Մակու, 'Զանգիմար', գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վասպուրականի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ մոտ 3000 մ բարձրությունից։ Երկարությունը մոտ 125 կմ է։ Վերին հոսանքում հոսում է V-աձև հովտով, ստորինում՝ հարթավայրով՝ առաջացնելով գալարներ։ Սնումը խառն է, վարարումը՝ մարտի վերջին։ Մակուի ափին է Մակու քաղաքը։
Նույնացվում է Տղմուտ գետի հետ. ենթադրվում է, որ դա ներկայիս Աղչայ գետն է, թարգմանաբար՝ «սպիտակ գետ»[1]։ V դարի պատմիչներ Եղիշեն ու Ղազար Փարպեցին, Տղմուտ գետ ասելով, նկատի են ունեցել Մակու գետը, որն ամենայն հավանականությամբ այդպես է կոչվել տղմոտ լինելու պատճառով։ Նրա հովտում է Ավարայրի դաշտը, որտեղ 451-ի մայիսի 26-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը՝ հայկական և պարսկական զորաբանակների միջև։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 22)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։