետրվարին, Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի Բաղդադ այցելության ժամանակ ստացել է վարդապետության աստիճան` Գերաշնորհ Տեր Պսակ արքեպիսկոպոս Թումանյանի ձեռամբ։ 1979 թվականի մարտին Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նշանակել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ[1]։ 1980 թվականի հոկտեմբերի 4֊ին, Մայր Աթոռում ծայրագույն վարդապետության գավազան ստանալու համար, Տեր Ավագ վարդապետը ներկայացրել է «Փրկագործության պատմության ընթացքը» ավարտաճառը։ 1980 թվականին հայրապետական կոնդակով նշանակվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ։ 1980 թվականի հոկտեմբերին, պաշտպանելով «Փրկագործության պատմության ընթացքը» թեմայով թեզը, Օշականի Սուրբ Մեսրոպ եկեղեցում ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան` ձեռամբ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանի։ 1982 թվականի փետրվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օծվել է եպիսկոպոս` ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի[1][8]։

Իրաքի հայոց թեմական ժողով, 12 մայիսի 2012, Բաղդադ

1984-1988 թվականներին Իրաքում հաստատված տարբեր հավատքների առաջնորդների հետ այցելել է Հռոմ` հանդիպելով Պապին։ Հանդիպումներ է ունեցել Վատիկանի տարբեր կոմիտեների անդամների հետ, ԵՀԽ-ի քարտուղարի միջազգային Կարմիր Խաչի հանձնախմբի, Քենթըբրի և տարբեր երկրների կաթոլիկ եկեղեցիների հանձնախմբերի հետ։ Այցելությունների նպատակն է եղել նպաստել Իրաքի և Իրանի միջև խաղաղության հաստատմանը։

1985 թվականին հիմնել է կիրակնօրյա դպրոցներ թեմական եկեղեցիներում և այլ ծխերում։ 1986 թվականին Կիպրոսում մասնակցել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Միջեկեղեցական օգնության և ծառայության համաժողովի խորհրդակցություններին, որտեղ ընտրվել է ղեկավարման և ծրագրման հանձնախմբի անդամ։ Նրա ջանքերի շնորհիվ, ժողովի որոշման ձևակերպման մեջ ներառվեց նաև 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հարցը։

1991 թվականին 5-րդ անգամ այցելել է Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ Պապին։ Պարսից ծոցում ստեղծված տագնապալի իրավիճակի պատճառով Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, որպես պատվիրակության անդամ, հանդիպումներ է ունեցել Հովհաննես Պողոս II-ի, ԵՀԽ-ի անդամների, Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսական խորհրդի և Եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Նյու-Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ[9]։ 1992-1995 թվականներին այցելել է Շվեդիայի, Դանիայի, Շոտլանդիայի, Շվեյցարիայի և Անգլիայի եկեղեցիներ` նշված եկեղեցիների առաջնորդների կամ եկեղեցիների խորհուրդների նախաձեռնությամբ։

1993 թվականի դեկտեմբերին Ասատուրյանին շնորհվել է արքեպիսկոպոսական աստիճան՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից։

Իրաքի Հայոց թեմի առաջնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանի ջանքերով առաջնորդարանում բացվել է «Ծայրագույն վարդապետ Մեսրոպ թանգարան»-ը, որտեղ ներկայացված են ձեռագրեր, կոնդակներ, սրբազան իրեր, սրբանկարներ, զգեստներ։ Առաջնորդության տարիներին Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, համագործակցելով Իրաքի Հայոց թեմի կենտրոնական ազգային վարչության հետ (Թեմական խորհուրդ), կյանքի է կոչել հետևյալ ծրագրերը.

  • Սուրբ Նահատակաց Եկեղեցու կառուցում (1986-1990)[1],
  • Բաղդադի 4 հայկական եկեղեցիների ընդլայնում նոր կառույցներով[1],
  • Բաղդադի Ս. Աստվածածին եկեղեցու համար ավելի մեծ համալիրի կառուցում (1990-2000)[1],
  • Իրաքի հյուսիսում հայաբնակ Ավզրուկ գյուղում նոր եկեղեցու կառուցում (1999-2000)[1],
  • Մոսուլի նորակառույց եկեղեցու հիմնարկեք (2001)[1],
  • 8 հասույթաբեր շենքերի կառուցում (1980-1998)[1],
  • Տասը կալվածքներ, որոնք կտակվել են եկեղեցուն, դարձել են ազգապատկան շենքեր (1980-2000)[1],
  • Մշակութային կենտրոնների կառուցում, որոնք ընդգրկում են դասարաններ, թանգարան, գրադարան և մեծ սրահ (1999-2001)[1],
  • Խաչքար-հուշարձանի կառուցում` նվիրված Հայոց Եղեռնի նահատակներին (2000)[1]։

Հրատարակել է «Ավագ Շաբաթի» արարողությունների վերաբերյալ գիրք։ Հեղիանկ է Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու և Գրիգոր Տաթևացու կենսագրությունների վերաբերյալ 3 անգլերեն հոդվածների, որոնք հրատարակվել են 16 հատորանոց կրոնական հանրագիտարանում (Նյու-Յորք, Մաքմիլան տպարան, 1986)[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյան
  2. «Իրաքի հայ համայնքը – Իրաքում Հայաստանի դեսպանություն». iraq.mfa.am.
  3. «The Iraqi community faces challenges». noravank.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Avak Archbishop's biography» (PDF).
  5. «The Armenian Church – Mother See of Holy Etchmiadzin». armenianchurch.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. 6,0 6,1 Avak, Asadourian (2017). The Moral Quest of Abu Hamid al-Ghazali as delineated in Mizan al-'Amal (The Criterion of Action). Beirut: Pomigravure Printing House. ISBN 978-9953-0-3917-6.
  7. 7,0 7,1 Տ․ Ավագ եպիսկոպոս Ասատուրյան
  8. «Avag Archbishop's Biography» (PDF).
  9. «20 minutes with Baghdad's Armenian Archbishop Avak Asadourian – The Presbyterian Outlook». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]