Jump to content

Տարվա եղանակներ (Արչիմբոլդո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարվա եղանակներ
տեսակգեղանկարների շարք
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո
տարի1563
բարձրություն76 սանտիմետր
լայնություն64 սանտիմետր
գտնվում էԲաստիա
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
հատվածն էՁմեռ (նկար), Գարուն (նկար), Ամառ (նկար) և Աշուն (նկար)
հեղինակի կրկնօրինակներ4 գեղանկար
Ծանոթագրություններ
 The Four Seasons (Arcimboldo, 1573) Վիքիպահեստում

«Տարվա եղանակներ» (իտալ.՝ l Quattro stagioni), չորս նկարների շարք, որն ստեղծվել է Ջուզեպպե Արչիմբոլդոն (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527-1593) 1563 թվականին։ 1569 թվականին այն նվիրվել է կայսր Մաքսիմիլիան II-ին «Չորս տարերք» նկարների շարքի հետ միասին, որն ստեղծվել է 1566 թվականին։ 1573 թվականից նկարների շարքը պահվում է Լուվրի թանգարանում։ Նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Յուրաքանչյուր նկարի չափը 76 × 64 սմ է[1]։

«Տարվա եղանակներ» շարքը, որը պահվում է Լուվրում, 1563 թվականի նկարների շարքի երկրորդ տարբերակն է։ 1563 թվականի շարքից պահպանվել են միայն երկու նկարներ՝ «Ձմեռ» և «Ամառ», որոնք ցուցադրվում են Վիեննայի Արվեստի պատմության թանգարան[2][3]։ 1573 թվականին կայսր Մաքսիմիլիան II-ը Արչիմբոլդոյին պատվիրել է «Տարվա եղանակներ» շարքի պատճենը, որպեսզի նվիրի իր ընկերոջն ու դաշնակցին՝ Սաքսոնիայի կուրֆյուրիստ Ավգուստին՝ ի նշան աջակցության նրա որդու՝ Ռուդոլֆի, որն ընտրվել է Հռոմեական Սրբազան կայսրության կայսր։ Այդ պատճառով էլ Սաքսոնիայի գերբը՝ երկու խաչված սրեր, հայտնվել են Ձմռան խորհրդանշական թիկնոցի վրա[4]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տարվա եղանակներ» շարքի նկարները («Գարուն», «Ամառ», «Աշուն», «Ձմեռ») տարվա չորս եղանակների փոխաբերական դիմանկարներն են։ Դրանք խորհրդանշում են մարդկային կյանքի պարբերաշրջանները՝ պատանեկություն, երիտասարդություն, հասունություն և ծերություն։ Դիմանկարները կազմված են մրգերից, բանջարեղենից, ծաղիկներից և այլ բույսերից, որոնք բնորոշ են տվյալ եղանակին։ Այդպիսով, պատանի Գարունն ամբողջությամբ կազմված է բույսերից ու բազմաթիվ բուրավետ ծաղիկներից։ Երիտասարդ փարթամ Ամառը, որը հագել է ծղոտե բլուզ, կազմված է մրգերից ու բանջարեղեններից։ Աշունը, որը պատկերված է ուրախ հասուն մարդու կորպարով, հավաքված է հասուն մրգերից ու արմատապտուղներից։ Ձմեռը՝ զառամյալ մի ծերունի, կազմված է կոճղից և ծածկված է ծղոտից խորհրդանշական թիկնոցով։ Բնության ստույգ պատկերված տարերը նկարիչը միավորել է մարդկային բարդ ձևի մեջ։ Նկարներից յուրաաքանչյուրը շրջանակված է ծաղկային շղթայով։ Ենթադրվում է, որ ծաղկաշղթաները ավելացրել է այլ նկարիչ 17-րդ դարում[5]։ «Տարվա եղանակների» անդադար շրջապտույտը եղել է նաև Հաբսբուրգների տոհմի տիրապետության գերակայությունը կրոնական անհանգստությունների և թուրքական սպառնալիքների նկատմամբ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Les Saisons». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. «Лето». Kunstmuseum Wien. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «Зима». Kunstmuseum Wien. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 «Les Saisons». PANORAMA DE L’ART. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «Giuseppe ARCIMBOLDO». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.