Տոսախ կոլխիդյան
Տոսախ կոլխիդյան | |
Տոսախ կոլխիդյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Buxales |
Ընտանիք | Տոսախազգիներ (Buxaceae) |
Ցեղ | Տոսախ (Buxus) |
Տեսակ | Տոսախ կոլխիդյան (B. colchica) |
Միջազգային անվանում | |
Buxus colchica | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Տոսախ (լատին․՝ Buxus colchica), տոսախազգիներ ընտանիքի տոսախ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտադալար ծառեր են՝ մինչև 15-18 մ բարձրությամբ, ձվաձև, խիտ ճյուղավորված սաղարթով և ուղիղ, սակայն խիստ ճյուղավորված բնով, որը հասնում է մինչև 45-50 սմ տրամագծի։ Կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով շատ է նման մշտադալար տոսախին։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը բաց դեղնավուն է, մանր ճաքճքված։ Ընձյուղները կանաչ են, քառանիստ, սկզբում երկու կողմից մազմզուկապատ, ավելի ուշ' մերկ։ Տերևների ձևը խիստ տարբեր է, հանդիպում են էլիպսաձև, ձվաձև, ձվաէլիպսաձև, ռոմբաձև, նշտարաձև, կլորավուն, սրածայր, փոսիկավոր կամ կլոր ծայրով և այլն։ Հիմքը կլորավուն է կամ սեպաձև։ Երկարությունը հասնում է 1-3, լայնությունը՝ 0,5-1,8 սմ-ի, կաշվեկերպ, վերևից մուգ կանաչ, փայլուն, լավ նկատելի ջղավորությամբ, ներքևից բաց կանաչավուն, անփայլ, մերկ, կարճ (1-3 մմ երկարությամբ) տերևակոթուններով, որոնք ծածկված են կարճ աղվամազով։
Ծաղիկները նստադիր են, կանաչավուն, հավաքված ծոցային, գլխիկանման հասկիկներում, գագաթայինները վարսանդային (երբեմն դրանք 2-3 հատ են), մյուսները՝ առէջային։ Առէջային ծաղիկները ունեն մեկական ծաղկակից և 2 զույգ ծաղկապատ, որոնք հիմքում սերտաճած են, արտաքինները՝ գորշականաչավուն, Ներքինները՝ դեղնավուն։ Առէջները 2 անգամ ավելի երկար են ծաղկապատի թերթիկներից։ Վարսանդային ծաղիկները ունեն 4-7 թեփուկանման ծածկոցներ, սերմնարանը գտնվում է 3 խոշոր նեկտարանոցների և սռնակի միջև, ընդ որում սռնակը կրկնակի անգամ կարճ է սերմնարանից, խոշոր, երկբլթակ սպիներով։ Տուփիկը ձվաձև-գնդաձև է, ամուր, կաշվեկերպ, 8-9,5 մմ երկարությամբ, 4,5-5 մմ լայնությամբ, եղջյուրիկներով։ Սերմերը սև են, փայլուն, երկարավուն-էլիպսաձև։ Մրջյունները սովորաբար կրում են դրանք՝ նպաստելով տարածմանը։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է Արևմտյան Անդրկովկասում, Հյուսիսային Կովկասում, Փոքր Ասիայում։ Հանդիպում է ծովի մակերևույթից 600֊1000 մ բարձրության վրա, որտեղ աճում է ծովամերձ գլաքարուտներում, ավազային բերվածքներում, կավավազային, կրով հարուստ հողերում։ Հզոր հողերում կազմավորում է խոր գնացող արմատային համակարգ, փոքր հզորության հողերում մակերեսային, սակայն ժայռերի ճեղքերի մեջ թափանցող արմատներ։ Պահանջկոտ է խոնավության նկատմամբ։ Չափազանց ստվերատար է։ Աճում է ենթանտառներում, նույնիսկ բավականին խիտ անտառային ծածկույթի տակ։ խիստ դանդաղ է աճում, 450 — 500 տարեկանում հազիվ է հասնում սահմանային չափերի։ Երբեմն տալիս է արմատային մացառներ, իսկ բնի հատումից հետո՝ առատ բնային մացառներ, որի հետևանքով թփանման տեսք է ստանում։ Լավ է խուզվում և տրված ձևը երկար է պահպանում։ Հեշտությամբ է բազմանում կտրոններով, ընդ որում, այս դեպքում ավելի արագ է աճում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (298-300)։