Անրի Ֆոսիյոն
| Անրի Ֆոսիյոն | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Անրի Ֆոսիյոն |
| Ծննդյան օր՝ | 1881 |
| Ծննդավայր՝ | Դիժոն (Ֆրանսիա) |
| Վախճանի օր՝ | մարտի 3, 1943 |
| Վախճանի վայր՝ | Նյու Հեյվեն (ԱՄՆ) |
Անրի Ֆոսիյոն (Henri Focillon, 1881 - 1943, մարտի 3), ֆրանսիացի արվեստաբան։
Ծնվել է Դիժոն քաղաքում փորագրիչ Լուի Վիկտոր Ֆոսիյոնի ընտանիքում։ Ֆոսիյոնը բանասիրություն է ուսանում Փարիզի Էկոլ Նորմալ Սյուպերիոր հաստատությունում, այնուհետև Բուրժ և Շարտր քաղաքներում, իսկ 1913-ից, շուրջ տասը տարի, աշխատում է որպես Լիոնի պատկերասրահի տնօրեն և միաժամանակ դասավանդում է արվեստի պատմություն։
Նրա առաջին ուսումնասիրությունները նվիրված են դասական արվեստին, մասնավորապես արձանագրություններին («Աֆրիկայի լատիներեն արձանագրությունները», 1904)։ Նա աշխատություններ է գրել Բենվենուտո Չելլինիի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Կալլոյի, Ալբրեխտ Դյուրերի, Ռեմբրանդտի, Տիեպոլոյի մասին։ Հետագայում Ֆոսիյոնը իր ուշադրությունը բևեռում է Արևելքի արվեստին («Հոկուսայ», 1914, «Բուդդհայական արվեստ», 1921)։ Նրան հատկապես հետաքրքրում են արևելյան և արևմտյան արվեստների կապերը։ Այս բոլոր աշխատությունները, որոնց կոնցեպտուալ հիմնավորումը պետք է դառնար «Ձևերի կյանքը», կազմում են միաձույլ և ամբողջական տեսություն։
1918-ին Ֆոսիյոնը Փարիզի համալսարանում պաշտպանում է իր դոկտորական թեզը Պիրանզիի մասին, որը տպագրվել է նույն թվականին, 1930-ին` «Էստամպի վերպետները» աշխատությունները։ 1924-ին ստանում է պրոֆեսորի կոչում և դասավանդում Սորբոնի համալսարանում միջնադարյան հնագիտություն` ստանձնելով նախկինում Էմիլ Մալի ղեկավարած այդ հռչակավոր ամբիոնը։ 1925-ին դառնում է նույն համալսարանի նորաստեղծ Միջին դարերի արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ կրթում է ֆրանսիացի գիտնականների մի ամբողջ սերունդ։
1931-ին Ֆոսիյոնը Պոլ Վալերիի հետ ներկայացնում է Ֆրանսիան Ազգերի Լիգայի գրականության և արվեստի մշտական կոմիտեում։ 1938-ին նա որպես արվեստի պատմության պրոֆեսոր դասավանդում է նաև Կոլլեժ դը Ֆրանսում։ Լույս է տեսնում Ֆոսիյոնի թերևս ամենահայտնի գիրքը` «Արևմուտքի արվեստը» (1937), որում հեղինակը հետազոտում է ռոմանական և գոթական ոճերի զարգացման պատմությունը։ Այս ծավալուն աշխատությունների հետ մեկտեղ Ֆոսիյոնը գրում է նաև բազմաթիվ հոդվածներ, գրախոսականներ, քննադատություններ արվեստի և գրականության ամենատարբեր հարցերի շուրջ։ 1938-ի հոկտեմբերին նա տեղափոխվի է Յեյլի համալսարան (Նյու Հեյվեն)։ 1940-ին դառնում է Վաշինգտոնի Դումբարտոն Օուքս հետազոտական կենտրոնի առաջին թղթակից անդամ գիտնականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը խոչընդոտում է Ֆրանսիա վերադառնալուն, և նա մնում է ԱՄՆ-ում, որը դառնում է Ֆոսիյոնի երկրորդ հայրենիքը։ Այստեղ էլ կնքում է մահկանացուն։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Անրի Ֆոսիյոն (1999)։ Ձևերի կյանքը, Գովք ձեռքին։ Երևան: Սարգիս Խաչենց, էջ VI-IX։
