Փարվին Էթեսամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարվին Էթեսամի
Ծնվել էմարտի 16, 1907(1907-03-16)[1]
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Վախճանվել էապրիլի 5, 1941(1941-04-05)[1] (34 տարեկան)
Վախճանի վայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրականագետ, գրադարանավար և գրող
ՔաղաքացիությունԻրան
ԿրթությունIran Bethel School?
 Parvin E'tesami Վիքիպահեստում

Փարվին Էթեսամի (պարս.՝ پروین اعتصامی, մարտի 16, 1907(1907-03-16)[1], Թավրիզ, Իրան - ապրիլի 5, 1941(1941-04-05)[1], Թեհրան, Իրան), իրանցի բանաստեղծուհի[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարվին Էթեսամին ծնվել է 1907 թվականին Թավրիզում։ Նրա հայրը՝ լրագրող և գրող Միրզա Յուսուֆ Էթեսամին, եղել է Միրզա Իբրահիմ-խանի որդին։ Փարվինը ուներ չորս եղբայր։ Նրա մայրը մահացել է 1973 թվականին։ Մանկության տարիներին Փարվինը Էթեսամի ընտանիքի հետ տեղափոխվում է Թեհրան, որտեղ դպրոցական ուսմանը զուգահեռ հորից սովորել է արաբերեն և դասական պարսկական գրականություն։ 1924 թվականին ավարտում է դպրոցը, այնուհետև՝ Թեհրանի աղջիկների ամերիկյան դպրոցը և կանանց ամերիկյան բարձրագույն դպրոցը։ Հետագայում նա որոշ ժամանակ դասավանդում է նույն դպրոցում։ Հոր հետ շատ է ճամփորդել։ 1934 թվականին ամուսնանում է հոր զարմիկի հետ և տեղափոխվում Քերմանշահ քաղաք, սակայն այդ ամուսնությունը տևում է ընդամենը տասը շաբաթ, և նա նորից վերադառնում է Թեհրան։ 1938-1939 թվականներին Փարվին Էթեսամին մի քանի ամիս աշխատում է Թեհրանի մանկավարժական համալսարանի («Դանեշ-սարա-յե ալի», այժմ՝ Խորեզմի համալսարան) գրադարանում։ Փարվինի հայրը մահացել է 1938 թվականին, իսկ ինքը՝ Փարվինը, մահացել է երեք տարի անց և թաղված է հոր կողքին Ղոմ քաղաքում։ Նրա մահը ցնցեց ամբողջը երկիրը, և նրա մասին գրվեցին շատ եղերերգեր[2]։

Փարվինի մոտ դեռևս յոթ կամ ութ տարեկանում ի հայտ են գալիս բանաստեղծական ընդունակություններ․ հայրը պաշտպանում և քաջալերում էր նրան։ Հոր ղեկավարությամբ Փարվինը ուսումնասիրում է պարսկական և արաբական լեզվով դասական գրական ժառանգությունը։ 1921-1922 թվականներին պարսկական «Բահար» (Գարուն) ամսագրում լույս են տեսնում նրա վաղ շրջանի մի քանի բանաստեղծություններ։ 156 բանաստեղծություններից բաղկացած նրա առաջին գիրքը հրատարակվել է 1935 թվականին։ Նշանավոր բանաստեղծ և գիտնական Մոհամմադ-Թաղի Բահարը գրել է այդ գրքի նախաբանը։ Նրա ստեղծագործությունների երկրորդ հրատարակությունը իր եղբայր՝ Աբուլ-Ֆաթհ Էթեսամիի խմբագրությամբ, լույս է տեսել նրա մահից հետո, 1941 թվականին։ Այն բաղկացած էր 209 տարբեր ոճի և ձևի ստեղծագործություններից՝ կասիդաներ, գազելներ և այլն։ Իր կարճ կյանքի ընթացքում Փարվինը մեծ ճանաչում ունեցավ իրանցիների շրջանում։ Փարվինի պոեզիան իր ձևով և բովանդակությամբ շարունակում էր պարսկական դասական գրականության ավանդույթները։ Նա անտեսում էր, իրանական պոեզիայում մոդեռնիստական միտումները, կամ նույնիսկ տեղյակ չէր դրանցից։ Պրոֆեսոր Հեշմատ Մոայադ նրա «Սաֆար-ե աշկ» (Արցունքի ճանապարհորդություն) համարում է պարսկերենով երբևէ գրված քնարերգության լավագույն օրինակներից մեկը[2]։

Վիճաբանության կամ երկխոսության (պարսկերեն՝ մոնազարա) ժանրի բանաստեղծությունները կազմում են Էթեսամիի գործերի մեծ մասը։ Իր գործերում քննադատում է սոցիալական անարդարությունը և մարդկանց բարոյական թերացումները։ Նրա բանաստեղծություններում նկատվում է Ունսուրիի, Անվարիի, Նիզամիի, Ռումիի, և Սաադիի ազդեցությունը։ Ներշնչվել է նաև Եզոպոսի և Լաֆոնտենի առակներից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Moayyad, Heshmat (1998). «Eʿteṣāmī, Parvīn». Encyclopædia Iranica. Vol. VIII. էջեր 666–669. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  3. C. Kramarae and D. Splender (2000). Routledge International Encyclopedia of Women: Global Women's Issues. Routledge. էջ 1273. ISBN 0-415-92091-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարվին Էթեսամի» հոդվածին։