Jump to content

Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն
 Ֆրանսիական հանրապետության ժամանակավոր կառավարություն Ֆրանսիա 

Նշանաբան՝
«Ազատություն, հավասարություն, եղբայրություն»

Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Լեզու ֆրանսերեն
Կրոն կաթոլիկություն
Հիմն Մարսելյեզ

Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն, Ֆրանսիայի պետականության պատմության 1946-1958 թվականների ժամանակաշրջանը։

1946 թվականի հունիսի 2-ին ընտրված Սահմանադիր ժողովը սեպտեմբերին ընդունեց նոր սահմանադրության նախագիծը, որը հավանության արժանացավ 1946 թվականի հոկտեմբերի 13-ին անցկացված հանրաքվեով։ Նոր սահմանադրությանը բնորոշ էին խորհրդարանական կարգի առկայությունը, հանրապետության նախագահի իշխանության թուլացումը[1]։

Նոր սահմանադրության առաջին նախագիծը Սահմանադիր ժողովի կողմից կազմվել էր 1946 թվականի սկզբին։ Ըստ դրա՝ նախատեսվում էր ունենալ միապալատ Ազգային ժողով՝ որպես օրենսդիր մարմին, հանրապետության նախագահ, որը պետք է ընտրվեր Ազգային ժողովի կողմից և իրականացներ ներկայացուցչական գործառույթներ, և որպես գործադիր իշխանության մարմին՝ Նախարարների խորհուրդ, որի նախագահը նույնպես պետք է ընտրվեր Ազգային ժողովի կողմից։ Այս նախագիծը հանրաքվեով մերժվեց։

Երկրորդ նախագիծը, որը Սահմանադիր ժողովի կողմից կազմվեց 1946 թվականի աշնանը, նախատեսում էր ունենալ երկպալատ խորհրդարան՝ բաղկացած Հանրապետության խորհրդից (այս խորհուրդը պետք է ընտրվեր Ազգային ժողովի ու ընտրարարների կոլեգիաների կողմից) և Ազգային ժողովից, որը պետք է ընտրվեր համաժողովրդական քվեարկությամբ, համամասնական ընտրակարգով։ Պետությունը պետք է ունենար նաև խորհրդարանի կողմից ընտրվող, ներկայացուցչական գործառույթներ իրականացնող նախագահ, նախագահի կողմից նշանակվող և խորհրդարանի առջև պատասխանատու Նախարարների խորհուրդ, Սահմանադրական կոմիտե, որը պետք է իրականացներ սահմանադրական վերահսկողություն։

1953 թվականին իրականացված սահմանադրական բարեփոխումների համաձայն՝ իշխանությանը անվստահություն կարող էր հայտնվել պարզ մեծամասնությամբ, առանց ձեռնպահ ձայների հաշվառման։ Բացի այդ, Նախարարների խորհրդի նախագահը լրացուցիչ լիազորություններ էր ստանում Ազգային ժողովն արձակելու հարցում, կառավարությունը սահմանափակ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու իրավունք էր ստանում՝ իրեն պատվիրակված լիազորությունների սահմաններում, Նախարարների խորհրդին իրավունք էր վերապահվում հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ, մտցվում էր հանրապետության նախագահի ընտրության պարզեցված կարգ (պետք է ընտրվեր առանց բանավեճերի, պարզ մեծամասնությամբ), կոալիցիոն կառավարության մասին դրույթը չեղարկվում էր, համամասնական ընտրակարգը փոխարինվում մեծամասնականով։

Մինչև 1947 թվականի մայիս ամիսը Ֆրանսիան կառավարում էին կոալիցիա կազմած ձախ և աջամետ ու կենտրոնամետ կուսակցությունները, ներառյալ կոմունիստներին։ Նպատակ ունենալով իշխանությունից հեռացնելու կոմունիստական կուսակցությանը, որը խորհրդարանում խոշորագույն քաղաքական ուժն էր, և աջերի դըգոլյան՝ Ֆրանսիական ժողովրդի միավորումը, ստեղծվեց նոր կոալիցիա (այսպես կոչված՝«երրորդ ուժը»), որի մեջ մտան Բանվորական ինտերնացիոնալի ֆրանսիական բաժանմունքը (սոցիալիստները), Ժողովրդական-հանրապետական շարժումը (քրիստոնյա դեմոկրատները), արմատականները և անկախների ու ագրարայինների աջակենտրոնամետ Ազգային կենտրոնը։ Ֆրանսիական ժողովրդի միավորումը ներկայացնող պատգամավորների մի մասը, անհամաձայնություն հայտնելով դը Գոլին, անցավ իշխող նորաստեղծ կոալիցիայի կողմը, և դը Գոլը 1953 թվականին ժամանակավորապես հեռացավ քաղաքականությունից։ 1956 թվականին կազմավորվեց Հանրապետական ճակատի կառավարություն, որի մեջ մտան արմատականներն ու սոցիալիստները, որոնք ճանաչել էին Ալժիրի ու Մարոկկոյի անկախությունը։ Սակայն 1957 թվականի մայիսին այդ կառավարությունը փլուզվեց։

Չորրորդ հանրապետության օրոք իշխանությունների կողմից երաշխավորվել է տղամարդկանց և կանանց աշխատանքի վարձատրության հավասարությունը, ընդլայնվել է գործազուրկներին տրվող պետական օգնությունը, վերականգնվել են քառասունժամյա աշխատանքային շաբաթը, վճարովի արձակուրդները, արտաժամյա աշխատանքի վարձատրության բարձրացված չափանշումները։ 1950 թվականից մտցվել է աշխատավարձի երաշխավորված համազգային նվազագույն չափ, որը փոփոխվում էր՝ համապատասխանեցվելով նվազագույն կենսամակարդակին։ Ծերության և հաշմանդամության թոշակների տարիքային շեմը հաստատվել է 65 տարին։ Ստեղծվել է սոցիալական ապահովագրության միասնական պետական համակարգ, որը տարածվում էր բոլոր վարձու աշխատողների վրա, բացառությամբ գյուղատնտեսության ոլորտում ընդգրկվածների։ Ժողովրդագրական դրությունը բարելավելու, ծնելիությունը խթանելու նպատակով նպաստներ են սահմանվել անչափահաս երեխաներ ունեցողների համար։

Չորրորդ հանրապետության ժամանակաշրջանի արտաքին քաղաքականության բնագավառում առանցքային իրադարձություններն էին ֆրանսիական գաղութային կայսրության քայքայումը, պատերազմները Հնդկաչին թերակղզում, ապա՝ Հյուսիսային Աֆրիկայում։ Միջազգային ասպարեզում Ֆրանսիայի դերակատարության աճի մասին էր վկայում այն, նա դարձավ Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիրներից մեկը, անդամագրվեց հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական բլոկին, մտավ ծնունդ առնող համաեվրոպական առաջին կառույցների (ինչպես, օրինակ, Պողպատի ու ածխի միության) մեջ։

Ներքին քաղաքականության բնագավառում այդ ժամանակաշրջանը բնորոշվեց ետպատերազմյան տարիների զգալի անկայունությամբ, սկզբնական շրջանում կոմունիստների, իսկ վերջնահատվածում՝ ծայրահեղ աջերի ազդեցության ուժեղացմամբ։ Տնտեսական աճի՝ այսպես կոչված «Փառավոր երեսնամյակի» սկիզբը ուղեկցվում էր դրամի անվերահսկելի արժեզրկումներով։ Հաճափակի փոփոխվում էին այսպես կոչված թափանցիկ կառավարությունները (սովորաբար տարեկան երկու-երեք վարչապետ էր փոխվում)։

1958 թվականի մայիսին ալժիրյան ճգնաժամի ալիքի վրա իշխանության գլուխ անցավ Շառլ դը Գոլը։ Զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ նա սահմանադրական մի շարք բարեփոխումներ իրականացրեց, որոնք հանգեցրին Ֆրանսիայում նախագահական հանրապետության հաստատմանը։ 1958 թվականի նոյեմբերին նոր սահմանադրությունը ընդունվեց հանրաքվեով, և հանրապետության գործող նախագահ Կոտին նոյեմբերին ստորագրեց այն։ Դրանով իսկ դրվեց չորրորդ հանրապետության վերջը և հինգերորդի սկիզբը։ Այդ նույն տարվա դեկտեմբերին Շառլ դը Գոլը ընտրվեց հանրապետության նախագահ[2]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ հանրապետության օրոք ազգայնացվեցին ածխի, գազի, ավտոմեքենաշինական ու ավիացիոն արդյունաբերությունը, խոշորագույն հինգ բանկ, խնայդրամարկղերը, ապահովագրական ընկերությունների մի մասը։ Ազգայնացված ձեռնարկություններում ստեղծվեցին վարչական խորհուրդներ, որոնցում ընդգրկված էին նաև աշխատավորներ։

Դեռևս 1946 թվականին Ժան Մոնեի գլխավորությամբ ստեղծվել էր տնտեսության պլանավորման գլխավոր քարտուղարություն, որն զբաղվում էր երկրի զարգացման միջնաժամկետ ծրագրերի մշակմամբ։ Հիսունից ավել աշխատողներ ունեցող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում հիմնվել էին «ձեռնարկության կոմիտե»-ներ, որոնք բաղկացած էին վարչության, բանվորների, ինժեներների, տեխնիկների ներկայացուցիչներից։

Արդյունաբերության ներդրումային բազայի ամրապնդման գործում մեծ դեր խաղաց կապիտալի արտահոսքի նվազումը։ Առաջատար բանկերի ազգայնացումից հետո հենց դրանց կապիտալը հիմնականում ներդրվեց ազգային տնտեսությունում, և ոչ թե օտարերկրյա հատկացումներն ու փոխառությունները։ Արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը. եթե քսաներորդ դարի սկզբին կապիտալի արտահանումը տասն անգամ գերազանցում էր ֆրանսիական արդյունաբերության մեջ կատարվող ներդրումներին, ապա 1950-ական թվականների վերջերին վեց անգամ պակասեց կապիտալի արտահոսքը՝ ներքին շուկայում ներդրումների բազմապատիկ ավելացման հաշվին։

Սկսվեց էժան բնակարանների կառուցումը։ Կառավարությունը կարողացավ միջոցներ հատկացնել պատերազմի պատճառով ավերված գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև այն երիտասարդ գյուղացիներին, ովքեր ցանկանում էին իրենց տնտեսությունն ստեղծել։

Ֆրանսիայի տրանսպորտի և կապի բնագավառում նկատելի դերակատարություն ստանձնեցին հետևյալ կազմակերպությունները.

երկաթուղային տրանսպորտի օպերատոր - SNCF - Société Nationale des Chemins de fer Français - ֆրանսիական երկաթուղու ազգային ընկերությունը.

Փարիզի հասարակական տրանսպորտի օպերատոր - RATP - Régie Autonome des Transports Parisiens - Փարիզի հասարակական տրանսպորտի ինքնավար հիմնարկությունը.

փոստային կապի և հեռահաղորդակցության օպերատոր - PTT - Postes, télégraphes et téléphones —ը։

Երկրի առաջնորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ հանրապետության նախագահներ են եղել.

  • Վենսան Օրիոլը (մինչև 1954 թ.)
  • Ռենե Կոտին

Քաղաքական նշանավոր գործիչներ էին՝ վարչապետներ Ռենե Պլևենը (երկու ժամկետ է ղեկավարել կառավարությունը), Գի Մոլլը (1956-1957 թթ.), ինչպես նաև Անտուան Պինեն, Ռոբեր Շումանը, Պիեռ Պֆիմլենը։

Պետական կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդիր մարմիններն էին. Հանրապետության խորհուրդը, որն ընտրվում էր Ազգային ժողովի և ընտրարարների կոլեգիաների կողմից, ինչպես նաև հենց ինքը՝ Ազգային ժողովը, որն ընտրվում էր ժողովրդի կողմից։

Պետության գլուխը հանրապետության նախագահն էր, որն ընտրվում էր Ազգային ժողովի և Հանրապետության խորհրդի կողմից։

Գործադիր մարմինը Նախարարների խորհուրդն էր՝ նախարարների խորհրդի նախագահով ու նախարարներով, որոնք նշանակվում էիր հանրապետության նախագահի կողմից և պատասխանատու էին Ազգային ժողովի առաջ։

Սահմանադրական վերահսկողության մարմինը Սահմանադրական կոմիտեն էր, որը նշանակվում էր Ազգային ժողովի ու Հանրապետության խորհրդի կողմից։ Դատական մարմիններում ծառայության նշանակման համար կադրեր ընտրող մարմինը Մագիստրատուրայի բարձրագույն խորհուրդն էր, որը նշանակվում էր Ազգային ժողովի և հեղինակություն վաստակած դատավորների կողմից։

Քաղաքական կուսակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն՝ կոմունիստական
  • Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցություն՝ սոցիալիստական
  • Արմատական հանրապետական և արմատական սոցիալիստական կուսակցություն՝ ազատական
  • Ժողովրդական-հանրապետական շարժում՝ քրիստոնեա-դեմոկրատական
  • Անկախների և ագրարայինների ազգային կենտրոն՝ պահպանողական
  • Ֆրանսիական ժողովրդի միավորում՝ պահպանողական

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ հանրապետության ժամանակաշրջանում Ֆրանսիան կենտրոնացված ունիտար պետություն էր, որի տարածքը բաժանված էր դեպարտամենտների, վերջիններս էլ՝ համայնքների։ Դեպարտամենտների ներկայացուցչական մարմինները գերագույն խորհուրդներն էին, համայնքներինը՝ համայնքային խորհուրդները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "France", Microsoft® Encarta® Encyclopedia 2001
  2. Alan Fimister, Robert Schuman: Neo-Scholastic Humanism and the Reunification of Europe (2008)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն» հոդվածին։