Արձանագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1. Արձանագրություն , միջազգային իրավունքում միջազգային իրավական տարբեր ակտերի անվանում։ Պարունակում է պետությունների փոխհարաբերություններին վերաբերող հարցեր, որոնք առնչվում են նրանց կնքած հիմնական պայմանագրի հետ։

Դիվանագիտական արձանագրությունը կանոնների, ավանդույթների և հանրաճանաչ սովորույթների համակցություն, որը կարգավորում է օտարերկրյա պետության, կառավարության ղեկավարների, պետական այլ գործիչների ու կառավարական պատվիրակությունների ընդունելության կարգը և դիվանագիտական գրագրության ձևը։

2. Արձանագրություն պատմական, հին և միջնադարյան ժողովուրդների գրերով ու լեզվով պահպանված փաստագրեր։ Պահպանվել են ժայռերի, քարերի, կավե տախտակների, կավանոթների, փափուկ մետաղների, ոսկրե, փայտե, ապակյա առարկաների, պապիրուսների վրա։ Արձանագրությունները բազմաբնույթ են (քաղաքական, օրենսդրական, առևտրական, ռազմական և այլն)։ Պետական նշանակություն ունեցող փաստագրերը պահվում էին արքունական դիվաններում, մյուսները՝ մեհյաններում։ Նշանավոր դեպքերի վայրերում կանգնեցնում էին կոթողներ և դրանց վրա գրում տվյալ դեպքի մասին։ Վարչա-պետական սահմանաբաժան կետերում դրվում էին արձանագրությամբ սահմանաքարեր։ Օրենսդրական ակտերը հրապարակելու համար գրվում էին նաև հասարակական շենքերի, մեհյաններին եկեղեցիների որմերին։ Արձանագրությունները առաջնակարգ աղբյուրներ են ժողովուրդների պատմության և մշակույթի ուսումնասիրման համար։ Հին Արևելքի անհետացած մի շարք ժողովուրդների թողած արձանագրությունները դարձան նրանց պատմության, մշակույթի և լեզվի վերականգնման աղբյուր։ Արձանագրություն գրելու կուլտուրա են ունեցել նաև հայերը։ Նախնադարյան ժամանակներից Հայաստանում պահպանվել են ժայռերի և քարանձավների պատերին փորագրված պատկերներ և նշանագրեր, ուրարտական շրջանից՝ հարյուրների հասնող սեպագրեր, այնուհետև՝ արամեերեն, հունարեն և լատիներեն արձանագրություններ։ Հայտնի են հայկական հուշարձանների վրա (սկսած 6-րդ դարից) փորագրված մոտ 10000 արձանագրություն։ Մատենագրության և նյութական մշակույթի մնացորդների հետ միասին դրանք կարևոր աղբյուրներ են Հայաստանի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար։ Արձանագրությունի ուսումնասիրությամբ զբաղվում է արձանագրագիտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png