Քաղաքացիական խիզախություն
Քաղաքացիական խիզախություն, հերոսության հետ սերտորեն փոխկապակցված քաջության առանձնահատուկ դրսևորում, երբ մարդը միջամտում կամ որոշակի դիրքորոշում է զբաղեցնում սոցիալական իրավիճակում[1]։ Այս խիզախությունը դրսևորվում է, օրինակ, իշխանությունների, վերադասների, անծանոթների կամ հանցագործների նկատմամբ (անկախ անձնական-սոցիալական և ֆիզիկական հնարավոր հետևանքներից), երբ անհատը հրապարակայնորեն պաշտպանում է համամարդկային արժեքները (ինչպիսիք են արժանապատվությունը, արդարությունը և կարիքավորներին օգնելը)[2]։
Ժամանակակից համատեքստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբան Տոբիաս Գրայտեմեյերը քաղաքացիական խիզախությունն անվանել է քաջության դրսևորում, որն ուղղված է հասարակական կամ էթիկական նորմերի պահպանմանը և կիրարկմանը՝ առանց մտահոգվելու, թե ինչ հնարավոր հետևանք կարող է դա ունենալ սեփական սոցիալական դիրքի կամ հեղինակության վրա։ Քաղաքացիական խիզախություն դրսևորելը հաճախ պատժվում է, և խիզախ մարդը կարող է ենթարկվել սոցիալական մեկուսացման կամ օտարման[3]։ Այսպիսով, այն տարբերվում է ալտրուիստական վարքից և խիզախության այլ ձևերից, որոնք, ընդհանուր առմամբ, ընդունված են հասարակության շրջանում[4]։
Երբ անհատն անշահախնդիր օգնում է ուրիշներին, հաճախ ակնկալում է գովասանքի արժանանալ, նույնիսկ եթե օգնելիս ֆինանսական կամ նյութական վնասներ կրելու հնարավոր ռիսկ կա։ Երբ անհատն իր գործողություններով դրսևորում է քաղաքացիական խիզախություն, նա կարող է բախվել սոցիալական բացասական հետևանքների, ինչպիսիք են մարգինալացումը, վիրավորանքները կամ բռնությունը։ Քաղաքացիական խիզախությունը դրսևորվում է, երբ անհատը, լիովին գիտակցելով հնարավոր ռիսկերն ու հետևանքները, ընտրում է սոցիալական գործընթացին միջամտելու տարբերակը[5]։ Սա երևում է ազդարարների օրինակով, որոնք պարտադիր չէ, որ վտանգեն իրենց կյանքը, բայց իրենց գործողությունների պատճառով կարող են ազատազրկվել[3]։
Որոշ անհատներ քաղաքացիական խիզախությունը կապում են Մահաթմա Գանդիի և Մարտին Լյութեր Քինգ կրտսերի ոչ բռնության փիլիսոփայության հետ և համարում են, որ այդ կապի պատճառով քաղաքացիական խիզախությունը՝ որպես վարքագծային մոդել, կորցրել է իր արդիականությունը, քանի որ ոչ բռնի մեթոդներն անհետաքրքիր են և ձանձրալի՝ ի տարբերություն, օրինակ, բռնի հեղափոխությունների, որոնք համարվում են ավելի ազդեցիկ կամ արդյունավետ՝ սոցիալական փոփոխություններ իրականացնելու համար[6]։
Ալեքսանդր Սոլժենիցինը քաղաքացիական խիզախության մասին ասել է.
Մենք սովոր ենք խիզախություն համարել միայն պատերազմում դրսևորված քաջությունը (կամ տիեզերքթռչելու համար անհրաժեշտ քաջությունը), այն քաջությունը, որը մեդալներով է պարգևատրվում։ Մենք մոռացել ենք քաջության ևս մեկ հասկացության մասին՝ քաղաքացիական խիզախությունը։ Եվ դա այն է, ինչ պետք է մեր հասարակությանը, միա՛յն դա, միա՛յն դա, միա՛յն դա[7]։
Քաղաքացիական խիզախության սերմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականին Յուրգեն Վիլլեմսն իր «Սերմանելով քաղաքացիական խիզախություն. քաղաքացիների տեսակետը» ուսումնասիրության մեջ նշել է, որ Գերմանիայի քաղաքացիները համարում են, որ քաղաքացիական խիզախություն հնարավոր է սերմանել հետևյալ միջավայրերում՝ տանը և/կամ ընտանիքում, կամավորություն անելիս, մարզական կազմակերպություններում, արտադասարանական ծրագրերի մասնակցելիս, դպրոցում, մասնագիտական կազմակերպություններում, ընկերական շրջապատում և երիտասարդական շարժումներում։ Իսկ հեռուստատեսությունը, սոցիալական ցանցերը կամ համացանցը չեն համարվում քաղաքացիական խիզախություն սերմանելու համար բարենպաստ միջավայրեր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Spring, Ursula (2009). International Security, Peace, Development and Environment. Vol. II. Oxford: EOLSS Publishers Co. Ltd. էջ 80. ISBN 9781848265332.
- ↑ 2,0 2,1 Willems, Jurgen (2021 թ․ սեպտեմբերի 21). «Learning Civil Courage: A Citizens' Perspective». Educational Researcher (անգլերեն). 50 (9): 679–681. doi:10.3102/0013189X211044159. ISSN 0013-189X.
- ↑ 3,0 3,1 Huff, Mickey; Roth, Andy Lee; Censored, Project (2013 թ․ հոկտեմբերի 8). Censored 2014: Fearless Speech in Fateful Times; The Top Censored Stories and Media Analysis of 2012–13 (անգլերեն). Seven Stories Press. ISBN 9781609804954.
- ↑ Greitemeyer, Tobias (2007). «Civil courage: Implicit theories, related concepts, and measurement». The Journal of Positive Psychology. 2 (2): 115–119. doi:10.1080/17439760701228789. S2CID 144642586.
- ↑ Osswald, Silvia (2010). What Is Moral Courage? Definition, Explication, and Classification of a Complex Construct. էջեր 149–164. doi:10.1037/12168-008. ISBN 978-1-4338-0807-4. S2CID 23830517.
- ↑ Doerry, Martin (2007). «Rethinking Remembrance». In Kramer, Naomi (ed.). Civil Courage: A Response to Contemporary Conflict and Prejudice. Frankfurt: Peter Lang. էջ 44. ISBN 9781433100574.
- ↑ Solzhenitsyn, Alexander (1973). The Gulag Archipelago, 1918–1956. Vol. 1: An Experiment in Literary Investigation.