Անժելա Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անժելա Ստեփանյան
Ծնվել էԱպրիլ 10
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 2, 2002(2002-05-02) (85 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՍփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե
Անժելա Ստեփանյան Վիքիքաղվածքում
Անժելա Ստեփանյան Վիքիդարանում

Անժելա Մարտիրոսի Ստեփանյան (մարտի 4, 1917(1917-03-04), Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 2, 2002(2002-05-02), Երևան, Հայաստան), հայ խորհրդային արձակագիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական բաժինը։ 1942-1943 թվականներին գերմաներեն է դասավանդել Երևանի երկաթգծի դպրոցում, 1943-1946 թվականներին՝ Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։ 1944-1946 թվականներին համատեղության կարգով, աշխատել է Հայպետհրատում։ 1946-1947 թվականներին խորհրդական էր Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1969-1974 թվականներին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում որպես մամուլի բաժնի վարիչ։ 1975 թվականից աշխատում է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ Հեղինակ է մարդկային փոխահարաբերությունները պատկերող վեպերի, պատմվածքների, վիպակների և ուղեգրությունների ժողովածուների։

Առաջին ծավալուն ստեղծագործությունը «Քույրեր» (1947 թ.) վեպն է, որը պատկերում է խորհրդային մարդկանց կյանքն ու աշխատանքը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ թիկունքում։ Այնուհետև տպագրվել են Ստեփանյանի «Ոսկե մեդալ» (1952 թ.), «Գունավոր քայլեր» (1967 թ.) և այլ վեպեր։ «Ամառնամուտ» վեպը (1959 թ.) ներկայացնում է ժամանակակից երիտասարդության, առաջադեմ մարդու բնավորության կազմավորումը, նրա հասունացումը։ Բժիշկների կյանքից է վերցված «Մորմոք»[2] (1982 թ.) վեպի թեման, որի առանցքը մարդկային բարդ փոխհարաբերություններն են, բարոյական հակադիր սկզբունքների բախումը։ Հրատարակվել են Ստեփանյանի «Անծանոթ ծանոթներ» (1964 թ.), «Երբ իջնում է երեկոն» (1974 թ.) պատմվածքների, վիպակների և ուղեգրությունների ժողովածուները։ Ստեփանյանը գրել է նաև մանուկների համար («Տաթևիկի ճանապարհորդությունը», 1955 թ., «Յոթ պատմվածք Լուսինեի արկղիկից», 1977 թ.)[3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույրեր (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 252 էջ։
  • Ոսկե մեդալ, Երևան, Հայպետհրատ, 1952, 367 էջ։
  • Տաթևիկի ճանապարհորդությունը, Երևան, Հայպետհրատ, 1955, 88 էջ։
  • Ոսկե մեդալ, Երևան, Հայպետհրատ, 1958, 407 էջ։
  • Ամառնամուտ, Երևան, Հայպետհրատ, 1959, 556 էջ[5]։
  • Անծանոթ ծանոթներ, Երևան, Հայպետհրատ, 1964, 246 էջ։
  • Գունավոր քայլեր, Երևան, «Հայաստան», 1967, 307 էջ։
  • Երբ իջնում է երեկոն, Երևան, «Հայաստան», 1974, 240 էջ։
  • Ամառնամուտ, Երևան, «Սովետական գրող», 1979, 576 էջ։
  • Եվ հիշատակս ալ թառամի... : Հուշապատում-վեպ։ Երևան։ Հայագիտակ, 2008։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զավեյսկի Եժի, Պրեզիդենտի այցելությունները, Երևան, Հայետհրատ, 1963, 35 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 121։
  2. «Անժելա Ստեփանյան «Մորմոք»». grqamol.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  3. «AV Production - Անժելա Ստեփանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  4. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Ստեփանյան, Անժելա Մարտիրոսի,"'». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  5. Ստեփանյան, Անժելա Մարտիրոսի (1959). Ամառնամուտ։ Վեպ. Հայպետհրատ.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելա Ստեփանյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելա Ստեփանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։