Ադանայի հայրենակցական միություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադանայի հայրենակցական միություններ, Ադանահայերին միավորող բարեգործական և կրթասիրական կազմակերպություններ։

Ադանահայերի առաջին հայրենակցական միությունը՝ “Ադանայի կրթասիրաց ընկերությունը”, հիմնադրվել է 1905-ի վերջին, ԱՄՆՈւոթերթաուն քաղաքում (Watertown, այժմ Մեծ Բոստոնի արվարձան)։ Նպատակն էր աջակցել Ադանայի կրթական գործին, այնտեղ բացել հայկական քոլեջ։ 1913-ի հուլիսի 10-ին ընկերությունը վերակազմվել է “Ադանայի հայ ուսումնասիրաց միության”։ 1921-22-ին, Կիլիկիայից հայերի հեռանալուց հետո, միությունը միջոցներ է ձեռնարկել օգնելու Սիրիայում, Կիպրոսում, Լիբանանում և Հունաստանում ապաստանած ադանացի գաղթականներին։ 1926-ի նոյեմբերին ԱՄՆ-ի բողոքական ադանացիները, որ առանձին էին գործում, միացան “Ուսումնասիրացին”։ 1934-ին Տարսոնի Ս.Պողոս քոլեջի նախկին շրջանավարտները Հալեպում հիմնեցին իրենց միությունը։ 1937-ի մայիսի 15-ին Բեյրութում կազմվեց “Ադանայի հայրենակցական վերաշինաց միությունը”, որը խնդիր էր դրել օգնել Սովետական Հայաստանում հիմնադրելու Նոր Ադանա ավանը։ 1944-ին կազմակերպվեցին “Ադանա, Մերսին, Տարսոն քաղաքների հայրենակցական միությունը” և “Ադանայի հայ ուսումնասիրաց միության” մասնաճյուղը։ Բեյրութում գործող այս երեք միությունները 1945-ի մայիսի 25-ին միացան և կազմեցին “Ադանայի հայրենակցական միությունը”՝ նպատակ ունենալով օժանդակել հայրենակից ադանացիների նյութական, կրթական-բարոյական և մշակութային վերելքին, սատարել ազգային հայրենասիրական ձեռնարկումներին։ Ադանայի հայրենակցական միություններ կան ԱՄՆ-ում, Լիբանանում, Արգենտինայում, Հունաստանում, Սիրիայում։ 1960-ին Լիբանանում ստեղծվեց “Նոր Ադանայի եկեղեցասեր տիկնանց միությունը”, որը սերտ կապերի մեջ է Սովետական Հայաստանի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 68