Տունդրային զոնաներ
Տունդրային զոնաներ, մայրցամաքային բնական զոնաներ, գլխավորապես Հյուսիսային կիսագնդում, արկտիկական և մերձարկտիկական գոտիներում։ Հարավային կիսագնդում հանդիպում են ոչ մեծ տեղամասերով, Անտարկտիդայի մոտ գտնվող կղզիներում։ Հյուսիսային կիսագնդում Տունդրային զոնաները տարածված են արկտիկական անապատների և անտառատունդրայի զոնաների միջև։ Ձգվում են 300-500 կմ լայնությամբ շերտով՝ Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային ափերի երկայնքով։ Տունդրային զոնաներում տարեկան ճառագայթային հաշվեկշիռը ցածր է, հոկտեմբերից մինչև ապրիլ՝ բացասական; Ձմերը տևում է 8-9 ամիս։ ՍՍՀՄ եվրոպական մասի Տունդրային զոնաներում հունվարի միջին ջերմաստիճանը-5°С-ից մինչև-10°С է, Սիբիրի հյուսիսային արևելքում և Հեռավոր Արևելքում ՝ մինչև-50°С։ Ձնածածկույթի տևողությունը հոկտեմբերից հունիս է, հաստությունը՝ եվրոպական մասում 50-70 սմ, Արևելյան Սիբիրում և Կանադայում՝ 20-40 սմ։ Հաճախակի են բքերը։ Ամառ0ը կարճ է՝ երկարատև բևեռային ցերեկով։ Դրական ջերմաստիճանով ժամանակաշրջանը 2-3 ամիս է։ Ամառը օդի հարաբերական խոնավությունը բարձր է, հաճախակի են մառախուղները և մանրամաղ անձրևները։ Տարեկան տեղումներն աննշան են, բայց համարյա ամենուրեք գերազանցում են գոլորշիացմանը, որի պատճառով առաջանում են ճահիճներ։ Տունդրային զոնաներին բնորոշ են անտառազուրկ, նոսր մամռաքարաքոսային բուսածածկույթով, խիստ ճահճապատ լանդշաֆտը, բազմամյա սառածությունը և վեգետացիոն կարճ ժամանակաշրջանը։ Տունդրային զոնաների սահմաններում գերակշռում են մերձծովյան դաշտավայրային հարթավայրերը։ Լեռները միջին բարձրության մեկուսի զանգվածներ են՝ հնագույն սառցադաշտերի հետքերով։ Ռելիեֆի ձևավորման գործում մեծ դեր են խաղացել սառցապատումները, բևեռային ծովերի բազմաթիվ տրանսգրեսիաները, ժամանակակից սառցութային պրոցեսները։ Լայն տարածում ունեն բրածոսառույցները, մակասառցաջրերը, հիդրոլակոլիթները։ Բազմամյա սառած գետնի հզորությունը Արևելյան Սիբիրի հյուսիսային մասում 600 մ է, Ալյասկայի հյուսիսում՝ 300-400 մ, Եվրոպայի հյուսիսարևելքում՝ 20-60 մ։ Տունդրային զոնաների խիստ կլիմայով է պայմանավորված նրա օրգանական աշխարհի աղքատությունը։ Տունդրային զոնաներում հաշվվում է 200-300 տեսակ ծաղկավոր բույս, մոտ 800 տեսակ մամուռ ու քարաքոս։ Բուսածածկույթը նոսր է։ Բնորոշ են սփռվող տեսակները։ Գետահովիտներում հանդիպում են թփուտներ։ Կենդանիներից տարածված են սպիտակ և տունդրային կաքավները, հյուսիսային եղջերուն, գայլը, լեմինգը, բևեռաղվեսը։ Հանդիպում է ոչխարացուլ։ Ամռանը բնակալում են բազմաթիվ ջրլող թռչուններ։ Շատ կան մոծակներ, այլ արյունածծիչներ և անողնաշարավորներ։ Բնակչության հիմնական զբաղմունքներն են եղջերվաբուծությունը, ձկնորսությունն ու որսորդությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |