Jump to content

Վոլվոքսայիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլվոքս (Volvox minor)

Վոլվոքսայիններ (Volvocophyceae), կանաչ ջրիմուռների դաս։ Միաբջիջ կամ գաղութային, վեգետատիվ վիճակում շարժուն, սովորաբար կանաչ, երբեմն կարմիր կամ անգույն օրգանիզմներ են։ Միակորիզ են, պատյանավոր կամ մերկ, ունեն գավաթաձև, պիրենոիդով քրոմատոֆոր, սովորաբար 2 բաբախող վակուոլ, կարմիր աչք և 2 (հազվադեպ՝ 4—8) մտրակիկ։ Անգույն ձևերը քրոմատոֆոր չունեն կամ այն ներկայացված է անգույն ստրոմի (լեյկոպլաստի) ձևով։ Միաբջիջ, պատյան չունեցող վոլվոքսայինները բազմանում են երկայնակի կիսվելով, պատյանավորները՝ զոոսպորներով, գաղութային ձևերը՝ մայրական գաղութի ներսում բջիջների հաջորդական բաժանմամբ։ Սեռական բազմացումը կատարվում է վեգետատիվ բջիջների կամ գամետների կոպուլյացիայի միջոցով։ Հիմնականում պլանկտոնային ձևեր են և կեր են ծառայում ձկների համար։ Զանգվածային բազմացման հետևանքով երբեմն առաջացնում են «ջրի ծաղկում», որից խմելու ջուրը դառնում է ոչ պիտանի և վնասակար ձկնատնտեսության համար։ Նախկին ԽՍՀՄ-ում հայտնի էր վոլվոքսայինների 52 ցեղ, 250 տեսակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 491