Աշոտ Սալնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Սալնազարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1958(1958-01-21)
ԾննդավայրՓանիկ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էՀոկտեմբերի 31, 2020
Մահվան վայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր և պրոֆեսոր
ՄասնագիտությունՏնտեսագետ
ԱշխատավայրՀՀ ՖՆ, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, Գազպրոմ Արմենիա և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
ԵրեխաներԳոռ Սալնազարյան, Հասմիկ Սալնազարյան

Աշոտ Բորիսի Սալնազարյան (հունվարի 21, 1958, Փանիկ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Հոկտեմբերի 31, 2020, Երևան, ՀՀ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (2003), պրոֆեսոր (2005):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Սալնազարյանը ծնվել է Շիրակի մարզի Փանիկ գյուղում։ 1975 թվականին ոսկե մեդալով ավարտել է Փանիկի միջնակարգ դպրոցը։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը։ 1979-1981 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Շահույթի բաշխման մեխանիզմը տնտհաշվարկային հարաբերությունների խորացման պայմաններում» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1981-1990 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ տնտեսագետ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող։ 1990-1999 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության դրամաշրջանառության և արժեղթերի վարչության, այնուհետև՝ արժեթղթերի շուկայի տեսչության պետ։ Նշանակալի դերակատարում է ունեցել ՀՀ կապիտալի շուկան կարգավորող օերնքների և ենթաօրենսադրական ակտերի մշակման, ինչպես նաև ՀՀ արժեթղթերի շուկայի առանցքային ինստիտուտների՝ բորսայի և դեպոզիտարիայի ստեղծման գործընթացներում։ 1999-2002 թվականներին աշխատել է «Հայռուսգազարդ» ընկերությունում, 1995 թվականից միաժամանակ դասախոսում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում[1], 2003 թվականից՝ արժեթղթերի շուկայի ամբիոնի հիմանդիր-վարիչ։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Արժեթղթերի շուկայի ներդրումային գործառույթները և արդյունավետությունը» թեմայով և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2008-2011 թվականներին եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան, 2011 թվականից` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կորպորատիվ ֆինանսների ամբիոնի վարիչ, 2013 թվականի հունվարից՝ ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են արժեթղթերի տնտեսագիտական բովանդակությանը, շուկայի էությանը, ենթակառույցներին և ՀՀ-ում դրանց դրսևորումների առանձնահատկություններին[2][3]։

2009 թվականից՝ հիմնադրման օրվանից մինչև 2020 թվականը հանդիսացել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի անդամ։

2007-2020 թվականներին եղել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ։

Սալնազարյանը բազմիցս մասնակցել է Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, ինչպես նաև Հնդկաստանում ֆինանսական և արժեթղթերի շուկայի վերաբերյալ դասընթացներին, սեմինարներին, գիտաժողովներին և ստացել դիպլոմներ ու հավաստագրեր։ Սալնազարյանը հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատանքների, այդ թվում մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, բաժիններ դասագրքերում, գիտական հոդվածներ և այլն։ Նրա ղեկավարությամբ հաջողությամբ իրենց թեկնածուական թեզերն են պաշտպանել 33 ասպիրանտ և հայցորդ։

Գրքեր-ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աշխատակազմ | ASUE.am». www.asue.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Սալնազարյան» հոդվածին։