Jump to content

Քլամիդիոմոնադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլամիդիոմոնադ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Կանաչ ջրիմուռներ (Chlorophyta)
Դաս Պրոտոկոկային ջրիմուռներ (Chlorophyceae)
Կարգ Volvocales
Ընտանիք Chlamydomonadaceae
Ցեղ Քլամիդիոմոնադ (Chlamydomonas)
Ehrenb., 1833

Քլամիդոմոնադ (լատին․՝ Chlamydomonas), վոլվոքսայինների կարգի կանաչ, միաբջիջ ջրիմուռ։ Հայտնի է ավելի քան 500 տեսակ։

Հայաստանում՝ 4 տեսակ՝

  • Քլամիդոմոնաս խիտ (Chlamydomonas conferta),
  • Քլամիդոմոնաս էլիպսաձև (Chlamydomonas elliptica) և այլն։

«Քլամիդոմոնադ» հունարեն նշանակում է պարզագույն օրգանիզմ, որը ծածկված է «հագուստով»՝ թաղանթով։ Քլամիդոմոնադը լավ երևում է մանրադիտակով։

Քլամիդոմոնադի կառուցվածքը.
1. Մտրակներ
2. Վակուոլներ
3. Թաղանթ
4. Աչիկներ
5. Կորիզ
6. Քրոմատոֆոր

Բնակվում է ջրափոսերում, առուներում, որոշ տեսակներ՝ սառույցի և ձյան վրա՝ առաջացնելով դրանց «ծաղկում»։ Տարածված է քաղցրահամ, հատկապես ազոտային միացություններով հարուստ փոքր ջրամբարներում։

Տանձաձև մանր, շարժուն, միաբջիջ օրգանիզմ է։ Առջևի ծայրը՝ սրացած, որտեղ ունի 2 հավասար մտրակ, որոնց օգնությամբ շարժվում է։ Բջիջը հարթ է՝ պատված պեկտինային թաղանթով, ունի երկու մտրակ։ Բջջի ետին մասում գտնվում է կանաչ, բաժականման քրոմատոֆոբը, առջևի մասում՝ անգույն պրոտոպլազման կորիզով։ Առջևի մասում է գտնվում նաև կարմիր լուսազգայուն աչքը։ Ցիտոպլազմայում գտնվում է կորիզը, իսկ մտրակների հիմքի մոտ՝ երկու փոքր բբախող վակուոլ։

Քլամիդոմոնադը սնվում է ոչ միայն ֆոտոսինթեզի ընթացքում առաջացած, այլ պատրաստի օրգանական նյութերով, որոնք բջիջը կլանում է ամբողջ մակերեսով։

Քլամիդոմոնադը լուսազգայուն աչիկով ընկալում է լույսը և մտրակների օգնությամբ շարժվում դեպի այն։ Բաբախող վակուոլները ծառայում են ներթափանցած ջրի հավելյալ քանակի հեռացման համար։

Քլամիդոմոնադի կառուցվածքը

Բազմանում է անսեռ (զոոսպորներով) և սեռական (իզոգամիա կամ հետերոգամիա) ճանապարհներով։

Անսեռ

Ամռանը նպաստավոր պայմաններում քլամիդոմոնադը բազմանում է անսեռ եղանակով, որի ընթացքում կորցնում է մտրակները։ Այնուհետև նրա պարունակությունը՝ կորիզը և ցիտոպլազման, կիսվում են 2, 4, իսկ երբեմն նաև՝ 8 մասի, որոնցից դեռևս մայրական օրգանիզմում ձևավորվում են հատուկ բջիջներ՝ սպորներ։ Այն սպորները, որոնք ունեն երկարավուն մտրակ, շարժուն են, կոչվում են զոոսպորներ։ Դրանք ընդհանուր կառուցվածքով նման են մայրական օրգանիզմին, բայց ավելի փոքր են և ցելյուլոզային թաղանթ չունեն։ Զոսպորները մայրական օրգանիզմից դուրս գալով վերածվում են հասուն ձևի։

Սեռական

Անբարենպաստ պայմաններում (ցուրտ, ջրամբարի չորոցում, սննդանյութի բացակայություն) քլամիդոմոնադը բազմանում է սեռական եղանակով։ Սեռական բազմացման ընթացքում քլամիդոմոնադի մայրական բջիջը բաժանվում է, առաջանում են երկու մտրակ ունեցող մեծ քանակությամբ (8-64) շարժուն, փոքրիկ գոյացություններ, որոնք սեռական բջիջներ՝ գամետներ են։ Սրանք արտաքնապես նման են իրար, սակայն արական գամետները շարժուն են, մինչդեռ իգական գամետները՝ սակավաշարժ։

Գամետները, դուրս գալով մայրական բջջի թաղանթից, լողում են ջրում։ Տարբեր առանձնյակների գամետները զույգերով միաձուլվում են՝ ձևավորվում է զիգոտը և պատվում հաստ, ամուր թաղանթով։ Այդպես զիգոտը ձմեռում է, իսկ գարնանը, երբ բարենպաստ պայմաններ են, բաժանվում է՝ առաջացնելով 4 քլամիդոմոնադ, որոնք մայրական բջջից դուրս են գալիս, աճում ու վերածվում են հասուն առանձնյակի։

Մանրադիտակային կառուցվածքը
Զոսպորներ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 54
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլամիդիոմոնադ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլամիդիոմոնադ» հոդվածին։